Tuesday, December 2, 2008

Ըստ Տ.Թորոսյանի` Արցախի հարցը չպետք է կապել ներքաղաքական խնդիրների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի հարցը չպետք է կապել ներքաղաքական խնդիրների հետ: Դատապարտելի է հատվածական շահերի գերակայումը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Նման Համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսում` ընդգծելով, որ ԼՂ հարցում դիրքորոշումների միասնականություն պետք է լինի. պետք է մի կողմ դրվեն կուսակցական շահերը եւ ՙԼեռնային Ղարաբաղը պաշտպանել, եթե պետք լինի նաեւ զենքով, գրչով՚: Նրա խոսքերով` ԼՂ խնդրում միայն միջազգային իրավական նորմերի դիտարկումը չէ, որ պետք է կարեւորվի. անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ պատմական, քաղաքական ասպեկտը, ինչու ոչ` նաեւ գերտերությունների շահերի բախումը: Տ.Թորոսյանը ՙմադրիդյան՚ սկզբունքները կարեւորում է այնքանով, որ դրանից հետո նաեւ համանախագահող երկրները սկսեցին խոսել երկու սկզբունքների մասին` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման: Նա նկատեց, որ նախկինում առաջարկվող ոչ մի տարբերակում նման ձեւակերպում չի եղել: Պատգամավորը խնդրի շուրջ վերջին զարգացումները պայմանավորեց ոչ թե ԼՂ կարգավորման ընթացքով, այլ տարածաշրջանային զարգացումներով: Օգոստոսի ռուս-վրացական լարվածությունը նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում: Վրաստանն իր վերջնական ընտրությունը կատարեց դեպի Արեւմուտք, իսկ ավելի կոնկրետ դեպի ԱՄՆ: Ռուսաստանը ցանկացավ ցույց տալ, որ կարեւոր դերակատար է տարածաշրջանում: Մոսկվայում նոյմեբերի 2-ին ստորագրված փաստաթղթի հիմնական նշանակությունը հենց այդ դերակատարության շեշտադրումն էր: Հռչակագիրը կարգավորման տեսանկյունից որեւէ նշանակություն չունեցավ. կարգավորման գործընթացում որեւէ կոնկրետ տեղաշարժ չկա: Հռչակագրում, ըստ նրա, խոսվում է սկզբունքների մասին, որոնք դեռեւս ամբողջացված չեն, եւ համաձայնություն գոյություն չունի: Տ.Թորոսյանը նկատեց, որ ներկայումս փորձագիտական եւ մասնագիտական քննարկումներ չկան: Իսկ հանրային քննարկումներ պետք է լինեն, երբ պատրաստ փաստաթուղթ կլինի: Համագործակցության եւ անվտանգության կովկասյան պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը Թուրքիայի կողմից լուրջ քարոզչական քայլ էր տարածաշրջանում պատերազմական իրավիճակում: Տ.Թորոսյանի դիտարկմամբ` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այսուհետ էլ միմյանց հրմշտելով կփորձեն լուրջ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում, եւ այդ հակակշիռների առկայության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հարցը դժվար թե շուտափույթ լուծում ստանա: Տ.Թորոսյանի նկատեց, որ վերջին ամիսներին արտաքին քաղաքականության ոլորոտւմ Հայաստանի ակտիվությունը զգալիորեն ավելացել է: Հայ-թուրքական հարաբերություններում դեռեւս ձեռքբերում չկա, քանի որ այստեղ ՙկարեւորը որ թե գործընթացն է, այլ արդյունքներն ու նպատակը՚: Թուրքիան, ըստ նրա, իր նախապայմաններից չի հրաժարվել: Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` ԱԺ նախկին նախագահը նշեց, որ երկրում բազմակուսակցական համակարգը մեծ ազդեցություն ունի ներքաղաքական իրավիճակի վրա: Հայաստանում բազմակուսակցական համակարգը զարգացած չէ. արատներն ազդում են եւ ընդդիմության, եւ իշխանության գործողությունների վրա: ՙՍեպտեմբերի 26-ով ինձ համար ոչինչ չի փոխվել. փոխվել է միայն պաշտոնը, իսկ սկզբունքային հարցերի շուրջ ես իմ մոտեցումները պահպանել եմ՚,-ասաց Տ.Թորոսյանը` հրաժարվելով գնահատական տալ խորհրդարանի եւ ԱԺ նախագահի աշխատանքին: Խոսելով ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի մասին` նա նշեց, որ թեեւ կան քայլեր, որոնք դեռ չեն կատարվել, բայց նաեւ երկու ամիս ժամանակ կա եւ ներկայումս գնահատական հնչեցնելը սխալ կլինի: Աշխատանք կա կատարելու, բայց երկու ամիսը լուրջ ժամանակահատված է այդ ամենն իրագործելու համար: Նա անընդունելի համարեց շահարկումների եւ ոգեւորության թեմա դարձնել երկրի հանդեպ հնչած որեւէ քննադատական արտահայտություն:

No comments: