Tuesday, February 24, 2009

Կկատարի արդյո՞ք Հայաստանը Ղարաբաղի ցանկությունը

A1+- 23-2-2009 - «Լեռնային Ղարաբաղը ցանկանում է, որ Հայաստանը ճանաչի իր անկախությունը, ինչպես նաեւ ցանկանում է վերստին դառնալ բանակցային գործընթացի մասնակից»,- այս տպավորությունն է ստացել Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում Նախորդ շաբաթվա վերջին նա եւս ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում երկօրյա այցով Արցախում էր: Արմեն Մարտիրոսյանը, պատասխանելով «Ա1+»-ի հարցերին, շեշտեց. -Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն Հայաստանի հետ միաժամանակ ցանկանում է բանակցային կողմ լինել, ինչպես եղել է նախկինում` մինչեւ 1998թ, մինչեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը: -Եթե ՀՀ այսօրվա իշխանությունները փորձեն զիջումների գնալ, Ղարաբաղի ժողովուրդը կընդունի՞ այդ: -Կարծում եմ, որ ոչ: Եվ դժգոհությունը դրա մեջ էր նաեւ, որ իրենք բանակցային պրոցեսներին չեն մասնակցում եւ ըստ էության` տեղյակ չեն` ինչ է կատարվում: - Ըստ Ձեզ` հնարավո՞ր է հիմա Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: - Չեմ տեսնում այդ: Այդ մենք տեսել ենք մեկ տարի առաջ, երբ որ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարան ներկայացրեց նախագիծ ԼՂ ճանաչման վերաբերյալ եւ չընդունեցին: Այն ժամանակահատվածում առավել նպաստավոր էր ԼՂ ճանաչումը, որովհետեւ դեռեւս չէին ճանաչվել Կոսովոն, Աբխազիան եւ Օսեթիան, բայց կային բոլոր նախադրյալները, որ այդ տարածքները ճանաչվեին որպես անկախ պետություն եւ շատ անհրաժեշտ էր, որ մինչ նրանց գործընթացի փաստ դառնալը ՀՀ կողմից ճանաչվեր ԼՂ անկախությունը: Այսինքն` ԼՂ-ը լիներ առաջինը, նախերգանքը այդ անկախությունների ճանաչման պրոցեսի: - Օրերս լրացավ Կոսովոյի անկախության ճանաչման մեկ տարին: 54 երկիր արդեն ճանաչել է Կոսովի անկախությունը: Եթե Հայաստանը ճանաչի ԼՂ-ի անկախությունը, հնարավո՞ր է մեկ տարի անց նույն պատկերը կրկնվի, ինչպես Կոսովոյի դեպքում: -Հնարավոր է, որ պատկերը այդպիսին չլինի, բայց համապատասխան աշխատանք տանելու դեպքում այն պետությունների մեջ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, շատ մեծ հավանականություն կա լինեն երկրներ, որոնք, սկսեն ճանաչել ԼՂ անկախությունը: Բացի այդ ԼՂ ճանաչումը Հայաստանի կողմից շատ նպաստավոր կլինի իրավական հարաբերությունների առումով: Այսինքն` Հայաստանը եւ Ղարաբաղը որպես պաշտոնական կողմեր անվտանգության, տնտեսական հարցերի վերաբերյալ կարող են բազմաթիվ պայմանագրեր կնքել: -«Ժառանգությունը» նորից շրջանառության մեջ կդնի՞ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը: - Ոչ, միայն այն բանի համար, որպեսզի այդ օրինագիծը եւս մեկ անգամ չտապալվի: Կարծում եմ, որ հիմա նման օրինագիծ շրջանառության մեջ դնելն արդեն տեղին չէ,որովհետեւ ինչքան հասկացանք նաեւ մեկ տարի առաջ, ըստ էության` իշխանական պատգամավորները, չգիտեմ խանդից ելնելով, թե ինչից, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը դա արեց ու երբեմն շեշտում էին այդ փաստը, չընդունեցին այդ նախագիծը: Եւ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հորդորին, թե իմ ստորագրությունը հանեմ այս օրինագծի տակից, դուք բոլորդ դրեք Ձեր ստորագրությունը, այդ կոչն անգամ նրանց մոտ չընդունվեց: Եվս մեկ անգամ մեր կողմից օրինագիծ ներկայացնելը, կարծում եմ, ճիշտ չի լինի, քանի որ նույն «խանդի տեսարանը» կաշխատի, եւ օրինագիծը կտապալվի: Զրուցեց Կարինե Ասատրյանը

No comments: