Wednesday, February 25, 2009

Հանպատրաստից հարցազրույց «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության հիմնադիր-նախագահ Նորայր Մուշեղյանի հետ

Հանգամանքների բերումով հաճախ եմ հանդիպում միության նախագահ եւ ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն Նորայր Մուշեղյանի հետ: Սովորությանս համաձայն, երբ այցելեցի իր աշխատասենյակ, տեսա բարեկամիս խիստ մտազբաղ եւ թղթերի մեջ խորասուզված: Հարցիս, թե ի՞նչն է մտահոգության պատճառը, ընկերս պատասխանեց. «Գիտե՞ս, Տիգրան, տասնամյակներ շարունակ, Զորավարի ծննդյան նախօրեին, որպես սուրբ պարտականություն, երբ գրիչ եմ վերցնումՙ պարտավորվելով մամուլի միջոցով մեր ժողովրդին մեկ անգամ եւս հիշեցնել, թե ինչ մեծ նվիրյալ է ունեցել մեր ազգը հանձին Զորավար Անդրանիկի, ինձ մշտապես ճնշում է կրկնության պարագան: Չնայած Զորավարի դեպքում վստահ կարելի է առաջնորդվել ժողովրդական իմաստուն ասույթով. «Կրկնելով աղոթքը չի մաշվում եւ չի ծերանում», սակայն... Ոգեւորված թեմայովՙ առաջարկեցի տալ հարցազրույց Զորավարի եւ նրա հիշատակի հավերժացման համար ստեղծված միության գործունեության վերաբերյալ: - Ձեր արմատները, պարոն Մուշեղյան: - Հայրական տոհմս Մուշից է, մայրական կողմսՙ Սեբաստիայից: Հայրսՙ Թագվորը, Զորավար Անդրանիկի փրկած հազարավոր որբուկներից մեկն է եղել: Տեսել, ջուր է լցրել Զորավարի ձեռքերին, որպես սուրբ հիշատակ պահել եւ մեծ դժվարություններով 1923-ին իր հետ Երեւան է բերել հերոսից ընծա ստացած փոքրիկ սուրը, որը միայն իր մահից մի քանի տարի առաջ հանձնեց ինձ, որը եւ պահում եմ որպես սուրբ մասունք: - Ի՞նչ էիք ակնկալում «Զորավար Անդրանիկ» կազմակերպությունը հիմնադրելիս: - Ակնկալիք չկար: Սկզբում հարկադրյալ պահանջ էր, ապա մի միջոց, որ պետականորեն հաստատված կազմակերպությունը հանդես գար պետական տարբեր ատյանների առջեւ, անգամ տարբեր պետություններում (Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա), նաեւ Հայաստանում, Զորավարի հիշատակը հանիրավի արգելանքներից հանելու համար: - Ե՞րբ սկսեցիք ակտիվ եւ նպատակային գործունեություն ծավալել: - 1986-ին անձնական նախաձեռնությամբ Երեւանից Վառնա (Բուլղարիա) եմ տանում քանդակազարդ հուշաքար, պետության ղեկավարների հետ բանակցություններից հետո օրինականացվում է հուշաքարի տեղադրումը հերոսի ապրած տան շքամուտքին: 1987-ինՙ Բալկանյան պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների շրջանակումՙ ռադիոյով եւ հեռուստաեթերով մեկ շաբաթ շարունակ գովեստի եւ երախտիքի հաղորդումներ են տրվում երկրով մեկ Զորավար Անդրանիկի եւ նրա ղեկավարած հայկական վաշտի քաջագործությունների մասին: Այս բոլորը կյանքի բուլղար մարզընկերներիս միջամտությամբ, որին բարյացակամորեն արձագանքեց մարզասեր, Բուլղարիայի կոմկուսի առաջին քարտուղար Թեոդոր Ժիվկովը: 1988-ին մեր հորդորանքով Վառնա քաղաքում կայանում է ըմբշամարտի միջազգային մրցաշարՙ նվիրված Բալկանյան պատերազմի հերոս, բուլղարական թագավորական ամենաբարձրՙ «Քաջության քաջի ոսկե խաչ» շքանշանի ասպետ, գեներալ Անդրանիկի հիշատակին, որին մասնակցում էր մերՙ Հայաստանի լուսավորության նախարարության ըմբշամարտի մարզադպրոցի հավաքական թիմերի 50 հոգանոց պատվիրակությունը, որի գործուղումն իրականացավ Հայաստանի լուսավորության նախարար Սիմեոն Հախումյանի շնորհիվ: Մեր առաջարկով Վառնայի քաղաքային խորհուրդը Զորավարի ապրած տան հարակից փողոցը անվանակոչեց գեներալ Անդրանիկի անունով: Քաղաքի վարչական ղեկավարությունն այդ տարիներին միշտ հարցնում էրՙ իսկ ի՞նչ կազմակերպություն է ներկայացնում գեներալ Անդրանիկին Հայաստանում: Ստիպված ասացիՙ «Գեներալ Անդրանիկ» հայկական միությունը: - Կա՞ր այդպիսի կազմակերպություն: - Ինձ գոնե հայտնի չի եղել եւ այժմ էլ հայտնի չէ: - Իսկ ի՞նչ զարգացում ունեցավ «Զորավար Անդրանիկ» անունը կրող միջոցառումների շարքը Բուլղարիայում: - Վառնայում կայացավ խոշոր համագումար, փոխքաղաքապետ Յանկո Կորենչեւը ընտրվեց մարզի «Զորավար Անդրանիկ» կազմակերպության նախագահ, իսկ հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ դոկտոր Խրիստո Վասիլեւն ընտրվեց գլխավոր քարտուղար: - Այսինքն, Հայաստանում դեռեւս գոյություն չունեցող «Զորավար Անդրանիկ» միությանն առընթեր Վառնայում ստեղծվեց կազմակերպությո՞ւն: - Այո՛: Եվ այդ կազմակերպության առաջին գործը եղավ այն, որ քաղաքային խորհուրդը Զորավարի տան հարակից ծովահայաց հողամասից 5 հեկտար տարածք հատկացրեց տեղի կազմակերպությանըՙ Զորավարի անունով միջազգային կենտրոն կառուցելու համայն աշխարհի հայ եւ բուլղար երեխաների համար: Գաղափարն իմն էր: Բանկերում բացվեցին հաշիվներ բուլղարական լեւի, խորհրդային ռուբլու եւ ԱՄՆ դոլարի արժույթներով կատարվեցին նվիրատվություններ: - Հրաշալի, իսկ հետո՞: - Հետո ես ստիպված էի Երեւանում իմ «ոդիսականի»-պարտիզանության (բնութագրումը Սիլվա Կապուտիկյանինն է) մասին խորհրդակցել մտերիմ ընկերների հետ, որոնք ներկայացնում էին տարբեր բնագավառներ: Ի վերջո, կայացվեց որոշում, որ հիմնադրվի «Զորավար Անդրանիկ» միությունը: - Ովքե՞ր էին այդ նվիրյալները, որոնք սատար կանգնեցին Ձեր նախաձեռնած գաղափարին: - Նախ ասեմ, որ գաղափարն օրհնեց Ամենայն հայոց հայրապետ Վազգեն Առաջինը: Իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին հանրապետությունում հայտնի մտավորականներ Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Գեւորգ եւ Բագրատ Ղարիբջանյանները, Գեւորգ Դեւրիկյանը, Պարիս Հերունին, Համբարձում Կարապետյանը, Ղարիբ Հայրապետյանը, Սամվել Մաթեւոսյանը, Էդվարդ Մելիքսեթյանը, գուսան Համազասպը, Սերգեյ Զաքարյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Գրիշա Ավետիսյանը, որոնք տարիներ շարունակ ամեն ինչ արեցին Հայաստանում եւ Արցախ աշխարհում Զորավարին նվիրված միջոցառումներին պատկառելի իմաստ հաղորդելու համար: - Ձեր նշած անձանց մեծ մասին ճանաչել եմ անձամբ, ոմանք հրաժեշտ են տվել երկրային կյանքին: - Ցավոք, նշածս շատ երախտավորներ այլեւս մեզ հետ չեն: Եթե նրանք չլինեին, դժվար թե այսօր Զորավարի աճյունը տեղափոխված լիներ մայր հայրենիք: - Իսկ ովքե՞ր կան եւ համալրեցին միության ղեկավար կազմը: - Միության նախագահության կազմում նվիրյալներն իրար կոչում են անդրանիկյաններ: Նրանք միշտ նախանձախնդիր նվիրվածությամբ ծառայում են Զորավարի գաղափարների տարածմանը: Ո՞վ չի ճանաչում բանաստեղծ Արամայիս Սահակյանին, դերասաններ Ժենյա Ավետիսյանին եւ Ազատ Գասպարյանին, ասմունքի վարպետ Սվետլանա Խանումյանին, քանդակագործ Տարիել Հակոբյանին, ժամանակին միության կանոնադրությունը շարադրած Պուշկին Սերոբյանին, գրող-հրապարակախոսներ Ռոբերտ Կարայանին, Հրաչյա Մաթեւոսյանին եւ Սասուն Գրիգորյանին: Հանրապետությունում քչերը գիտեն, բայց միության խորհրդի անդամները քաջատեղյակ են, թե ինչ ջանադրությամբ են գործում Կամո Խաչատրյանը, Համազասպ Փոստանջյանը, Վահան Կոմիտասյանը, Վարդգես Վարդանյանը, Գառնիկ Դարբինյանը, Սմբատ Խաչատրյանը, Սպարտակ Հարությունյանը, Ռոբերտ Սրապյանը, որոնք մեծ նվիրումով միշտ մասնակից են եղել Զորավարին նվիրված բոլոր ձեռնարկներին: Եվ հերոսի ծննդյան օրվա նախօրյակին շնորհակալությունս եմ հայտնում իմ հարգելի ընկերներին: - Պարոն Մուշեղյան, Դուք, որքան հայտնի է, որոշակի մասնակցություն եք բերել եւ Զորավարի անունով մեծապես նպաստել եք Արցախյան գոյամարտին: - Ինչպե՞ս կարող է Զորավարի անունը կրող մի կազմակերպություն պասսիվ մնալ ազգին պարտադրված գոյամարտի տարիներին: Մինչ այդ, ամիսներ շարունակ, աղետալի երկրաշարժի հետեւանքները մեղմելուն է ծառայել միության գործունեությունը: Հետագայում կազմակերպել եւ քաջալերել ենք Արցախյան պատերազմին դիմակայելու մեկնող բազմաթիվ ջոկատների: Միությունը նյութական եւ ռազմական պարագաներով մշտապես օժանդակել է Գետաշեն մեկնած Սիմոն Աչիկգյոզյանի եւ Թաթուլ Կրպեյանի խմբին, մեծապես օգնել ենք «Տիգրան Մեծ», «Նժդեհ», «Ղռերի Արամ Մանուկյան», «Արամո», «Զորավար Անդրանիկ», Վանաձոր, Մասիս, Ջերմուկ քաղաքների, Էրեբունիի, Սարի թաղի ջոկատներին: Ցավոք, ունեցանք թանկագին զոհեր, որոնց հիշատակի առջեւ խոնարհվում ենք: - Ի՞նչ կասեք հերոսի աճյունի հայրենադարձության հետ կապված միության գործերի մասին: - Որպես պետականորենՙ կառավարության հաստատած կազմակերպություն դեռեւս 1988-ի ամռանը հանդես եկանք Հայաստանի կոմկուսի կենտկոմի եւ կառավարության առջեւ, որպեսզի կայացվի համապատասխան որոշում Զորավարի աճյունը Փարիզից մայր հայրենիք տեղափոխելու համար եւ 1990-ին պատշաճ ձեւով նշելու Զորավարի ծննդյան 125-ամյա հոբելյանը: Դժվարությամբ հաղթահարեցինք բյուրոկրատական արգելքները, ի վերջո, ՀԿԿ կենտկոմի բյուրոն կայացրեց համապատասխան որոշում, որում առանց փոփոխության ընդգրկվեց միության ներկայացրած ծրագիրն ամբողջությամբ, դրան հետեւեց ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի համապատասխան որոշումը: - Որքան հիշում եմ, 90-ական թվականներին պատվիրակություն գնաց Փարիզ հերոսի աճյունը Հայաստան տեղափոխելու: Ի՞նչ կասեք այդ մասին: - 1990 թվականի հոկտեմբերի 13-ին կառավարական պատվիրակությունը, նախագահությամբ Արա Սահակյանի, անդամակցությամբ Աշոտ Նավասարդյանի, Սարգիս Մուրադյանի եւ Նորայր Մուշեղյանի, ուղեւորվեց Փարիզ աճյունի տեղափոխությունը իրականացնելու համար: Տեղ հասնելուն պես մեզ հայտնի դարձավ, որ Զորավարի «ինչ-որ» ազգականներ, որոնք որեւէ կապ չունեին հերոսի հետ, դիմել էին Ֆրանսիայի արդարադատության վերին պալատին, որ համաձայն չեն աճյունի տեղափոխման մեր ծրագրին: Խումբը ձեռնունայն վերադարձավ Երեւան: Միայն ես մնացի Փարիզում դատավարությանը մասնակցելու համար: Շնորհիվ տեղացի հայ փաստաբաններ Սերժ Բալյանի, Պատրիկ Քլջյանի եւ իմ ներկայացրած փաստաթղթերի շահեցինք դատավարությունը: - Զարմանալի պատմություն: - Հատորներ կարելի է գրել անդրանիկյան «ոդիսականի» մասին: Նախ, Սարգիս Սարգսյան-Նագգաշյան դուետը խանգարեց աճյունի տեղափոխությանը: Եվ եթե չլինեին միության ղեկավար անդամների հետեւողական ջանքերը, ապա այժմ էլ զորավարի աճյունը մայր հայրենիք տեղափոխված չէր լինի: Հարկ է նշել, որ եթե չլիներ հանրապետության այժմյան նախագահ Սերժ Սարգսյանի գործնական միջամտությունը, Զորավարի աճյունը դեռեւս մնացած կլիներ Փարիզում, Երեւանի կենտրոնում կառուցված չէր լինի հերոսի մոնումենտալ հուշարձանը եւ Երեւան չէին բերվի Զորավարի մարտական սուրը, շքանշանները եւ պարգեւները: - Պարոն Մուշեղյան, ինձ թվում էր, թե բավական բան գիտեի «Զորավար Անդրանիկ» միության մասին: Սակայն այն, ինչ լսեցի մեր զրույցի ընթացքում, գերազանցեց իմ սպասելիքները: - Այս բոլորը երեւի չէր կատարվի, եթե թիկունքում չունենայի հիմնադրածս եւ ղեկավարածս ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցի ողջ կոլեկտիվի եւ նրա սաների ակտիվ մասնակցությունը Զորավարի հիշատակին նվիրված բոլոր միջոցառումների ժամանակ: Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացել եմ ստեղծել մի մարզադպրոց, որը տվել է ոչ միայն ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ, օլիմպիական խաղերի վարկանիշային մարզիկներ, այլեւ տասնյակներով ազատամարտիկներ, որոնք քաջաբար կռվեցին հանուն մայր հողի եւ ազգի արժանապատվության: Նրանցից շատերն արժանացան կառավարական պարգեւների: Եվ հպարտ եմ, որ լավ հայ մարդ է դաստիարակվում մարզադպրոցի եւ «Զորավար Անդրանիկ» միության համատեղ գործունեության շնորհիվ: - Այո՛, այդ փաստին մեր «Ուխտ Արարատի» կազմակերպությունն ամենօրյա վկան է:
Նկար 1. Փառքի երեք շքանշանի ասպետ Վարազդատ Աբրահամյանը, ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանը, Նորայր Մուշեղյանը միության հիմնադրման արարողության ժամանակ, գլխավերեւում զորավարի սուրն է:
«ԱԶԳ» 25-2-2009

No comments: