Sunday, February 8, 2009

Ավանդական տոները մերօրյա այլանդակության զոհ

Արդ պիտի «Ճրագ լուցանել» քանզի «Քրիստոս փառաց թագաւոր» Շուտով վրա է հասնելու Տյառնընդառաջը, Տերնդաս կամ ժողովրդական լեզվով ասած Տրնդեզը, տոն՝ որ խորհրդանշում է Քրիստոսի ծննդյան 40-րդ ու նաեւ տաճար ընծայելու օրը: «Տյառնընդառաջի տոնը կատարվում է փետրվարի 14-ին, որպես անշարժ տոն: Փետրվարի 13-ի երեկոյան, ժամերգությունից հետո, տեղի է ունենում նախատոնակ, անդաստան, բաժանվում են մոմեր եւ հանդիսադիր եկեղեցականը վառում է ատյանի մեջ սեղանի վրա դրված մոմերը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը եւ տանում են տուն: Եկեղեցական արարողությունից հետո հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Հրավառության մասին քրիստոնեական եւ եկեղեցական որեւիցէ օրենք գոյություն չունի: Ընդհակառակը՝ տոնացույցի մեջ կրակի վառելը եւ շուրջը պտտվելը համարվում է խոտելի՝ դատապարտելի, որպես հեթանոսական շրջանից մնացած սովորություն»: 1 Մեր պապերը ազգային սովորության համաձայն խարույկ էին վառում փողոցներում եւ վրայից ցատկում: Ըստ ավանդության հրավառությունը սկսվում էր եկեղեցիների բակերից, որտեղից էլ մարդիկ մի փոքր կրակ առած տուն էին տանում իրենց փողոցում, բակում եւ նույնիսկ որոշ տեղեր կտուրներում կրակ վառելու եւ վրայից ցատկելու համար: Սակայն, դժբախտաբար, վերջին տարիներում, նոր սերունդը հին սովորությանը խառնել էր ուժգին ձայնով պայթող ճայթիկներ եւ այդ արարքով խանգարել մարդկանց հանգիստը եւ մանավանդ եկեղեցուն հատուկ խաղաղությունը, այդ իսկ պատճառով, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի կարգադրությամբ եկեղեցիների շրջափակում արգելվեց հրավառությունը: Թեեւ խարույկ վառելը հեթանոսական սովորություն է եւ ոչնչով չի առնչվում քրիստոնեության հետ, բայցեւ այդ սովորությունը ժողովրդի հիշողությունից ու նաեւ օրացույցից ջնջելը հնարավոր չէ: Իհարկե Սրբազան հայրն էլ ժամանակին խոսելով այդ առիթով ասել էր, որ ինքը դեմ չէ հրավառությանը, այլ խնդիրը եկեղեցու անդորրը պահպանելու մեջ է: Այստեղ հարց է առաջանում, որ արդյո՞ք կարելի է ազգային, ավանդական տոները զոհել որոշ այլանդակությունների հաշվին: Թե՞ պետք է գտնել հնարավոր ելքեր, ազգին օտարացումից փրկելու համար, նման պարագաները քիչ չեն այլոց մոտ՝ ասենք օրինակ ի՞նչ կապ կա Քրիստոսի Ս. ծնունդի եւ դեկտեմբերի 25-ին տոնվող «Քրիսմես»-ի միջեւ, կամ ի՞նչ կապ ունեն «Վալնթայն»-ը, «Հալուվեյ»-ը եւ ամերկյան ու եվրոպական նման տոները քրիստոնեության հետ: Պարզապես ոչինչ: Սայկան, մարդիկ գտել են ելքը, այնպես ինչպես արել են մեր պապերը դեռ դարեր առաջ՝ միախառնելով մեր ավանդական տոները քրիստոնեականին եւ այդպիսով ժողովրդին էլ ավելի ամուր կապել եկեղեցուն: Նույնիսկ հոգեւոր տաղեր ու շարականներ են կապել այդ առիթով եւ բարձրաձայնել՝ Արդ պիտի «ճրագ լուցանել», քանզի «Քրիստոս փառաց թագաւոր» եւ ինքն Քրիստոս լույս է եւ լուսավորում է հեթանոսներին…: Ահա թե որն է ճիշտ մոտեցումը: 1- «Հայ եկեղեցու տօները», Տ. Արտակ արք. Մանուկյան, 1991թ. Թեհրան, 4-րդ հրտ., «Նաիրի» տպարան, էջ 24-25: «ԱՐԱՔՍ» Շաբաթաթերթ. Համար 187

No comments: