Tuesday, February 24, 2009

Իրավապաշտպանները եւ հայկական կազմակերպությունները քննադատում են թուրքական վավերագրական ֆիլմը

«Ազատություն» 23-2-2009- Թուրքիայի հայկական կազմակերպությունները եւ իրավապաշտպանները շաբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ` քննադատելով Թուրքիայի կրթության նախարարության կողմից դպրոցական ցուցադրության համար առաջարկված վավերագրական ֆիլմը` «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերի» վերաբերյալ` ասելով, որ ֆիլմը ռասիստական եւ թշնամանք է հրահրում: «Շիկահեր հարսնացուն` Հայկական հարցի իրական դեմքը» վերնագրված ֆիլմը առաջ է մղում Թուրքիայի պաշտոնական տեսակետը, թե 1915 -17 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն տեղի չի ունեցել: «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ` տարածված հայտարարության մեջ, որը ստորագրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան եւ մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպություններ եւ հայկական հիմնադրամներ, նշվում է. - «Սա քարոզչական ֆիլմ է... Այն ոչ միայն կանխակալ է եւ թշնամական, այլեւ սադրիչ եւ ակնհայտորեն ռասիստական: Սա օբյեկտիվ ֆիլմ չէ: Այն ստեղծվել է մարդկանց հոգին թունավորելու, թուրքերին եւ հայերին թշնամացնելու նպատակով»: Անցած շաբաթ Թուրքիայի կրթության նախարարությունը տեղեկացրել էր, որ ֆիլմի օրինակներն ուղարկվել են դպրոցներ` ուսուցիչների կողմից որպես լրացուցիչ նյութ դիտելու համար: Ֆիլմը, ըստ նախարարության, աշակերտների համար նախատեսված չէ:

No comments: