Tuesday, February 24, 2009

Ռուս-ադրբեջանական սահմանի սահմանազատումն իսկական ողբերգություն է Ադրբեջանի լեզգիների եւ ավարների համար

/PanARMENIAN.Net/ 21.02.2009 - Ռուս-հայկական սահմանի սահմանազատումն իսկական ողբերգություն է Ադրբեջանի բաժանված ժողովրդների` լեզգիների եւ ավարների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուրադ Աբրահամյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի դաղստանցի ժողովուրդների հիմնական խնդիրը ոչ թե հասարակական կյանքի տարբեր ոլորտներում մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումն է, այլ հենց սահմանի խնդիրը, որն արդեն մի քանի տարի է ինչ գնալով բարդանում է: «Բացի այդ, հաճախակի են դարձել այս կամ այն ազգային փոքրամասնության ներկայացուցիչների սպանության դեպքերը ադրբեջանական բանակում: Դա փաստորեն նշանակում է, որ Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը հյուսիսային շրջանների «տարալուծման» քաղաքականությանը զուգահեռ, որտեղ բնակվում են ավարներ ու լեզգիներ, ակտիվորեն բանակ է զինակոչում ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամենավտանգավոր հատվածներում: Արդյունքում` տասնյակ զոհված ավարներ, լեզգիներ եւ թալիշներ վերջին երկու տարում»-ասել է Աբրահամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ լեզգիների դեմ ուղղված ադրբեջանական ուժային կառույցների պատժիչ գործողությունները Ադրբեջանի Քուսարիի ու Խաչմազի շրջաններում 2008թ. օգոստոսից հոկտեմբեր ընկած հատվածում, իրականացվել են Հարավային Օսեթիայի բնակչությանը ռուսական պետության կողմից ցուցադրվող աջակցության ֆոնի վրա: «Միեւնույն ժամանակ, օգնության ձեռք մեկնելով Հարավային Օսեթիայում բնակվող իր քաղաքացիներին, Մոսկվան հանդարտ հետեւում էր, թե ինչպես են ադրբեջանցի ուժայինները հյուսիսային շրջաններում ապօրինի ճանապարհով հաշվեհարդար տեսնում լեզգիների երիտասարդ ակտիվիստների հետ, որոնք, ինչպես օսերը, լոյալ են Մոսկվայի հանդեպ եւ մեծամասամբ ՌԴ քաղաքացիություն ունեն: Ադրբեջանի լեզգիներն ու ավարները,. ինչպես եւ օսերն ու աբխազները ԽՍՀՄ փլուզումից ի վեր պայքարել են Ռուսաստանի հետ վերամիավորվելու համար եւ այդ առումով երկակի չափանիշների կիրառումը չափազանց վտանգավոր է Հյուսիսային Կովկասում Կրեմլի այսօրվա քաղաքականության համար: Դա միանշանակորեն խարխլում է ռուսական պետականության հեղինակությունը եւ ամրապնդում է անջատողական տրամադրությունները Հարավային ու Կենտրոնական Դաղստանի տարածքում:

No comments: