Thursday, March 5, 2009

Լոնդոնում բացվել է հայկական տառատեսակներին նվիրված ցուցահանդես

/PanARMENIAN.Net/ 04.03.2009 - Ս. թ. մարտի 3-ին, աշխարհահռչակ Թագավորական աշխարհագրական ընկերության` Լոնդոնի Հայդ Փարկի հարեւանությամբ գտնվող սրահում բացվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կազմակերպած` «Հայաստան` մշակույթի երկիր» Հայաստանի լուսանկարների եւ հայկական տառատեսակներին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՄԹ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, արվեստի աշխարհի, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել եւ ցուցահանդեսը ներկայացրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը: Ցուցահանդեսի կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել նաեւ Pro Art ընկերությունը, ՀԲԸՄ Լոնդոնի թրաստը եւ ՀՀ ազգային գրապալատը: Ցուցահանդեսի շրջանակներում, որը կտեւի մինչեւ մարտի 6-ը, տեղի կունենա նաեւ հայ միջնադարյան ձեռագրերին եւ հայկական տառատեսակներին նվիրված դասախոսություն, որին հանդես են գալու ՄԹ Լինկոլնի համալսարանի դասախոս դոկտոր Կարոլին Պուզովիոն եւ Բրիտանական գրադարանի Քրիստոնեական եւ եբրայական մերձավոր արեւելքի բաժանմունքի վարիչ դոկտոր (հայր) Վրեժ Ներսեսյանը: Ցուցահանդեսի մասին նախապես ծանուցվել էր տպագիր եւ էլեկտրոնային մամուլում, իսկ ցուցահանդեսի ժամանակ այցելուներին տրամադրվում էր հատուկ այդ կապակցությամբ հրատարակված հայ մշակույթի տարբեր ճյուղերի մասին պատմող գրքույկ:

No comments: