Sunday, May 31, 2009

ԳՈԴՈՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Կրկին պատմության քառուղիներով Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝ Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար... ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ «Առավոտ» 30-5-2009- Ինչպես եւ սպասվում էր, ապրիլի 24-ը դարձավ շրջադարձային կետ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մեջ՝ որպես տրամաբանական հանգրվան նախընթաց ութամսյա իրադարձությունների: Այդ օրը, իսկ ավելի ճշգրիտ՝ նախորդ օրը, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ ի չիք դարձավ հայ-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերություններում հայանպաստ սրբագրումներ անելու այն բարեպատեհ հնարավորությունը, որը հայաստանյան իշխանություններն ակամա ստացել էին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից հետո՝ որպես հետեւանք հայ ընտրողներին թեկնածու Օբամայի տված խոստման: Հայտարարությունը դարձավ այդ գործընթացի միջանկյալ եզրագիծ, որից հետո գործընթացի եւ դրա առաջին փուլի արդյունքների ամփոփումն անհրաժեշտություն է: Խնդիրը 1993թ., նպատակ ունենալով օգտագործել Հայաստանում առկա չափազանց բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Ղարաբաղյան պատերազմում իրավիճակի կտրուկ փոփոխությանը՝ պատերազմական գործողությունների տեղափոխմանը ԼՂՀ հարակից շրջաններ, Թուրքիան արձագանքեց՝ միանալով ադրբեջանական շրջափակմանը, Հայաստանի հետ սահմանը հայտարարեց փակ եւ հետագայում բազմիցս կրկնեց, որ այն կարող է բացվել, եթե Հայաստանը. - հրաժարվի Ցեղասպանության ճանաչման գործընթացից, - ազդի Սփյուռքի վրա՝ դադարեցնելու համար Հայ դատի լոբբինգային գործունեությունը, - ճանաչի Թուրքիայի սահմանները, - զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանին հանձնվեն ԼՂՀ հարակից տարածքները: Անցած մեկ եւ կես տասնամյակում պաշտոնական Հայաստանն անգամ փորձ չարեց պարզելու, թե ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ավելի ուշ՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիրը իրավունք ունի՞ նման պահանջներ ներկայացնելով՝ իր սահմանները փակ պահել հարեւան, այդ կազմակերպությունների անդամ երկրի առաջ: Մինչդեռ նման խնդիրների արդյունավետ լուծումն անհնարին է առանց դրանց համակողմանի ուսումնասիրման, փորձագետների կողմից համապարփակ դիրքորոշման եւ գործողությունների ծրագրի մշակման ու դրա իրագործմանն ուղղված ակտիվ քաղաքականության իրականացման: Դրա բացակայության պայմաններում ընտրվեց չարիքի փոքրագույնը. Թուրքիայի ագրեսիվ քայլին Հայաստանը հակադրեց թեեւ անխոցելի, բայց պասիվ դիրքորոշում՝ «Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների», որը տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պահպանվեց մեկ եւ կես տասնամյակ: Այդ ընթացքում գաղտնի հանդիպումների մի քանի փորձ արվեց «հարաբերությունները կարգավորելու» նպատակով, սակայն դրանք երբեք բանակցությունների չհանգեցրին: Իհարկե, յուրաքանչյուր երկիր եւ այդ երկրի յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի ցանկանում է հարեւան երկրների հետ ունենալ բնականոն եւ փոխշահավետ հարաբերություններ: Սակայն, միաժամանակ, յուրաքանչյուր գրագետ մարդ հասկանում է, որ դրա անհրաժեշտ պայման է հարեւանների կողմից հայտնի «խաղի կանոնների» հարգումը, որոնք պետությունների համար սահմանված են միջազգային իրավունքի շրջանակներում՝ համաձայնագրերի, միջազգային կազմակերպությունների կանոնադրությունների եւ այլ փաստաթղթերի տեսքով: Այդ կանոնները խախտողների հետ բանակցություններ չեն վարվում, այնպես, ինչպես բանակցություններ չեն վարվում պատանդներ վերցրած ահաբեկիչների հետ՝ նրանց ցանկությունները կատարելու նպատակով: Նրանցից պահանջվում է նախ կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ չեղյալ համարել շրջափակումը, ապա միայն դրանից հետո՝ քննարկել հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Նոր իրավիճակ եւ նոր գործընթաց 2008թ. ամռան սկզբին նախագահ Ս. Սարգսյանը որոշեց փոխել մարտավարությունը՝ անցնելով նախաձեռնողական գործունեության՝ Թուրքիայի նախագահին հրավիրելով Երեւան: Դրան հաջորդած մի քանի իրադարձություններ՝ Հարավային Կովկասում միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ձեւավորում, Միացյալ Նահանգներում նոր նախագահի ընտրություն եւ այլն, խթան դարձան հայ-թուրքական հարաբերությունների ակտիվ գործընթացի ձեւավորման համար: Դեռեւս անցած աշնանը ակնհայտ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են մեկ քայլանի կոմբինացիա. բացակայում են նախապատրաստական աշխատանքն ու այն ապահովող մասնագիտական միջավայրը, հետեւաբար եւ հայեցակարգը, Հայաստանը գործընթացը սկսել է առանց սրբագրելու «առանց նախապայմանների կարգավորման» սկզբունքը՝ որպես դրա մեկնարկային անհրաժեշտ քայլ ձեւակերպելով Հայաստանի շրջափակման վերացումը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ «թուրքական կողմի համար գործընթացը եղել եւ մնում է նպատակ, այլ ոչ թե միջոց», ինչպես նշվում է վերջին վերլուծություններից մեկում: Մինչդեռ միջանկյալ արդյունքները վկայում են, որ ճիշտ հակառակն է՝ ութ ամսվա տեւողություն ունեցող այս գործընթացը Թուրքիայի համար արդյունավետ միջոց է եղել իր հետեւյալ նպատակներին հասնելու համար. 1. ցեղասպանության ճանաչման գործընթացի սառեցում, 2. Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի առաջին ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառի օտագործման արգելափակում, 3. Հայաստանի իշխանությունների ու Սփյուռքի միջեւ աննախադեպ լարվածություն Ցեղասպանության հարցում, 4. ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամություն, 5. աննախադեպ կարեւոր դերակատարություն տարածաշրջանում, 6. Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ հարաբերությունների էական բարելավում: Ընդ որում, այս ամենին Թուրքիան հասել է առանց որեւէ քայլ ընկրկելու՝ սոսկ հերթապահ հայտարարություններ անելով հարաբերությունների նորմալացման մասին եւ դրանք զուգակցելով բարձրաստիճան պաշտոնյաների փոխլրացնող դիրքորոշումներով՝ հարաբերությունների կարգավորման նախապայմանների վերաբերյալ: Ինչ վերաբերում է այդ գործընթացի դեմ ադրբեջանական կամ թուրքական «ընդվզումներին», ապա Թուրքիան բազմիցս է ապացուցել, որ քաղաքական ներկայացումներ կազմակերպելու անուրանալի հմտություններ ունի: Միակ բանը, որը որպես ձեռքբերում մատնանշում են Հայաստանի իշխանությունները, միջազգային լրահոսի ծավալն է՝ որպես արձագանք Գյուլի այցին եւ եռակողմ հայտարարությանը: Հետեւաբար առաջին միջանկյալ փուլի արդյունքներով հենց Հայաստանի իշխանությունների համար է գործընթացը եղել նպատակ, այլ ոչ թե միջոց: Դա են վկայում թե «պինգ-պոնգյան դիվանագիտության», թե դը Գոլի եւ Ադենաուերի հետ պարզունակ, մակերեսային համեմատությունները, թե հայ-թուրքական գործընթացում հայկական կողմի համար դրական գործնական արդյունքների բացարձակ բացակայությունը: Խնդիրը միայն այն չէ, որ բացարձակապես այլ որակի են քննարկվող խնդիրները, կողմերի նպատակները, մտածելակերպն ու գործելակերպը: Առանցքային տարբերությունն այն է, որ այդ «դեպքերի» պարագայում բարձրաստիճան հանդիպումները մանրակրկիտ նախապատրաստվել են, դրանց նախորդել են վերջնական արդյունքն ապահոված խորհրդապահական աշխատանքային քննարկումներ փորձագետների մակարդակով եւ մինչ համաձայնությունների հրապարակումը՝ որեւէ կողմ չի փորձել մյուսի հաշվին խնդիրներ լուծել: Հարկ է անդրադառնալ գործընթացի եւս երկու արդյունքի: Արտգործնախարարների համատեղ հայտարարությունը ստորագրելով՝ Հայաստանի իշխանությունները Օբամային հնարավորություն ընձեռեցին չկատարելու իր հայ ընտրողներին տված խոստումը: Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սա աննախադեպ երեւույթ է եւ պատահական չէր սփյուռքահայության խոր հիասթափության եւ դժգոհության ալիքը: Այդ հայտարարությունը բացահայտեց եւս մեկ աննախադեպ երեւույթ. առաջին անգամ Հայաստանի Հանրապետության միջպետական հարաբերություններում հայտարարվում է ավարտուն փաստաթղթի գոյության մասին, որի բովանդակությունը չի հրապարակվում: Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին է: «Ճանապարհային քարտեզը» Ըստ արտգործնախարարների ապրիլի 23-ի համատեղ հայտարարության, Հայաստանը եւ Թուրքիան «համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է «ճանապարհային քարտեզ»: Ակնհայտ է, որ խոսքը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ամբողջական եւ ավարտուն փաստաթղթի մասին է, որը սահմանում է այդ հարաբերությունների կարգավորման նպատակով երկու կողմերի գործողությունների ծրագիր: Եթե ընթացիկ քննարկումների եւ բանակցությունների խորհրդապահական բնույթը միանգամայն հասկանալի եւ ընդունելի է, ապա ավարտուն փաստաթղթերի չհրապարակումը ոչ միայն անընդունելի է, այլեւ հակասում է նման խնդիրներին առնչվող արարողակարգերին ու ավանդույթներին: Բացատրությունները, թե շուտով այն հասանելի կլինի հանրությանը, դրա հիման վրա մշակվող համաձայնագիրը ստորագրումից հետո անպայման կներկայացվի Ազգային ժողովին եւ այլն, պարզապես խուսանավելու անհաջող փորձեր են: Ավելի անհաջող են արտգործնախարարի բացատրությունները, թե «քարտեզը» ոչ մի դրույթ կամ սկզբունք չի պարունակում, այլ՝ միայն ժամկետներ եւ քայլեր: Որեւէ մեկը լիազորություն չունի միջպետական փաստաթղթի կառուցվածքի հիման վրա որոշելու՝ ինչը պետք է հրապարակել, ինչը՝ ոչ: Ավելին, երբ հասարակությունում, Ազգային ժողովում փորձագետների կողմից հնչում են փաստաթուղթը հրապարակելու ապարդյուն պահանջներ, արտաքին գործերի նախարարի համառությունը դառնում է խիստ կասկածելի: «Ճանապարհային քարտեզը» չհրապարակելը կարող է ունենալ երկու պատճառ. - այն պարունակում է գործողությունների այնպիսի ցանկ, որը դժգոհության մեծ ալիք կարող է առաջացնել, - կամ այն պարզապես գոյություն չունի՝ չի հաջողվել որեւէ համաձայնեցված փաստաթուղթ ձեւավորել միչեւ ապրիլի 23–ի առավոտյան, եւ թուրք-ամերիկյան հարաբերություններում բարդություններ չառաջացնելու, նախագահ Օբամայի դեմքը փրկելու նպատակով հայտարարություն է արվել այն հույսով, որ հետագայում նման ինչ-որ բան հնարավոր կլինի կազմել: Այս վարկածներից որեւէ մեկը չի կարող պատվաբեր լինել Հայաստանի իշխանությունների համար, սակայն դա հիմք չէ «քարտեզը» հասարակությունից թաքցնելու համար: Ավելին, այդ հանգամանքը հմտորեն օգտագործում է թուրքական կողմը, որը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների փոխլրացնող հայտարարություններին ավելացնելով «քարտեզի» վերաբերյալ տեղեկատվական «արտահոսքերը» (թուրքական «Սաբահ» թերթ եւ այլն), ոչ միայն ձեւավորում է իր համար բարենպաստ կարծիք, այլեւ էլ ավելի է խորացնում Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահությունը թե երկրի ներսում, թե Սփյուռքում: Մինչդեռ Հայաստանի իշխանությունների զինանոցը խիստ աղքատիկ է. «քարտեզը» թաքցնում են ու սոսկ «երդվում», որ դրանում նախապայմաններ չկան: Շարունակելի ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ, Քաղաքական գիտությունների դոկտոր

No comments: