Saturday, June 20, 2009

Կայքերը կխթանեն զբոսաշրջության զարգացումը Հայաստանում

«ՀԵՏՔ» 16-2009- ԱՄՆ և Եվրոպայի զբոսաշրջիկների մեծամասնությունն իրենց հանգստանալու ուղեգրերը գնում է ինտերնետի միջոցով: Տուրիստների 70 տոկոսն ընտրում է իր հանգստյան վայրը որոնման համակարգերի միջոցով, ինչպիսին է Google-ը, Yahoo-ն և այլն: 2008թ-ից սկսած տուրիստական ուղեգրերի վաճառքը ինտերնետով գերազանցել են տուրիստական գործակալությունների դիմումներին: Այս տվյալներն այսօր ներկայացվեցին DigiTec Business 2009 ֆորումի ընթացքում: Տուրիստական կայքերի ստեղծումը Հայաստանում սկսվում են 1000 ամերիկյան դոլարից: Դրանք հիմնականում արդեն պատրաստ նախագծի վրա նոր բովանդակությամբ հանդես եկող կայքերն են: Անհատական ստեղծվող տուրիստական կայքերը սկսվում են 2000 ամերիկյան դոլարից: Հայաստանի տուրիզմի զարգացման գործում ինտերնետի դերի և մարկետինգի նշանակության մասին խոսեց «Ինսայթ» ինտերնետ մարկետինգային ընկերության տնօրեն Հայկ Ղազարյանը: «2000 դոլարով մարկետինգային խնդիրը պարզ ձևով լուծող պարզ կայք կարելի է ստանալ, իսկ երբ որ ուզում եք զարգանալ, ավելի լուրջ գումար ու մոտեցում է հարկավոր,-«Հետքի» հետ զրույցում ասաց Հայկ Ղազրյանը: Այսօրվա ակտուալ խնդիրն էլ, ըստ մասնագետի, այն է, որ կազմակերպությունները հիմնականում սպասում են ավելի ցածր գների, քանի որ 2-3 տարի առաջ կայքի ծրագրավորումն իրականացվում էր 200-300 դոլարով, «իսկ այժմ ընկերությունները զարմանում են, որ այն 5, 6 և ավելի հարյուր դոլարներ է կազմում»: Հայաստանում այս ոլորտում կան մի քանի կազմակերպություններ, որոնք մրցունակ են: Ըստ մասնագետի` հիմա ժամանակն է, որ դրանց ուշադրություն դարձնեն: «Դրանք մի քիչ հնացած են, և այս պահին բոլոր ընկերությունների կայքերի դիզայնի նորացում է կատարվում: Կազմակերպությունները, որոնք ակտիվ զբաղվում են իրենց ինտերնետ մարկետինգով, ուշադրություն են դարձնում իրենց դիզայնին և փորձում են փոխել դրանք»,-ասում է Հայկ Ղազարյանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում տուրիստական կայքերի խնդիրն այն է, որ կազմակերպությունները միշտ չէ, որ հասկանում են, թե իրենք ինչով են առանձնանում: «Եթե կոնկրետ տուրիստը ուզում է գտնել ինչ-որ մասնագիտացված ճանապարհորդություն` տուր, բնականաբար, ինտերնետում որոնում է այդ բառակապակցությամբ: Պետք չէ ուղղորդվել մի բանի վրա, օրինակ` «ճանապարհորդություն Հայաստան» բառով ոչ ոք ինտերնետում չի փնտրում գործակալություններ: Ամեն կազմակերպություն պետք է հասկանա, թե ինքն ինչ կարող է ներկայացնել, և դիմել համապատասխան ինտերնետ մարկետինգ իրականացնող կազմակերպության, որն ունի փորձ և կարող է դա անել»,-կարծում է Հայկ Ղազարյանը: Փորձագետը նկատում է այն միտումը, որ շատ կազմակերպություններ ուզում են շտկել ինչ-որ բան. փոխում են իրենց կայքերը, քանի որ տուրիստներն արդեն ուզում են կապ հաստատել նրանց հետ: «Շատ կազմակերպություններ այսօր ավելի շատ կայքի վրա են ուշադրություն դարձնում, «փրոմոուշն»-ի ու որոնման համակարգում մարկետինգի իրականացման վրա մի քիչ ավելի քիչ, սոցիալական ու մեդիա մարկետինգի վրա` մեկ կամ երկու ընկերություններ»,-նշում է Հայկ Ղազարյանը: Օրական 213 մլն որոնումների մեջ առանձնանալու համար, «E-works» վեբ դիզայն ստուդիայի տնօրեն Լյուդվիգ Մախյանի ներկայացմամբ, հարկավոր է ճիշտ դիզայն ընտրել, պարբերաբար թարմացնել կայքերը, որպեսզի 185 մլն կայքերի մեջ որոնման համակարգերում հենց տվյալ կայքը հայտնվի առաջին հորիզոնականներում: «Հայաստանում կայքերը պարբերաբար չեն թարմացվում, եթե նայենք, նրանց մոտ 50 տոկոսը անցած տարվանից չեն թարմացվել: Օրինակ` կարող է վերջին թարմացումը եղել է անցյալ տարվա դեկտեմբերին, ու երևի շնորհավորել են գալիք Նոր տարին»,-կատակեց Լյուդվիգ Մախյանը: Քրիստինե Աղալարյան

No comments: