Thursday, December 3, 2009

Օ˜ ԱՐԵՎՄՈՒՏՔ, ԴԱՌՆ ՈՒ ԱՆՈՒՇ

«Լրագիր» 3-12-2009- Թուրքիայի բնակիչների հետ իմ կարճատև շփումները հստակ երևան բերեցին մի հետաքրքիր ճշմարտություն. թուրքերը եղեռնի իրողության նկատմամբ կոմպլեքս ունեն, քանի որ դա խանգարում է իրենց լինել եվրոպացի: Թե մասնավոր զրույցները, թե տպագիր նյութերը վկայում են մի բան` Թուրքիան ջախջախեց եվրոպական Իզմիրը, որովհետև այն անվերջ հիշեցնում էր նրանց այդ մշտնջենական կոմպլեքսի մասին: Արևմուտքի քաղցր իդեալը տանջում է մեր անմիջական հարևան Թուրքիային, Վրաստանին և մասամբ Ադրբեջանին: Մեզ այդ կոմպլեքսը չի տանջում: Ո՞վ չգիտի, որ հայերս եվրոպացուց եվրոպացի ենք և քաղաքակիրթից քաղաքակիրթ: Արևմուտք-Արևելք հակասությունը մենք չենք էլ փորձում լուծել, քանզի բոլորիս հայտնի է, որ Արևմուտք գնացող յուրաքանչյուր ոք կորցնում է մայրենի կրոնն ու լեզուն ու փոխարենը ձեռք է բերում հոմոսեքսուալիզմ, որը մեզնից շատերի համար արևմտյան մշակույթի համապարփակ սիմվոլն է: Մեր մեծահարուստները կարող են ապահովել իրենց զավակների արևմտյան կրթությունը լավագույն բուհական կենտրոններում, բայց դա չեն անում: Ի դեպ, հարևան Թուրքիայում միջին կարողության յուրաքանչյուր երրորդ ընտանիք իր երեխային անպայման ուղարկում է Եվրոպա` մի թուրքախոս և թուրքակրոն եվրոպացի պրոֆեսիոնալ ունենալու ակնկալիքով: Մեր քաղաքական և բիզնես էլիտան հիմնականում այդ հնարավորությունից չի օգտվում: Եվրոպայում հանգստանալու, փող ծախսելու նույնիսկ “գործ դնելու” հնարավորությունից օգտվում է, սակայն կրթական մոդելը չի օգտագործում, որովհետև այդ կրթական մոդելը Հայաստանում պիտանի չէ: Մեր քաղաքական և բիզնես էլիտան դրա փոխարեն Հայաստան-Արևմուտք մշակութային վիհը հաղթահարում է իր իմացած ձևով, մեր իմացած ձևով` սողանցքներով: Միջոցները թույլ են տալիս մեր քաղաքական և բիզնես էլիտայից շատերին ծննդաբերել (ոչ անձամբ) եվրոպական և ամերիկյան լավագույն ծննդատներում: Դրանից հետո երեխան ավտոմատիկ, առանց ջանք թափելու անձնագրով համարվում է եվրոպացի, ամերիկացի և այլն, և այլն: Լուծումը պարզագույն է և չափազանց հայկական: Դժվար է կայացնել քո անկատար հայրենիքը, առավել դժվար է մշակել քո իսկ անկատար կերպարը: Որքան հեշտ է ուղղակի օգտվել ուրիշի հայրենիքի մաքուր և շահեկան բոնուսներից, առանց որդեգրելու այդ երկրի արժեքային համակարգը: Իսկ այդ “եվրոպացի” և “ամերիկացի” երեխաները հետագայում կարող են պարծենալ, որ “ծնունդով են եվրոպացի”: Սակայն ակամայից հիշում եմ մի հին հրեական անեկդոտ. մի հրեայի պնդմանը, որ ինքը ռուս է, որովհետև ծնվել է Ռուսաստանում, մյուս հրեան պատասխանում է. Слушай, Абрам, если воробей родился в конюшне, значит он лошадь? Իսկ Եվրոպայում կրթություն ստացած բազում թուրք երիտասարդներ վերադառնալու են Թուրքիա: Ու հետաքրքիր կլինի իմանալ, թե ով ում խաբեց: ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

No comments: