Thursday, December 3, 2009

Բաքուն մտահոգվել է Մոսկվայի ու Վաշինգտոնի համաձայնությամբ

Aysor.amղ 3-12-2009- Ադրբեջանում կարծում են, որ Աֆղանստանում 30 հազար լրացուցիչ ամերիկյան զինվորներ տեղակայելու համար Ռուսաստանի օդային տարածքով Միջին Ասիա, այնտեղից էլ ցամաքով նրանց Աֆղանստան փոխադրելու մասին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնությունը հիմք չէ, որ Ադրբեջանի տարածքը ԱՄՆ-ն չօգտագործի իր կարիքների համար: Քանի որ Աֆղանստան ուղարկվելիք ուժերի մի մասը պետք է հանվի Իրաքից, ենթադրվում է, որ Իրաքից դուրս բերվող տեխնիկան և ռազմական ուժերը կտեղափոխվեն Թուրքիա, այնտեղից էլ, Ադրբեջանի և Միջին Ասիայի օդային տարածքով, Աֆղանստան: Այս մասին գրում է «Ենի մուսավաթը»: Ինչպես հայտնի է, վերջերս ԱՄՆ-ը փորձել է Աֆղանստան ուղարկել վաղ տեղեկացման AWAKS համակարգի ինքնաթիռներ, սակայն Ադրբեջանն ու Թուրքմենստանը հրաժարվել են տրամադրել իրենց օդային տարածքները, և Վաշինգտոնի այդ ծրագիրը ձախողվել է: Պաշտոնական Բաքուն այդ կապակցությամբ հայտնել է, որ AWAKS-ների հետ կապված բանակցություններն ավարտված չեն, որ այդ հարցը կախված չէ միայն Ադրբեջանից, և որ Աֆղանստան ուղարկվելիք ամերիկյան զինվորների մի մասին հնարավոր է փոխադրել Ադրբեջանի օդային տարածքով: Ըստ «Ենի մուսավաթի», պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական հարաբերությունները ներկայումս լավ չեն. Ադրբեջանի իշխանություններն ԱՄՆ հասցեին հաճախակի կոշտ արտահայտություններ են թույլ տալիս: Բացի այդ, Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ի նոր ռազմավարության մեջ Ադրբեջանի դերակատարություն ունենալ-չունենալու մասին ոչինչ հայտնի չէ: «Այնուամենայնիվ, հնարավոր է, որ պաշտոնական Բաքուն խոչընդոտի ամերիկյան ուժերը Ադրբեջանի օդային տարածքով փոխադրելուն», - հայտնում է «Ենի մուսավաթը», հիշեցնելով, որ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված քննադատություններին պատասխանել էր Աֆղանստանում ադրբեջանական զինուժի անվտանգությունը երաշխավորելու պահանջով:

No comments: