Thursday, December 3, 2009

Էրդողանին չորս հարց են տալու Վաշինգտոնում

Panorama.am.3-12-2009- Թուրքական լրատվամիջոցների հետաքրքրությունների ծիրում շարունակում է մնալ Թուրքիայի վարչապետի վաշինգտոնյան առաջիկա այցը: Հրապարակվել և հրապարակվում են տեղեկություններ Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի մոտավոր շրջանակի մասին: Թուրք առաջատար վերլուծաբան Քադրի Գյուրսելն էլ անդրադարձել է չայն որս հիմնական հարցերին, որոնք ուղղվելու են Էրդողանին` հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթում հրապարակած իր հոդվածում Գյուրսելը պատմում է, որ երկու շաբաթ առաջ Կանադայի Հալիֆաքս քաղաքում կազմակերպված «Միջազգային անվտանգության ֆորումի» ժամանակ «GMF»-ի (German Marshall Fund) Թուրքիայի հարցերով փորձագետ Իան Լեսսերի հետ զրուցել է Օբամա-Էրդողան հանդիպման մասին: Քադրի Գյուրսելը հակիրճ ներկայացրել է Լեսսերի հիմնական դիտարկումները: Եվ այսպես, սպասվում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետին կարվեն այսօրինակ հարցադրումներ: 1. Իրանի միջուկային ծրագրերի հարցում ի°նչ եք անելու Իրանի հետ կապված գործընթացն արագորեն փոխվում է: Հնարավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում ընդունի պատժամիջոցներ կիրառել Թեհրանի նկատմամբ: Ահա այդտեղ հավանականություն կա, որ ամերիկյան ու թուրքական արտաքին քաղաքականություններում անհամաձայնություն կդրսևորվի: Եթե գործը հասնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ապա ԱԽ անդամ Թուրքիան դժվար ընտրության առաջ կկանգնի: ԱՄՆ-ին անհրաժեշտ է պարզել` Իրանի նկատմամբ առաջարկվող պատժամիջոցներին Թուրքիան «այո°» կասի, թե° «ոչ»: 2. Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները ե°րբ եք վավերացնելու Օբամայի վարչակազմը շահագրգռված է այդ արձանագրությունների խորհրդարանական վավերացմամբ: ԱՄՆ-ում մեծ ոգևորությամբ ողջունեցին հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ մի շարք պատճառներով դրանք համահունչ են նաև ամերիկյան շահին: Սպիտակ տունը ցանկանում է հստակեցնել արձանագրությունների ճակատագիրը: Էրդողանին բացահայտ կասվի. «Տեսեք, արձանագրությունների ստորագրումը հոյակապ գործ էր, այժմ էլ հարկավոր է դրանք կենսագործել»: 3. Իսրայելի հետ հարաբերությունները մինչև ո°ւր են հետընթաց ապրելու Թուրք-իսրայելական հարաբերությունների հետընթացը մեծ հաշվով կանխատեսելի էր և արդյունք էր առավել զորեղ ներգործությունների… Թուրքիայի հասարակական կարծիքի փոփոխություն, Սիրիայի հետ ռազմավարական հարաբերությունների փոփոխություն և այլն: Այժմ 90-ականների դրությունը չէ: Այդ պատճառով էլ Իսրայելի հանդեպ Թուրքիայի դիրքորոշման փոփոխումն ամենևին անակնալ չեղավ Միացյալ Նահանգների համար: Վաշինգտոնն ընդամենը կցանկանա պարզել, թե որքան ժամանակ է տևելու հարաբերությունների այդ լարվածությունը: 4. Հակահրթիռային պաշտպանության համակարգը ձեր երկրի տարածքում տեղակայելու գաղափարին ինչպե°ս եք վերաբերվում Չեխիայում և Լեհաստանում տեղակայելու անհաջող փորձից հետո կրկին կարող է օրակարգ գալ նոր բալիստիկ հրթիռների պաշտպանական համակարգի տեղակայման հարցը: Մեծ հաշվով խոսքը Միջերկրական ծովի վրա տեղակայված ռազմաբազայի մասին է, սակայն առաջիկայում հնարավոր է, որ այդ պաշտպանական համակարգի որոշ մասը ափամերձ գոտում դիրքավորելու հարց առաջանա: Օբամային հարկավոր է ծանոթանալ այդ հարցում Անկարայի դիրքորոշման հետ:

No comments: