Thursday, December 3, 2009

Բաց նամակ` Կաթողիկոսին

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտեն բաց նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Կեմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն, նամակում, մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով մեր հյուսիսային հարևան Վրաստանի՝ Ջավախքի նկատմամբ իրականացվող եկեղեցական հարձակողական քաղաքականությունը, հայ պատմաճարտարապետական արժեքների նկատմամբ նման վերաբերմունքը, ՀԱԵ հանդեպ նման դրսևորումները, և, վերջապես՝ Ձեր, որպես հայության կրոնական առաջնորդի խոշոր դերակատարությունը մերօրյա իրականության վրա՝ դիմում ենք կրկին Ձեզ: Նախ և առաջ ուզում ենք հայտնել մեր ուրախությունը՝ Ջավախքում վերջին շրջանում Ձեր կողմից մի քանի երիտասարդ քահանաներ գործուղելու կապակցությամբ։ Այս ամենից հետո կուզենայինք հիշեցնել Ձեզ մի քանի տվյալներ. Ջավախքի 7 շրջաններում 2002թ. պաշտոնական տվյալներով ապրում են 124.198 հայեր (ընդհանուր բնակչության 54%-ը, 230.198 ընդհանուր բնակչության թվակազմի 42,6%-ը (97.995 մարդ) կազմում են վրացիները)։ Բնականաբար՝ Արցախից իր բնակչության թվաքանակով գերազանցող Ջավախքին մի քանի (թեկուզև՝ հայրենանվեր) քահանաների գոյությունը չի կարող մեծապես նպաստել հոգևոր – մշակութային շրջափակման մեջ պահվող տարածաշրջանի զարգացմանը»։ Նամակում հեղինակները նաև նկատել են, որ Ջավախքում հոգևորականների պակասը բերում է նաև մի շարք պատմաճարտարապետական արժեքների՝ եկեղեցիների, վանքերի, հոգևոր համալիրների լքմանն ու ոչնչացմանը, իսկ դրանցից լավագույնները արագորեն բռնազավթվում են վրացի հոգևորականների կողմից։ Հեղինակները կարծիք են հայտնում, որ վերոհիշյալ խնդիրները որոշ չափով կմեղմվեն միմիայն այն ժամանակ, երբ Ջավախքը ոչ թե գտնվի վիրահայոց թեմում, այլ ունենա իր առանձին հոգևոր թեմը։ «Կուզենայինք հատուկ ավելացնել նաև մի կարևոր հանգամանք. Ջավախքում առանձին թեմի ստեղծումը վերջ կտա Ձեր հասցեին մինչ այժմ շրջանառվող ոչ պակաս մտահոգիչ լուրերին, այն է՝ իբր դուք Ջավախքին ուշադրություն չեք դարձնում ելնելով անձնական նկատառումներից (խոսքը վերաբերում է Ձեր եղբոր՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսիյանի և ռուսաստանաբնակ ջավախահայերի միջև եղած հակասություններին)։ Մենք գտնում ենք, որ այս ամենը հերյուրանքներ են, և ընդհանրապես կապ չունեն իրականության հետ»,-ասվում է նամակում: Վերջում նամակում նշվում է, որ Կաթողիկոսը կարճ ժամանակում չանդրադառնա այս վիճակին, ապա հաջորդ քայլը լինելու է բանակցությունների սկսումը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ։

No comments: