Thursday, December 3, 2009

Ադրբեջանը խեղաթյուրում է ընթացող բանակցությունների էությունը. Նալբանդյան

Tert.am. 3-12-2009- Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում ելույթ ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Խոսելով ԵԱՀԿ տարածքում սպառազինման ծավալների վերահսկման կարևորության մասին՝ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, բերել է Ադրբեջանի օրինակը, որտեղ շարունակաբար աճում են սպառազինման ծավալները՝ գերազանցելով թույլատրելի սահմանները, որոնք ամրագրված են Ընդունված սպառազինման մասին եվրոպական համաձայնագրում։ Այս ամենը, նշել է Էդվարդ Նալբանդյանը, համակցվում է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների հետ, որոնք կասկած են հարուցում այդ երկրի իրական նպատակների վերաբերյալ։ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը խախտում է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկը, այն է՝ ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի անընդունելիության մասին սկզբունքը։ Անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնության մասին։ «Անցյալ տարի ես տեղեկացրել եմ հարգարժան Խորհրդին այդ նախաձեռնության մասին։ Այսօր ես ուրախ եմ փաստել, որ մենք մեծ քայլ առաջ կատարեցինք՝ հոկտեմբերի 10–ին ստորագրելով Արձանագրությունները։ Հաջորդ կարևոր քայլը կլինի այն, որ կողմերը կվավերացնեն Արձանագրությունները։ Մենք հույս ունենք, որ այդ կարևոր քայլը կկատարվի, և Հայաստանն ու Թուրքիան սկսեն ի կատար ածել ձեռքբերված համաձայնագրերը։ Այս գործընթացում անիմաստ հետաձգումներն ու նախապայմանները, այդ թվում նաև փորձերը փոխկապակցել այդ գործընթացը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, կարող են երկու գործընթացներին էլ վնաս հասցնել»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը։ Բացի այդ, ՀՀ ԱԳՆ ղեկավարը, իր երախտագիտությունը հայտնելով միջազգային հանրությանը, այդ թվում՝ Շվեյցարիային, ԱՄՆ-ին, Ռուսաստանի Դանությանը, Ֆրանսիային և ԵՄ այլ անդամներին՝ հայ-թուրքական գործընթացին օժանդակելու համար, այնուամենայնիվ, նշել է, որ «մեր շարքերում կա մեկ անդամ՝ Ադրբեջանը, որը դեմ է ԵԱՀԿ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման այդ գաղափարին և առաջնորդվում է ոչ այն արժեքներով, որոնց վրա հիմնված է ԵԱՀԿ-ն»։ «Համաձայն հենց այդ նույն արժեքների՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս տարվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները վեց անգամ հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակներում, ինչը շարունակում է մնալ բանակցությունների համար ամուր հարթակ։ Չնայած և բանակցող կողմերը որոշակի առաջընթաց են արձանագրել Մադրիդյան փաստաթղթի քննարկումներում, այնուամենայնիվ, դեռևս բարձրացնելու շատ հարցեր կան»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը։ Իր խոսքում ՀՀ արտգործնախարարը նաև ասել է, որ «Հայաստանը հետամուտ է հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը՝ հիմնվելով միջազգային օրենքի չափանիշների ու սկզբունքների վրա, հատկապես՝ ռազմական ուժի չկիրառման, սպառանլիքների բացակայության, ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, որոնք արտացոլվել էին երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահող երկրների, Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակներությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում»։ «Մենք հավատացած ենք, որ որպեսզի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստեղծվի առաջընթացի բարենպաստ հնարավորություն, կողմերը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը, այդ թվում՝ հակամարտության էությունն ու ընթացող բանակցությունները խեղաթյուրելու փորձերից, որոնք այստեղ հնչել են Ադրբեջանի նախարարի խոսքում»,- եզրափակել է ՀՀ արտգործնախարարը։

No comments: