Thursday, December 3, 2009

Անկարա-Վաշինգտոն. Փոխադարձ ակնկալիքներ

Panorama.am. 3-12-2009- Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի վերլուծաբան Ուղուր Էրգանն ուշադրություն է հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` աֆղանական հարցում կյանքի կոչելիք նոր ռազմավարության հրապարակումից ժամեր անց Անկարայում ԱՄՆ դեսպանը հանդես է գալիս Թուրքիայից ռազմական աջակցություն ստանալու մասին հայտարարությամբ: Ինչպես արդեն հայտնի է, Սպիտակ տունը ծրագրել է Աֆղանստան ուղարկել ևս 30.000-անոց զորամիավորում և 2011թ. սկսել զինուժի դուրսբերումն այդ երկրից: Էրգանը տեղեկացնում է, որ Օբամա-Էրդողան կայանալիք հանդիպումից ընդամենը 5 օր առաջ Անկարայում ԱՄՆ դեսպանի անակնկալ հայտարարությունն ուղղակի իրարանցում է առաջացրել Թուրքիայի արտգործնախարարության ետնաբեմում: «Երկու առաջնորդների հանդիպման բազմաբովանդակ օրակարգից մի թեմայի վերաբերյալ դեսպանի` նախապես արած պահանջկոտ հայտարարությունը պատշաճ դիվանագիտական մոտեցում չէ»: «Փոխարենը Ղարաբաղն ու Կիպրոսը» ենթավերնագրված պարբերությունում թուրք հեղինակը նշում է, որ Անկարան լրջապես կդժվարանա Վաշինգտոնի այդ պահանջանման ցանկությունը բավարարելիս: Պատճառն այն է, որ հոկտեմբերի 20-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (MGK) վերջին նիստի ժամանակ Աֆղանստան թուրքական զինվորներ չուղարկելու մասին որոշում է ընդունվել: Էրգանը միևնույն ժամանակ նկատում է, որ Անկարան էլ Վաշինգտոնից ստույգ սպասելիքներ ունի: Հղում անելով դիվանագիտական աղբյուրներին` «Hurriyet»-ի թղթակիցը պարզաբանում է, որ այդ ակնկալիքները երկուսն են` 1. Հայերի կողմից Ղարաբաղի «զավթմանը» վերջ դնելու համար Վաշինգտոնը ճնշում գործադրի Երևանի վրա: 2. Կիպրոսում հունական կողմից պարտադրել բանակացությունների մեջ մտնել և չհեռանալ բանակցությունների սեղանից` մինչև չստորագրվի համաձայնագիրը: Հիշեցնենք, որ նախօրեին իր նստավայրում մամուլի ասուլիս տված Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին լրագրողներին հակիրճ ներկայացնելով աֆղանական հարցում Օբամայի նոր ռազմավարությունը, նշել է, որ դրա իրականացման ճանապարհին պահանջվում է նաև Թուրքիայի զորակցությունը` ընդհուպ Աֆղանստան թուրքական զորախումբ ուղարկելը:

No comments: