Thursday, December 31, 2009

Թուրքիայի կոշտ մոտեցումը միայն կերկարացնի խնդիրների լուծումը. Փամուկ

Tert.am.30-12-2009- Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը, երեկ հյուրընկալվելով ամերիկյան CBS հեռուստաալիքի Charlie Rose Show ծրագրին, խոսել է Թուրքիայի կառավարության քաղաքականության մասին։ Մասնավորապես, Փամուկը կարծում է, որ Էրդողանի վարչակազմը որդեգրել է կոշտ մոտեցում քրդական հարցում, ինչը կարող է ավելի ձգձգել խնդիրների լուծումը։ Այդ մասին հաղորդում է թուրքական «Անադոլուն»։ Ինչպես նշել է թուրք գրողը, Թուրքիայում այժմ կան երկու հիմնական հակամարտություն՝ քրդական ժողովուրդը, որը պայքարում է իր կրոնական, քաղաքական և մշակութային իրավունքների համար, և կենտրոնական կառավարության կոշտ մոտեցումը, որը վախ է նեշնչում։ Օրհան Փամուկը հավելել է, որ եթե կառավարությունը չորդեգրի ավելի մեղմ և լիբերալ մոտեցում, խնդիրները կշարունակվեն։ Անդրադառնալով Թուրքիայի՝ Եվրամիության անդամագրման գործընթացին՝ նա նշել է, որ Թուրքիայի իշխող էլիտան ոգևորված չէ ԵՄ անդամակցության բանակցություններով՝ մտավախությամբ, որ արդյունքում կարող են կորցնել իրենց արտոնությունները։

Հայերի եւ հույների միջեւ ծեծկռտուք` Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ հույն հոգեւորականների միջեւ, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սրբոց Թարգմանչաց վանքի տեսուչ հայր Ղեւոնդ աբեղա Հովհաննիսյանի վկայությամբ, հույն հոգեւորականները փորձել են հայերին դուրս բերել վանքի հայկական հատվածից՝ այդ ընթացքում դիմելով ոստիկանների օգնությանը։ «Երբ որ մեզ դուրս հանեցին, աղմուկ լսեցինք։ Գլխավոր մուտքից մեր աշակերտները դուռը մի կերպ կարողացել են բացել եւ ներխուժել են եկեղեցի եւ առաջ են եկել։ Այդտեղ բախում են ունենում հույների եւ ոստիկանների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց հայր Ղեւոնդը։ Հայ հոգեւորականի խոսքով, հայերի շրջանում կան վիրավորներ, հույների մասին տվյալներ առայժմ հայտնի չեն։ Հայ առաքելական, Հույն ուղղափառ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիները տնօրինում են Սուրբ Ծննդյան վանքի տարբեր հատվածներ, ինչի հետեւանքով պարբերաբար վեճեր են ծագում երեք եկեղեցիների դավանորդների միջեւ:

Հայոց պատմության թերևս ամենամեծ սխալներից մեկը

Լևոն Մարաշլյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գլենդել Քոլեջ, Կալիֆորնիա Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը բնական և անհրաժեշտ նպատակ է, սակայն դեպի այդ լավ նպատակը տանող ուղին, որ նախագահ Սերժ Սարգսյանը բռնեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, կխարխլի Հայաստանի ազգային շահերը, նույնիսկ Հայաստանի անկախ գոյատևելու կարողությունը, և կխոչընդոտի ջանքերին, որոնք կարող էին Թուրքիային ավելի մոտեցնել իր պատասխանատվությունը ճանաչելուն: Այդ ուղիով նաև ոտնահարվում է Սփյուռքի` հայկական հարցի ժառանգությանը վերաբերող դիրքորոշումների ձևավորմանը մասնակցելու անքակտելի իրավունքը: Արձանագրությունների ուշադիր ընթերցումից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի վրա ճնշում է գործադրվում չափից շատ բաներ զոհաբերելու համար`ստիպելով սարսափելի բարձր գին վճարել բաց սահմանի դիմաց: Եվ սա այն ժամանակ է, երբ Թուրքիան, Ամերիկան, Եվրոպան և Ռուսաստանը սահմանի բացման կարիքը զգում են այնքան, որքան Հայաստանը, եթե ոչ ավելի շատ: Արձանագրությունների կողմնակիցները փչացած ձայնապնակի պես կրկնում են, թե նախապայմաններ չկան: «Ոչ, և կրկին ոչ»,- բացականչեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին Ազգային Ժողովում: Սակայն Նալբանդյանի արտասանած բառերը բացահայտորեն հակասում են արձանագրություններում տպագրված բառերին: Եթե բացառենք Նալբանդյանի և մյուս կողմնակիցների ստելու տարբերակը, ուրեմն նրանց անհավատալի հերքումը հասկանալու համար միակ ուղին կլինի սույն աղճատված տրամաբանության կիրառումը- մեկի կողմից մյուսի նախապայմանները ընդունելու պահից կարող ենք ձևացնել, թե նախապայմաններ այլևս չկան, և որ այժմ դրանք երկկողմ ընդունված համաձայնագրի պայմաններ են: Սա պարզունակ մի խաղ է, սակայն վերջնական արդյունքը նույնն է- մի կողմն իրականում ընդունել է մյուսի նախապայմանները: Արձանագրությունները պարունակում են թուրքական` նվազագույնը երկու մեծ, երկարաժամկետ նախապայման. պատմական հարցերի հանձնախմբի ստեղծումը և 1921 թվականի Կարսի պայմանագրի սահմանի վերահաստատումը: Փաստաթղթերի լեզվի մեղմացված ձևակերպումը անկարող է թաքցնել պարզ իրականությունը: Նախապայմաններ չլինելու մասին պնդումները վիրավորում են այս խնդրով մտահոգ յուրաքանչյուրի ինտելեկտը: Նախապայման. պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով Ի պատասխան այն մեղադրանքների, թե «մենք հարցականի տակ ենք դնում Հայոց Ցեղասպանության փաստը, և որ մենք խոչընդոտում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը», Նալբանդյանը հայտարարեց, «ոչ, և կրկին ոչ»: Նալբանդյանը չի հասկանում, որ արձանագրություններով մեկնարկելիք գործընթացը, անգամ պատմական հարցերի հանձնաժողովի գոյությունը միայն, որը պիտի իրականացնի «պատմական տվյալների և արխիվների անկողմնակալ և գիտական հետազոտությունը», ինչպես նաև արձանագրությունների ընդհանուր տոնը, աշխարհի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե Հայաստանի կառավարության համար ընդունելի է պաշտոնական մի ուսումնասիրություն կազմակերպելը և դրան մասնակցելը, որի ընթացքում մյուս կողմը հարցականի տակ է դնելու Հայոց Ցեղասպանության իրողությունը: Այս ստեղծված տպավորությունը կշահարկվի: Արդյունքներից մեկը կլինի այն, որ անկախ գիտնականների և Սփյուռքի կազմակերպությունների գործն ավելի կդժվարանա, երբ նրանք շարունակեն ջանքերը Ցեղասպանության թեմայով տարվող կրթության և նրա`միջազգային ճանաչման ուղղությամբ: Պատճառը`Թուրքիայի կառավարությունը և այլ 3-րդ կողմեր, օրինակ, ԱՄՆ որոշ կոնգրեսականներ, ոմանք խաբուսիկ փաստարկներով զինված, ոմանք էլ թյուրիմացության մեջ ընկնելով, թե առաջընթաց է տեղի ունենում, առիթ կունենան ասելու, թե Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի կարիք այժմ չկա, քանի որ Հայաստանը և Թուրքիան իրենք են աշխատում խնդրի լուծման ուղղությամբ: Դիվանագիտության և հասարակական կարծիքի ոլորտում հաճախ տպավորությունը իրականությունից ավելի կարևոր է: Երևանի կողմից ենթահանձնաժողովում նշանակված պատմաբանները և մյուս փորձագետները կցանկանան քննարկել Ցեղասպանության հետևանքները և կփորձեն հակահարված տալ «թուրքական կողմի»` Ցեղասպանության իրողությունը հերքելու ջանքերին: Եվ եթե ենթահանձնաժողովը նման վիճաբանության ծուղակն ընկնի, «հայկական կողմը», հավանաբար, հաղթի քննարկումների սենյակում: Այնուամենայնիվ, գործընթացը սենյակից դուրս կարող է հաղթանակ դառնալ Թուրքիայի համար այնքան ժամանակ, որքան որ գործընթացը շարունակվի, քանի որ Թուրքիայի հիմնական նպատակը, երևի թե, ոչ թե համաձայնության գալն է հանձնաժողովում, թե դա Ցեղասպանություն չէր, այլ պարզապես ջուրն ավելի պղտորելն է` 2015-ի շեմին խոչընդոտելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հետագա քայլերին: Թուրքիան կարող է փորձել «հաղթել» ենթահանձնաժողովի ակադեմիական բանավեճում, բայց առանց հաղթանակի ակնկալիքի: Ի վերջո, Թուրքիան կարող է հասարակական կարծիքի ոլորտում փոքր ետընթաց ունենալ, եթե իր ոչ անկեղծ լինելը բացահայտվի: Սակայն Թուրքիան կշահի խոչընդոտելու հարցում, ինչը, հավանաբար, տարիներ կտևի, և դեպի հաջողություն տանող ուժգնացող շարժումը, որն առաջացել է տասնամյակների նվիրումի, զոհաբերության, գիտական լուրջ աշխատությունների և հանրային քարոզչության արդյունքում, կխամրի: Օսմանյան կայսերական կառավարությունը սովամահ անելով և սրի քաշելով սպանեց հայ ժողովրդին: Թուրքիայի հանրապետական կառավարությունը ցանկանում է դանդաղեցնելով և «ուսումնասիրելով»` Ցեղասպանության պատմությունը սպանել: Արձանագրությունների գործընթացը շահարկելով` Ցեղասպանության ճանաչումը հետաձգելը ոչ թե կարող է պատահել, այլ արդեն տեղի է ունեցել: Այս տարի բոլոր նախադրյալներն առկա էին, որպեսզի նախագահ Բարաք Օբաման ճանաչեր Հայոց Ցեղասպանությունը: Հարվածը եղավ ապրիլի 6-ին Թուրքիայում: «Ուզում եմ լինել հնարավորինս քաջալերող այս բանակցություններում, որոնք առաջ են ընթանում և կարող են շատ արագ պտուղ տալ: Հետևաբար, այն, ինչ ուզում եմ անել այս պահին, ոչ թե իմ, այլ թուրք և հայ ժողովուրդների տեսակետների վրա կենտրոնանալն է: Եթե նրանք կարող են առաջ ընթանալ և գործ ունենալ դժվար ու ողբերգական պատմության հետ, ուրեմն, իմ կարծիքով, ողջ աշխարհը պիտի քաջալերի իրենց»: Այժմ մենք հասկանում ենք, որ արձանագրություններն էին, որ նախագահ Օբամային հնարավորություն տվեցին ետ կանգնել ընտրարշավին տված իր խոստումից: Դանակը վերքի մեջ էլ ավելի խորը մտցնելով, ԱՄՆ Պետքարտուղարությունը Երևանի վրա ճնշում գործադրեց համաձայնելու ընդունել արձանագրություններին նախորդող «ճանապարհային քարտեզի» մասին արված հայտարարությունը` ապրիլի 24-ից ընդամենը 2 օր առաջ: Հայերի շրջանում լայնամասշտաբ վրդովմունքը պատասխան եղավ Վաշինգտոնի կատարած այս դաժան նվաստացմանը և Երևանի խայտառակ կապիտուլյացիային: Նախապայման. Կարսի «Սահմանի» Հաստատումը «Անձամբ ես գնում եմ խնդիրներ լուծելու»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին Հայաստանի քաղաքական կուսակցություններին ուղղված իր ելույթի ոչ համոզիչ բացման խոսքում: Հետո հարցրեց. «Եթե որևէ խնդրի լուծման համար մենք որևէ դուռ ենք փակել` խնդրում եմ մատնացույց անել»: Դռները, որոնք ամենայն հավանականությամբ փակվում են արձանագրություններով, ճիշտ իր դիմացն են: «Հաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով» – սա արձանագրություններում եղած հիմնական նախադասություններից մեկն է: Ակնհայտ է, ինչպես Անկարան և հետաքրքրված կողմերի մեծ մասը կմեկնաբանեն այս նախադասությունը: Յուսուֆ Քանլին սեպտեմբերի 15-ին «Հյուրիեթ»-ում գրեց, թե «ետ-խորհրդային ժամանակաշրջանում առաջին անգամ Հայաստանը համաձայնեց ճանաչել Թուրքիայի հետ իր սահմանը այնպիսին, ինչպիսին սահմանվել է Կարսի պայմանագրով, չնայած որ արձանագրություններում Կարսի պայմանագրի մասին վկայակոչում չկա»: «Հայաստանի կողմից նման ճանաչումը ոչ այլ ինչ է, քան հայտարարել, թե իրենք Թուրքիայից տարածքային պահանջներ չունեն», և որ «Հայաստանը մեջքով է շրջվել» Սփյուռքի`«Թուրքիայից հողային պահանջներին»: Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում արձանագրությունները ներկայացնելիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նույնպես Կարսի (և Մոսկվայի պայմանագրի) մասին այդ նույն նախադասությունը հնչեցրեց: Չնայած որ սա համընդհանուր ըմբռնման ձև կարող է դառնալ, կան արձանագրությունների նախադասությունը մեկնաբանելու այլընտրանքային տարբերակներ: Ցյուրիխում կայանալիք ստորագրման արարողությունից առաջ հայ ժողովրդին ուղղված իր ելույթում նախագահ Սարգսյանն`ակնհայտորեն ազդվելով Հայաստանում և Սփյուռքում տեղ գտած բողոքի լայնածավալ ցույցերից, առաջին անգամ մի մեկնաբանություն արեց, որն այնպիսի տպավորություն է ստեղծում, թե, իր կարծիքով, այդ դուռը դեռ աննշան բաց է: «Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»: Սարգսյանն առաջարկեց մեկնաբանման այս տարբերակը, քանի որ հավատո՞ւմ է դրան, թե՞ դա արեց իր քննադատների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար: Երկու դեպքում էլ, ինչպիսին էլ որ լինի նրա ռազմավարությունը, այնպես, ինչպես Սարգսյանն է վարվում, վտանգավորության աստիճանի ռիսկ կա: Սա առաջ է քաշում արդարացիությունը ընդդեմ հնարավորինության խնդիրը: Վստահորեն կարելի է ասել, որ գրեթե բոլոր հայերը ցանկանում են Ցեղասպանության ճանաչում միջազգային հանրության և Թուրքիայի կողմից, և հավատացած են, որ, սկզբունքորեն, պահանջատիրությունը պատմականորեն արդար է: Սակայն, ոմանց կարծիքով, երազների մեջ սավառնել է նշանակում Թուրքիայից որևէ նյութական բան, հատկապես տարածք, ակնկալելը, չնայած ճանաչումը անհրաժեշտ և իրագործելի է: Ոմանք էլ հավատում են, թե հնարավոր է առավելագույնը: Միջին տեսակետի համաձայն, այլևս իրատեսական չէ Թուրքիայից ակնկալել ստանալ այն ամենը, ինչ նա զավթել է- կարևոր չէ, թե որքան արդարացի է պահանջատիրությունը: Այնուամենայնիվ, փոխզիջման այլընտրանքային, հնարամիտ, ստեղծագործական, ճկուն, աննախադեպ տարբերակներ կան, որոնք ապագայում, թերևս Թուրքիայի համար որոշակի պայմաններում ընդունելի լինեն, երբ մի բան զիջելով, Թուրքիան կարողանա փոխարենն արժեքավոր այլ բաներ ձեռք բերել: Ինչ տեսանկյուն էլ որ հայերն ունենան, այսօր հաստատ է մի բան`պահանջատիրության արդարացի լինելը հակադրվում է արտաքնապես անհնարին թվացող իրականությանը, չնայած որ կարևոր հարցեր կան: 1. Եթե ճիշտ է, որ նյութական որևէ փոխհատուցում ստանալը երբեք հնարավոր չի լինելու, ինչու՞ 2005-ին Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհուրդը հրամայեց սահմանափակել Օսմանյան ժամանակաշրջանի անշարժ գույքի պետական ռեգիստրների մատչելիությունը`վախենալով, որ այդ փաստաթղթերը կարող են «էթնիկ կամ քաղաքական շահարկման առարկա» դառնալ: 2. Ինչու՞ 1991-ին, երբ Հայաստանն անկախացավ, Թուրքիայի ամենաառաջին քայլերից մեկը եղավ Երևանից Կարսի կամ Մոսկվայի պայամանագրերի ընդունման պահանջը: 3. Ինչու՞ Թուրքիան ցանկացավ, որպեսզի այս արձանագրություններում անուղղակիորեն ակնարկվի Կարսի պայմանագրի մասին: 4. Ինչու՞ Թուրքիան չի բավարարվում գոյություն ունեցող սահմանի պարզ ճանաչմամբ, որը Հայաստանն արդեն արել է ՄԱԿ-ին միանալիս` վերջինիս կանոնակարգի համաձայն: 5. Ինչու՞ է Թուրքիան հրաժարվում Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալուց` միաժամանակ թույլ տալով, որպեսզի տարածքային անհամաձայնությունը մնա հեռու, փոշոտ մի սենյակի հին թղթապանակում, սարդոստայնով պատված- ճիշտ այնպես, ինչպես ՄԱԿ-ի ավելի քան 100 անդամ երկրներ են վարվել, որոնք նորմալ հարաբերություններ և բաց սահման ունենալով հանդերձ շարունակում են իրենց տարածքային անհամաձայնություններն ունենալ: Ծաղր է պարզապես, որ Աբդուլլա Գյուլը, Ռեջեբ Թայիբ Էրդողանը և Ահմեդ Դավութօղլուն, կարծես, ավելի են հասկանում հայերի պահանջատիրության պատմական արդարացիությունը, քան Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը: Փակվող դռները, որոնց մասին հարցնում էր Սերժ Սարգսյանը, Հայաստանի բոլոր հնարավորություններն են` ապագայում Ցեղասպանության համար արդարություն ապահովելու – ինչն, անտարակույս, դժվար գործ է: Ակնհայտ է, որ նա այդ դռները չի տեսնում, որովհետև «իրատեսության» տեսանկյունից նման հնարավորությունները իրականանալուց հեռու են թվում: Հետևաբար, քանի որ երբեք հնարավոր չի լինելու սահմանի որևէ փոփոխություն կատարել, Սարգսյանը, երևի, կարծում է, թե ավելի լավ է անմիջապես ընդունել Կարսի սահմանը, որպեսզի այսօր հնարավոր լինի օգտվել բաց սահմանից: Մյուս կողմից, ինչ վերաբերում է ունեցվածքին, ապրիլի 23-ին Wall Street Journal-ին տված հարցազրույցի ժամանակ Սարգսյանը նշեց հազարավոր «հայկական պատմական հուշարձանների» հարցը սեղանին դնելու գաղափարը: Բայց նա չի տեսնում, որ տարածքային խնդրին միացած դուռն ամրացած է նաև այլ դռների, որոնք կախված են Ցեղասպանության ճանաչման և ունեցվածքի պահանջներին, այդ թվում նաև իրեն հետաքրքրող եկեղեցիներին և մշակութային այլ գանձերին: Հիմք կա ենթադրելու, թե Թուրքիայի կողմից Ցեղասպանության ուրացման պատճառը միայն ազգային հպարտությունը և թուրք ինքնությունը չեն, այլ նաև վախը` մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություններից մեկի ճանաչումից հետո`թեկուզ նվազագույն նյութական հետևանքների հավանականության հանդեպ: Կարսը թեկուզ անուղղակիորեն վերահաստատելը կարող է թուլացնել Հայաստանի դիրքը այլ (ոչ տարածքային) հարցերում ևս, որոնք նույնպես կենսական կարևորություն ունեն հայ ժողովրդի համար: Ճանաչումը և արդարությունն ուղղակիորեն կապված են Հայաստանի ապագայի հետ Արձանագրությունների կողմնակիցները սիրում են շեշտել, թե չմոռանալով Ցեղասպանությունը, մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի ներկայի և ապագայի վրա: Կարծես, նրանք համամիտ չեն այն կարծիքի հետ, թե Ցեղասպանության ճանաչումն արդարությամբ ամրագրելն ուղղակիորեն կապված է Հայաստանի ներկայի և ապագայի հետ: Ցեղասպանությունն է հիմնական պատճառն այն վտանգավոր իրավիճակի, որի մեջ այսօր Հայաստանն է: 1991-ից ի վեր վատ կառավարումը, ագահությունը և կաշառակերությունը նույնպես պատճառ են, իհարկե, սակայն հիմնական գործոնը Ցեղասպանության հետևանքով տեղ գտած մարդկային, մշակութային, տարածքային և նյութական վիթխարի կորուստներն են: Տեղահանումների և կոտորածների, 1920 թվականին Հայաստան ներխուժելու, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի կործանիչ պայմանագրերի պարտադրման հիմնական նպատակն էր Հայաստանը և հայերին բնաջնջելը, կամ էլ երկիրը փոքրացնելն ու ժողովրդին պակասեցնելը` հասցնելով ինքնուրույն գոյատևելու անկարող մակարդակի, որպեսզի հայ ժողովուրդը տարածաշրջանում զրկվի իր կշռից: Արդյունքն այսօր այն է, որ եթե Հայաստանը սահմանափակված մնա իր այժմյան պաշարներով, պահպանի իր բնակչության չափը և աշխարհա-քաղաքական դիրքը, երկիրը, հավանաբար, կշարունակի վտանգավորության աստիճան խոցելի մնալ և կախման մեջ լինել արտաքին օժանդակությունից ու Սփյուռքի դրամական փոխանցումներից: Դա, հավանաբար, բավարար չի լինի անհրաժեշտ բարեկեցության և անվտանգության հասնելու համար, որպեսզի ընթացք տրվի դեմոգրաֆիկ տագնապալի միտմանը և երաշխավորվի երկրի ազգային անվտանգությունը: Բաց սահմանը, թերևս, ընդհանուր առմամբ օգտակար լինի տնտեսության համար, սակայն կբավարարի± արդյոք երկիրն այն աստիճան բարեկեցության և ապահովության հասցնելու համար, որպեսզի այն ազատի միայն անունով անկախ լինելուց: Ամեն մի հայ պիտի հուսա, որ վերոհիշյալ նախադրյալները բավարար կլինեն լավ ապագայի համար, սակայն այսօր եղած տվյալները վկայում են այն մասին, որ նման հույսի վրա հիմնվելը մշուշապատ վիճակ է: Առանց ինքնապահպանման հնարավորություններն ընդլայնելու, Հայաստանը որոշ ժամանակ կարող է գոյատևել արտաքին օժանդակություններով, սակայն երկրի ապագան պայծառ չի թվում: Այս իրականությունը հաղթահարելու համար, որը, կրկին, 1915-1923թթ թուրքական քաղաքականության գլխավոր հետևանքն է, և Հայաստանի` որպես կենսունակ պետություն գոյությունը պահպանելու հնարավորությունները մեծացնելու համար չափազանց կարևոր է Ցեղասպանության հարցին արդար լուծում տալը: Բոլոր դեպքերում, նույնիսկ եթե արդարության ձեռքբերումն անհնար է, դա չի հերքում այն փաստը, որ արդարության ձեռքբերումն անհրաժեշտություն է Հայաստանի գոյությունը արժանապատվությամբ և անվտանգ պահպանելու կարողությունը խթանելու համար: Այս հարցն առնչվում է նաև միլիոնավոր, անձամբ անմեղ թուրքերի հետ, ում անարդար ձևով իրենց անազնիվ կառավարությունը ստիպում է ուրացման անպատվաբեր բեռը կրել: Թուրք ժողովուրդն իր կառավարության կողմից Ցեղասպանության մեղքերի իմաստալից «թողության» է արժանի: Պարզ ներողությունը, սակայն, կլինի ոչ բավարար մի քայլ, որն աննշան անկեղծություն կպարունակի և ոչ իրական հաշտեցման ոգի, մինչդեռ Թուրքիայի կողմից փոխհատուցելի արդարությունը ճանաչելու մերժումը պահպանելու է հանցագործության հետևանքները` Հայաստանի աղքատությունը և անապահովությունն անվերջանալի դարձնելով: Միջազգային ճնշում և ազգային պատիվ Նախագահ Սարգսյանն արժանի է որոշ կարեկցանքի արտաքին ճնշման տակ գտնվելու համար: Սակայն դիվանագիտական ճնշմանը և միմյանց շաղկապված ֆիզիկական վտանգներին (հատկապես Հայաստանին խեղդելու, սառեցնելու, կամ սովամահ անելու Ռուսաստանի ունակությանը) պատասխանելու համար Սարգսյանը, Նալբանդյանը կամ նախկին քաղաքական գործիչներն արդյո՞ք զինված էին ամենաարդյունավետ փաստարկներով: Ամերիկան, Եվրոպան և Ռուսաստանն ակնկալում են մեծապես օգտվել բաց սահմանից – փոքրիկ հայկական մի գորգ, որը ձեռք են բերում գրեթե անվճար, որի վրայով բեռներ և էներգիա կարող են տեղափոխել: Թուրքիան հատկապես կշահի դրանից շատ առումներով: Սակայն գործարքին մատուցած Թուրքիայի միակ իրական ներդրումը լինելու է սահմանի բացումը, որը հենց Թուրքիան է փակել 1993-ին, ինչը Թուրքիայից արդեն պահանջվելու էր`որպես Եվրամիությանն անդամակցելու պայմանի մի մաս: Մինչդեռ Հայաստանից պահանջում են հրաժարվել իր ապագայի հնարավոր տարբերակներից, որոնք մեծացնելու էին երկրի գոյատևելու հնարավորությունները: Հայաստանից պահանջում են հրաժարվել պատվից ու արժանապատվությունից, հնարավորությունից` արդարության իր իրավունքը պահանջելու այն հսկայամասշտաբ գազանությունների դիմաց, որոնք ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդը 1919-ին անվանեց «մարդկության ողջ պատմության ամենավիթխարի ոճրագործությունը»: Առավել հմուտ դիվանագիտությամբ, որը համաձայնեցված լիներ Սփյուռքի`այսօր ոչ բավարար օգտագործվող հնարավորությունների հետ, հայաստանյան բանակցողները կկարողանային Հայաստանի այժմյան առավելությունները որպես լծակ գործածելով բանակցությունների ընթացքում ավելի լավ պայմաններ ձեռք բերել: Պատմության այս պահին գոնե, Հայաստանն ունի պատմականորեն բարոյական վիթխարի մի հարց, որը հարգված է ողջ աշխարհում, և հայ ժողովուրդն այսօր տերն է մի հողակտորի, որն արժեքավոր է արևմուտքի և արևելքի ուժերի շահերի համար: Հայաստանի կառավարությունները, սակայն, ձախողեցին`սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, շարունակելով Ռաբերտ Քոչարյանով, և հիմա Սերժ Սարգսյանի օրոք (ում ես 2008-ի ընտրություններին նախընտրեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, չիմանալով, որ ինքը Թուրքիայի հարցում Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը պիտի ձգտի): Երևանն, օրինակ, չկարողացավ ամենահամոզիչ փաստարկները մշակել, որոնք պաշտպանելու էին Հայաստանի համընդհանուր ազգային շահերը և Ղարաբաղի հակամարտության հարցը հատկապես: Միաժամանակ մինչ օրս կառավարության կեցվածքը զանգվածային լրատվամիջոցներում և հասարակական կապերի ոլորտում միջակից էլ ցածր է եղել: Հիմա հայ ժողովուրդը հայտնվել է ամոթալի պարտության շեմին, և արձանագրությունների ընդունումը կարող է հիշվել որպես հայոց ողջ պատմության ամենամեծ սխալներից մեկը: «Հրավիրելով Թուրքիայի Նախագահին Հայաստան և նախաձեռնելով այս ողջ գործընթացը,- հայտարարեց Սարգսյանը,- ես նպատակ եմ հետապնդել բացել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը Հայաստանի և Թուրքիայի համար, ցույց տալ, որ Ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդը, և Հայաստան երկիրը, որ կանգուն է և տեր է իր ժողովրդի ցավին, իրականում բավարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու և աշխարհի զարգացման ընթացքին հակընդդեմ շարժվելու անիմաստությունը մատնացույց անելու»: Ինչ ցավալի է: Պատկերացրեք երկու ընտանիք միևնույն թաղամասում: Այնքան նվաստացուցիչ է, երբ սպանությունների, բռնաբարությունների, խոշտանգումների և իրենց ընտանեկան հողերի, ժառանգության, ունեցվածքի, ընտանեկան թանկարժեք մասունքների թալան և նույնիսկ իրենց անթիվ-անհամար երեխաների առևանգում տեսած զոհերի սերունդների ղեկավարները ցանկանում են «առաջինը» ձեռք մեկնել մարդասպանների, բռնաբարողների, խոշտանգողների, առևանգողների և թալանողների սերունդների առաջնորդներին, ովքեր շարունակում են հերքել իրենց նախնիների ոճիրը, և ովքեր նույնիսկ ասում են, թե դա տուժած ընտանիքի մեղքն էր, ովքեր շարունակում են ապրել հարաբերական շքեղության մեջ`վայելելով թալանված ունեցվածքի պտուղները, մինչդեռ զոհերի սերունդները չարքաշ կյանք են վարում այդ նույն թաղամասի փոքր անկյունում`հարաբերական աղքատության մեջ և զրկված թաղամասի լավագույն ճանապարհից: Եվ սա դեռ ամենը չէ: Թուրք պաշտոնյաները, որ, կարծես, արձանագրություններից բավարար օգուտ չէին քաղել, վերքին վիրավորանք ավելացրին անթաքույց սպառնալիքներ հնչեցնելով, թե սահմանը չեն բացի, մինչև հայկական ուժերը դուրս չբերվեն ռազմավարական կարևորություն ունեցող տարածքներից, և մինչև Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորվի: Իսկ Սարգսյանը շարունակում է պնդել, թե հարաբերությունների կարգավորման հարցում Ղարաբաղը նախապայման չէ: Հոկտեմբերի 7-ին Wall Street Journal-ում վարչապետ Էրդողանը հակասել է Սարգսյանին, վերջինիս անհարմար վիճակի մեջ դնելով, և հայտարարել, թե «չնայած հայերը երբեմն ասում են, թե այդ համաձայնագիրն ադրբեջանցիների հետ որևէ կապ չունի, իրականում կապ կա»: Էրդողանը նույնիսկ միջամտեց Հայաստանի ներքին գործերին`Հայաստանի նախագահին խորհուրդ տալով, թե նա ինչպես պետք է վերաբերվի իր իսկ ժողովրդին. «Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի իր քաղաքականությունը գերի դառնա հայկական Սփյուռքին»: Վերքին մեկ հատ ևս վիրավորանք ավելացվեց. հենց ստորագրման արարողսւթյունից առաջ հայտնի դարձավ, որ Դավութօղլուի արտասանելիք ելույթում նախապայմանների հիշատակում կար: Կարծես, չկշտանալով արձանագրությունների պայմաններով, Թուրքիան ցանկացավ նախապայմաններ հիշատակել, դրանով աղ լցնելով Հայաստանի վիրավորված ինքնասիրության բաց վերքերին: Նախապայմաններ պարունակող փակման խոսքը Սարգսյանի աչքի մեջ մտցնող Դավութօղլուի այս անամոթ կեցվածքը չափազանց էր անգամ Հայաստանի անհամարձակ կառավարության համար: Նալբանդյանը ճիշտ վարվեց, որ հրաժարվեց ստորագրելուց: Երեք ժամ շարունակ տիկին Հիլարի Քլինթոնը համոզելով շողոքորթեց Նալբանդյանին, որպեսզի վերջինս տեղի տա փոխզիջմանը: Այնուհետև Քլինթոնը Նալբանդյանին իր ավտոմեքենայով տարավ ստորագրման վայր, ուր ոչ մի կողմը փակման խոսքով այլևս հանդես չեկավ: Մինչ թանաքը կչորանար թղթի վրա, դեմքի արտահայտություններից պարզ դարձավ, թե ով է հաղթել և ով` պարտվել: Սեղանի ետևում կանգնած դիվանագետների դեմքի բավարարված ժպիտները, քմծիծաղն ու հրճվանքը որևէ կարեկցանք չցուցաբերեցին իրենց խեղճ հայ գործընկերոջ անհանգստության հանդեպ, որի դեմքը բացարձակ կոնտրաստով արտահայտում էր վրդովմունքի, լարվածության, տխրության և զսպված բարկության մի խառնուրդ: Նալբանդյանը նման էր պարտված մի մարդու, որ ստորագրում էր քաղաքական հարկադրանքի տակ: Մինչդեռ Դավութօղլուի շողշողուն ժպիտը հաղթանակի երջանկություն էր արտացոլում իր կառավարության հմուտ և ագրեսիվ դիվանագիտության ձեռք բերած գրեթե առավելագույն հաջողության կապակցությամբ: Եվ սա այն գոռոզ և չզղջացող հանրապետական կառավարությունն է, կայսերական այն կառավարության ժառանգորդը, որը հայ ժողովրդի ջախջախումը և կողոպուտն է իրականացրել, և որին Հայաստանի կառավարությունը ցանկանում է «առաջինը» ձեռք մեկնել: «Բավարար ուժի» փոխարեն Հայաստանի կառավարությունը չափից դուրս թուլություն է դրսևորում: Երևանը նվաստանում է համաշխարհային բեմի վրա, մինչդեռ Անկարան նախապայմաններ և պայմաններ է պարտադրում, որոնք դիվանագիտական համարժեքն են Հայաստանի`ևս մեկ անգամ բռնաբարվելուն և նրա կառավարության դեմքը ցեխի մեջ տրորելուն: Սա ազգային պատվազրկում է: Այսօրվա քաղաքականության հետևանքները Հայաստանի ղեկավարները, երևում է, դեռ տրամադրված են վավերացնելու արձանագրությունները, և նման են դեպի ժայռի բերանը սուրացող գնացքի: Երանի~ թե Հայաստանին դեպի այս պատմական անդունդը տարած բանակցությունների ընթացքում նախագահ Սարգսյանը գործեր այն մարդու ոգով, որին ես հանդիպեցի 1994-ի մայիսյան ավելի երջանիկ օրերին: Թերևս տակավին չնչին հույս կա, սակայն այժմ, բախտորոշ ստորագրումից հետո, ավելի դժվար կլինի շարունակել առաջ քաշել այն դիրքորոշումը, թե Երևանը հավատարիմ մնաց իր վաղեմի քաղաքականությանը, որով ողջունում է հարաբերությունների նորմալացումը և սահմանի բացումն առանց Հայաստանի կողմից նախապայմանների, և որ թուրքական կողմն է պարտադրում նախապայմաններ և պայմաններ, որոնք անարգում են Ցեղասպանության ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակը: Թուրքիայի պարտադրած նախապայմաններն ու պայմաններն են, որ հետագայում կխարխլեն փոքր և աղքատության հասցված Հայաստանի անկախ գոյատևումը, մինչդեռ Թուրքիան է մեծ, հզոր և հարուստ պետությունը, որն ի վիճակի է ավելի շատ ճկունություն դրսևորել բանակցություններում: Վերջում, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Տիգրան Սարգսյանը, Գագիկ Հարությունյանը, Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, Արսեն Ղազարյանը, Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Վազգեն Մանուկյանը, Ազգային Ժողովի մյուս անդամները և բոլոր այն հայերը, ովքեր կողմ են հայ-թուրքական արձանագրություններին, պետք է խորհեն, թե ինչպիսի հետք են թողնելու պատմության մեջ: Իրենց կհիշեն որպես ուժե՞ղ, թե թույլ, խելացի՞, թե անխելք, հպա՞րտ, թե խղճալի, հայրենասե՞ր, թե հաշվենկատ: Իրենց երեխաները և թոռները կհպարտանա՞ն իրենց անուններով, թե՞ կամաչեն դրանցից: Հատկապես նախագահը հարկ ունի ինքն իրեն հարցնելու, ինչպիսի՞ն է լինելու իր ժառանգությունը 5, 10, 50 կամ 100 տարի հետո: Հայերի ապագա սերունդները Սերժ Սարգսյանին պիտի մեծարե՞ն, թե՞ նզովեն:

Իրանում իշխանամետ հանրահավաքներ են կազմակերպվելու

News.am. 30-12-2009- Իրանի ողջ տարածքում դեկտեմբերի 30-ին պետք է գործող իշխանությանն աջակցող հանարահավաքներ տեղի ունենան՝ ի հակակշիռ վերջին օրերին Իրանում սկիզբ առած հակակառավարական բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու ժամանակ Թեհրանում զոհվել են 8 ցուցարարներ: Ընդդիմությունը հայտարարում է 15 սպանվածների մասին: Իրանի իշխանությունները արեւմտյան երկրներին մեղադրել են ընդդիմադիրներին նման քայլերի հրահրելու եւ բախումներ սադրելու մեջ:

Իրանի անկարգությունները ԱՄՆ–ի և Իսրայելի ձեռքի գործն էր. Ահմադինեժադ

Tert.am.30-12-2009- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկրում կիրակի տեղի ունեցած հակակառավարական ակցիաների նախաձեռնողները եղել են Իսրայելը և ԱՄՆ-ը: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը: «Մենք առաջին անգամ չէ, որ այդպիսի սադրանքների ականատես ենք դառնում: Հրեաներն ու ամերիկացիներն են կանգնած այդ բախումների հետևում»,- հայտարարել է Ահմադինեժադը: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն, Իսլամական Հանրապետության նախագահը նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դևիդ Միլիբենդի հայտարարությունները Իրանում կատարվածի վերաբերյալ:

Թուրքիայում Հրանտ Դինքին սպանողներին գովերգող երգի հեղինակներին դատարանն արդարացրել է

News.am. 30-12-2009- Թուրքիայում Ստամբուլի դատարաններից մեկը արդարացման վճիռ է կայացրել ստամբուլահայ հայտնի հրապարակախոս, քաղաքական գործիչ, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվողներին գովերգող երգչի եւ երգի բառերը գրողի նկատմամբ։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ 1 տարի եւ 5 ամսվա բանտարկության է դատապարտվել միայն Հաքան Օզթեքինը՝ հանցանքը եւ հանցագործին գովելու մեղադրանքով։ Նա տեսահոլովակ է պատրաստել այդ երգի հիման վրա եւ այն տեղադրել տարբեր կայքերում: Դատարանում Հրանտ Դինքին սպանողներին երգի միջոցով գովերգած Արիֆ Շիրինը եւ Իսմայիլ Թուրութը դատարանում հայտնել են, որ ոչ մի հանցանք չեն գործել, ոչ մի հետին նպատակ չեն ունեցել եւ նորմալ բանաստեղծություն են գրել եւ երգել։ Դատարանը արդարացման վճիռ է կայացրել թե՛ երգի բառերը գրած Արիֆ Շիրինի, թե՛ երգը կատարողի նկատմամբ։ Նշենք, որ Հրանտ Դինքին սպանողներին գովերգող երգը կոչվում է «Ծրագիր մի կատարիր, ծրագիր»: Երգի բառերը խիստ ազգայնական ուղղվածություն ունեն։ Երգում նշվում են Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամաստի եւ Յասին Հայալի անունները՝ որպես հերոսներ։

Հայաստանի ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի ազատության համար զոհվածների հիշատակին

«Ազատություն» 30-12-2009- Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չորեքշաբթի օրը այցելեց Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի ազատության համար զոհվածների հիշատակին: Եռաբլուրում էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հանրապետական կուսակցության պատգամավորներ, ուժային կառույցների ղեկավարները: Նախագահի ժամանելուն պես հավաքվածները քայլեցին դեպի Եռաբլուր պանթեոն, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին, Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. - «Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր բոլոր մարտական ընկերներին, մանավանդ` զոհված, անհետ կորած այն անձնավորություններին, որոնց անձնուրացության, թափված արյան շնորհիվ է, որ մենք կարողացել ենք հաղթանակներ կերտել, եւ այս պահին ես կուզեի իմ շնորհավորական եւ նաեւ սփոփանքի խոսքը ասել նրանց բոլոր հարազատներին, նրանց մտերիմներին, ասել, որ հայրենի կառավարությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահելու նրանց նկատմամբ հոգածությունը»: Նախարարը հավելեց, որ իրենք էլ` որպես զինված ուժերի ղեկավարություն, ամեն ինչ անելու են, որպեսզի մարտական ընկերների կիսատ թողած գործը հասցնեն մինչեւ վերջ: «Իսկ առաջին հերթին` այս պայմաններում մենք ապահովում ենք խաղաղությունը, մարտական հերթապահությամբ պաշտպանում ենք մեր սահմանները: Եվ գտնում եմ, որ ամենամեծ ցանկությունը 2010 թվականին` նորից որպեսզի բոլորիս գլխավերեւում խաղաղ, կապույտ երկինք լինի. մենք պարտավորվում ենք, որ այդ ապահովենք», - ասաց Սեյրան Օհանյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ինչպե՞ս է Ոստիկանությունը հրաժեշտ տալիս 2009 թվականին, Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը արձագանքեց. - «Տարին նորմալ ենք փակում, ցուցանիշները լավ են: Իհարկե, վերջում մի քանի ծանր հանցագործության դեպք տեղի ունեցավ` մի քիչ մեր տրամադրության վրա ազդեց, բայց անպայման կբացահայտվի: Նկատի ունեմ` ավազակային հարձակում, որը ամենածանր հանցագործությունն է, իմ կարծիքով»: «2010 թվականին մեր աշխատանքները է'լ ավելի կազմակերպված կլինեն եւ արդյունավետ` չեմ կասկածում դրանում», - վստահեցրեց Ալիկ Սարգսյանը` հավելելով. - «Այս տարի լուրջ փորձ էր մեզ համար»:

Ինչպե՞ս են նշում Նոր տարին հայաստանյան թերթերի խմբագիրները

News.am. 31-12-2009- Լրագրողները, եւ մանավանդ խմբագիրները, այն փոքրաթիվ մարդկանցից են, ովքեր, ամբողջ տարին անդադար աշխատելով՝ արդարացիորեն հանգստի իրավունք են վաստակում։ NEWS.am-ի թղթակիցը, փորձելով պարզել, թե որտե՞ղ են պատրաստվում անցկացնել Ամանորը «Հայկական ժամանակ», «Հայք», «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «Տարեգիր» եւ «Հրապարակ» օրաթերթերի խմբագիրները, տեղեկացավ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Գեւորգյանն, օրինակ, Նոր տարին դիմավորելու է Երեւանում՝ ընտանիքի հետ, համտեսելու է իր սիրած պասուց տոլման, իսկ Ձմեռ պապիկից էլ, որպես նվեր, «նորմալ երկիր» է խնդրելու։ «Հայքի» խմբագիր Գեղամ Նազարյանը եւս Ամանորը պատրաստվում է դիմավորել տանը, բայց ի տարբերություն Հայկ Գեւորգյանի, Նոր տարվա սեղանից առավել նախընտրելի ուտելիք չունի։ «Ձմեռ պապիկից որպես նվեր կուզեի ժողովրդավար երկիր, որտեղ մարդիկ կապրեին արժանապատիվ կյանքով։ Իսկ ընդհանրապես, կուզեի շրջապատված լինել լավ մարդկանցով եւ հատկապես լավ լրագրողներով»,- նշեց նա։ «Չորրորդ իշխանության» խմբագիր Շողեր Մաթեւոսյանն էլ տեղեկացրեց, որ Ամանորին մնալու է Երեւանում։ Հարցին, թե ի՞նչ է նախընտրում ամանորյա սեղանից, նա պատասխանեց, որ ամեն ինչ, սակայն քիչ քանակությամբ եւ թարմ վիճակում։ «Ձմեռ պապիկից էլ քաղաքացիական հաղթանակ կուզեի»,-եզրափակեց նա։ NEWS.am-ի թղթակիցը, նույն հարցերն ուղղելով «Տարեգիր» , «Հրապարակ» եւ «Առավոտ» օրաթերթերի խմբագիրներ Վասակ Դարբինյանին, Արմինե Օհանյանին եւ Արամ Աբրահամյանին, տեղեկացավ, որ նրանցից առաջինը Նոր տարին, հավանաբար, կդիմավորի Երեւանում՝ համտեսելով մսից պատրաստված իր ամենասիրելի ուտեստները, իսկ Ձմեռ պապից, որպես ամանորյա նվեր, իր թերթի համար 5 հազար ընթերցող կխնդրի։ «Հրապարակ» օրաթերթերի խմբագիր Արմինե Օհանյանն էլ, իր հերթին, մեծ ուրախությամբ հայտարարեց, որ ամանորյա տոներն անցկացնելու է Դուբայում։ Իսկ ընդհանրապես, նա, որպես տան տնտեսուհի, Նոր տարուն սիրում է բազմատեսակ աղցաններ պատրաստել։ Հարցին, թե ի՞նչ կխնդրեր Ամանորին Ձմեռ պապիկից, Արմինե Օհանյանը պատասխանեց. «Երեւի անձնական երջանկություն, որովհետեւ միայն դա կարող է կնոջը խաղաղ ու գոհ դարձնել»։ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Նոր տարին, ամենայն հավանականությամբ, կանցկացնի տանը։ «Ուտեստների առումով օրիգինալ չեմ, օլիվյե աղցան եմ սիրում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Ձմեռ պապիկից, որպես նվեր, երկու շաբաթվա հանգիստ է ուզել, ինչը եւ արդեն ստացել է։ Բացի նրանից, որ թերթերի խմբագիրների մեծ մասը պատրաստվում է Նոր տարին անցկացնել Երեւանում, հետաքրքիր է նաեւ այն, որ նրանք, մի կողմ թողած անձնական ցանկությունները, Ձմեռ պապիկից բարօրություն էին խնդրում ոչ թե անձնապես իրենց, այլ երկրի եւ հասարակության համար։ Մեծահոգությունի՞ց է դա, թե՞ մասնագիտական որակներից, հարց է։ Բայց եթե ոմանք գոնե մի քիչ նրանց նման մտածեին…

Wednesday, December 30, 2009

«Թունյան» դպրոցը` Թեմական խորհրդի Աքիլեսյան գարշապա՞ր

Թվում է «Թունյան» դպրոցի հարցը, «ազգային իշխանության բուրգում», պատրվակ է որոշների ձեռքում՝ հարվածելու Թեմականի ատենապետուհուն «Թունյան» դպրոցի եւ «Սասուն» մանկապարտեզի համալիր շենքի վերակառուցման խնդիրը երեւի թեհրանահայության ամենակարեւոր հարցերից մեկն է, որն օր առաջ լուծում է պահանջում: Սակայն ԹՀԹ Թեմական խորհուրդը, հակառակ իր խոստումներին, առայսօր անկարող է եղել այդ գործում: Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Հովհաննիսյանը, դեռ 2008թ. օգոստոսի 31-ին տված մի հարցազրույցում ասել էր, որ. «Արդեն տարիներ է, ինչ «Սասուն» մանկապարտեզի նոր շենքը կառուցելու հարցը Պատգամավորական ժողովի կողմից հաստատվել է եւ Թեմական խորհրդի առաջարկով վաղուց է, որ աշխատանք է տարվում...»: Տարիներ առաջվա այդ որոշումը, ցայժմ դեռ չի իրականացել ու դեռ մի բան էլ ավել, նրա վրա ծանրացել է նաեւ «Թունյան» աղջ. դպրոցի պարագան, որի շենքը ավելի քան մեկ տարի է ինչ հիմնաքանդ է արվել եւ այն ժամանակվանից տեղաշարժ չի նկատվում գործում: 2008թ. մայիսին Պատգամավորական ժողովը որոշեց «Թունյան» տարր. դպրոցը վերակառուցել: Եվ, դրանից հետո, սկսվեց «Թունյան» դպրոցի տեղափոխելու, քանդելու եւ վերակառուցելու անհաշիվ աշխատանքը: 2008թ. սեպտեմբերին «Թունյան» դպրոցի շենքը դատարկվեց՝ վերակառուցման նպատակով: Տարրական բաժինը ժամանակավորապես տեղափոխվեց «Նաիրի» դպրոց, իսկ ուղեցույցը՝ մշտապես «Հ. Թովմասյան»: Նույն սեպտեմբերին դիմեցին քաղաքապետարան՝ վերակառուցման իրավունք ստանալու համար: 2008թ. նոյ. 2-ին, հոծ բազմության ներկայությամբ, Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ իրականացավ «Թունյան» դպրոցի հիմնօրհնեքի արարողությունը, ուր թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն ասաց. «Ինը տարիների ընթացքում այս երրորդ դպրոցն է, որ վերակառուցվում է, իսկ նրանք, ովքեր իրենց աչքերը փակել են ճշմարտության առաջ, թող բացեն եւ տեսնեն, թե այս համայնքը կենսունակ է եւ ինչպիսի աշխուժությամբ է գործում իր ազգային իշխանության հետ»: 2008թ. նոյ. 26-ին ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետուհի դոկտ. Աիդա Հովհաննիսյանը խոսելով իր ղեկավարած խորհրդի «տարբեր շինարարական աշխատանքների» մասին ասաց. «նաեւ դպրոցական կամ կրթական նոր միավորների ստեղծման ծրագիրն է, որի առաջին քայլը վերցվեց «Թունյան» դպրոցի վերակառուցման ծրագրով եւ հույս ունեմ, որ ընդհանուր ծրագրերի հաստատման պարագայում՝ դրանց շարանում մենք կարողանանք դպրոցական ավելի ժամանակակից համալիրներ ստեղծել եւ մեր հինգ դպրոցները ավելի նոր շենքերով փոխարինել»: Հայոց ազգային մյուս դպրոցներն էլ «Թունյան»-ի օրին տեսնելու վախից, զգուշանում ենք օր. Աիդա Հովհաննիսյանի հետ ձայնակցելուց: Երկու շաբաթ հետո, 11 դեկտ. 2008թ., Կրթական խորհրդի գրասենյակի վարիչ Ֆրեդ Աշուղյանն ասաց. «Թեմական եւ Կրթական խորհուրդների որոշումով մինչեւ 2009 թ.-ի հոկտեմբեր ամիսը, հույսով ենք, կավարտվի («Թունյան» դպրոցի) շենքի կառուցումը եւ կտրամադրվի մեր փոքրիկներին»: Նույն օրը «Թունյան» տարր. դպրոցի փոխտեսչուհի տկն. Շաքե Ավետյանն, «Նաիրի» դպրոցի անհարմար վիճակի առիթով, ծնողների երկմտությունը փարատելու համար ասաց. «Ըստ Թեմական խորհրդի եւ Սրբազան Հոր խոստումի՝ մենք միայն մեկ տարի ենք այստեղ լինելու, իսկ հետո տեղափոխվելու ենք «Թունյան»-ի նորակառույց շենք»: 2008թ. դեկտ. 30-ին Թեմական խորհրդի փոխատենապետ Համիկ Մարգարյանը, խոսելով Թեմականի գործունեության մասին, ասաց. «Հնարավորությունները միատեղելու գործում, ուզենք թե չուզենք, մեր դպրոցներում ու կենտրոններում աշխատող մարդուժի մի մասը կարող է կորցնել իր աշխատանքը, նույնիսկ միգուցե որոշ շենքեր ու կառույցներ փակվեն...»: ՀՅԴ ներկայացուցչի եղբայր՝ Հ. Մարգարյանը հավելեց. «Հակառակ որոշ շրջանակների ունեցած ոչ-տրամաբանական մոտեցումներին, նույնիսկ միտումնավոր դրսեւորումներին, համայնքում նկատվում է համընդհանուր կամք՝ գործադրելու բոլոր ծրագրերը, որոնք կազմվել են հենց համայնքի ներկայացուցիչների եւ պատգամավորների միջոցով»: 2009թ. մարտին պարզեցին, որ կալվածագրերը խնդիր ունեն: Ամիսներ տեւեց այդ հարցի լուծումը: Եվ վերջապես 2009թ. սեպտեմբերին պատրաստվեց «Թունյան» տարր, եւ «Սասուն» մանկապարտեզի համալիր նոր շենքի հատակագիծը: Իսկ այն օրվանից մինչեւ հիմա որեւէ փոփոխություն չի տեսնվել «Թունյան» դպրոցի կալվածի վրա, բայց էլի խոստանում են գործը «սկսվելու պահից շուրջ 12 ամիս հետո պատրաստ կլինի նոր շենքը»: Սպասենք ու տեսնենք: Այնուամենայնիվ, ինչն այսօր ավելի շատ է մտահոգեցնում «Թունյան» դպրոցի աշակերտների ծնողներին այն է, որ 2008-2009 տարեշրջանի սկզբից աշակերտությանը «ժամանակավոր» տեղափոխել են «Նաիրի» տարր. դպրոց, որը շատ ավելի անհարմար եւ անբարվոք վիճակում է, քան այն ինչ էր 50-ամյա «Թունյան»-ը, ինչի հետեւանքով ծնողները մի ստորագրահավաքի միջոցով դիմեցին Առաջնորդարան եւ բացատրություն պահանջեցին այդ առնչությամբ: Վերոհիշյալ նամակին ի պատասխան եւ ի հեճուկս Թեմական խորհրդի կամքի, 2009թ. նոյեմբերի 26-ին, Պատգամավորական ժողովի Դիվանի հրավերով, Ս. Թարգմանչաց եկեղեցու «Շաղուլյան» սրահում, կայացավ հանդիպում ծնողների հետ, որտեղ Պատգամավորականի եւ Թեմականի ներկայացուցիչները փորձեցին արդարանալ իրենց հասցեին հնչող մեղադրանքներից, ինչն այնպես էլ չստացվեց: Հանդիպումից ճիշտ մեկ օր առաջ Թեմականը դպրոցի շենքի կառուցման համար նվազուրդի հայտարարություն էր տվել, «Ալիք» օրաթերթում, ինչը վատ տպավորություն էր թողել ներկաների վրա: «Ինչո՞ւ հենց երեկ, ինչո՞ւ «Ալիք»-ում», հարցնում էին նրանք: Հանդիպմանը ՊԺ Դիվանից մասնակցում էին ատենապետ՝ Գեորգ Աբուլյանը, փոխատենապետ՝ Էմիլ Մնացականյանը, ատենադպիր եւ «Թունյան» դպրոցի փոխտեսչուհի տկն. Շաքե Ավետյանը, իսկ Թեմականից փոխատենապետ՝ Սեւան Դանիելյանը եւ Շինարարական հանձնախմբի անդամ՝ Ռուբիկ Սարխոշյանը: Հավաքում ներկա էին նաեւ Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Գեորգ Վարդանը, ՊԺ-ի եւ եկեղեցու խորհուդի անդամներ, մամուլի ներկայացուցիչներ եւ համայնքի հարցերով մտահոգվող անձինք: Որոշների մասին բարձրաձայն ու շշուկով հնչեցին խոսքեր: Խիստ նկատելի էր Թեմական խորհրդի ատենապետուհի Աիդա Հովհաննիսյանի բացակայությունը, որ չվրիպեց նաեւ ծնողների աչքից: Գեորգ Վարդանի, թեեւ անխոս ներկայությունը, գնահատվեց բոլորի կողմից, պարզապես պահանջվում էր լոկ մի բառ: Իսկ տկն. Շաքե Ավետյանին այս անգամ ուզում էին տեսնել նստած իրենց կողքին եւ ոչ թե դիմաց: Ինչեւէ, Հանդիպումն սկսվեց Թեմական խորհրդի եւ Շինարարական մարմնի ներկայացուցիչների զեկույցներով՝ տարված աշխատանքների եւ ծրագրերի վերաբերյալ: Նրանք խոսեցին նաեւ կալվածագրերի հետ առնչվող որոշ դժվարությունների մասին, «որոնց պատճառով էլ մի քանի ամիս գործերը ուշացել են»: Հիշեցնենք, որ «Սասուն» մանկապարտեզի կառուցման ծրագրի ձգձգման պատճառներից մեկը նաեւ կալվածագրերի հարցն էր: Նույն խնդիրն ուներ եւ ունի նաեւ «Արարատ» մարզավանն ու երեւի նաեւ այլ ազգային կառույցներից որոշները: Պատգամավորականի եւ Թեմականի ներկայացուցիչները իրենց խոսքերը դարձյալ փակեցին նոր խոստումով՝ «Շուտով սկսվելու են հիմնական աշխատանքները եւ սկսվելու պահից շուրջ 12 ամիս հետո պատրաստ կլինի դպրոցի նոր շենքը»: Զեկուցողները հնչեցրին հակասական նախադասություններ՝ սկզբում ասացին. «նկատի առնելով նյութական սահմանափակումը քանի անգամ փոխել ենք քարտեզը (նախագիծը), որպեսզի տեղավորվի բյուջեի սահմաններում», իսկ վերջում՝ «դպրոցի կառուցման հարցում ոչ մի սահմանափակում չունենք եւ որքան պետք լինի կծախսենք»: Զեկույցներից հետո ծնողները հարցերով դիմեցին պատասխանատուներին: Մեկն ասաց. «Եթե այդքան պիտի ուշանար նոր շենքի կառուցումը, ինչո՞ւ հիմնաքանդ արիք այդ փառավոր շենքը եւ երեխաներին ուղարկեցիք «Նաիրի» դպրոց, որի թե դասարաններն են խոնավ եւ թե չունի անգամ հարմար եւ չափին զուգարաններ, ինչն երեւի գիտեք, որ շատ կարեւոր է այս տարիքի երեխաների համար»: Պատասխանեցին, որ ձգձգումները եղել են մեր կամքից անկախ, որ ունեցել ենք կալվածագրի դժվարություն եւ այլն: Մեր կողմից ավելացնենք, «Թունյան» դպրոցի շենքը, որին ըստ օր. Աիդա Հովհաննիսյանի՝ մասնագետները վթարային են գնահատել երկրաշարժի դեմ, շատ ավելի ամուր շինություն ուներ քան 2008-ից ժամանակավոր օգտագործվող «Նաիրի» դպրոցը: Այնուհետ խոսք առավ 13-րդ ՊԺ պատգամավոր դոկտ. Ռայմոնդ Թորոսյանը, ում փաստավորված բացատրությունները բավականին լույս սփռեցին, մթում պահված, հարցերի վրա, որն ինչքան դժգոհեցրեց օրվա ձեռնարկը կառավարողներին, նույն չափ եւ գուցե ավելին գոհացրեց ծնողներին, որոնք մինչ այդ անտեղյակ էին շատ հարցերից: Ընդորում ՊԺ ատենապետ Գեորգ Աբուլյանն ու եկեղեցու խորհրդի նախագահ Խեչում Խեչումյանը փորձեցին կասեցնել դոկտ. Թորոսյանի ելույթը, բայց ներկաների պաշտպանողական ծափահարությունները նահանջի մատնեց նրանց: Հիշեցնենք, այս առնչությամբ դեռեւս 2008թ. սեպտեմբերին դոկտ. Ռայմոնդ Թորոսյանը ՊԺ-ի վեց այլ պատգամավորների հետ միասին մի նամակով ՊԺ-ի նախագահին եւ Դիվանին զգուշացրել էին՝ հեռու մնալ ծրագրերի, այդ շարքում նաեւ «Թունյան» դպրոցի վերակառուցման, շտապ հաստատումից ու գործադրումից, քանի որ «հանգելու է լուրջ դժվարությունների եւ անփոխարինելի հետեւանքներ կունենա համայնքի համար»: Այնուհետեւ ծնողներից մի ուրիշն հարցրեց. «Երբ գիտեիք որ կալվածագրերի խնդիր կա, էլ ինչո՞ւ էիք քանդում գործող շենքը, իսկ եթե տեղյակ չէիք ինչո՞ւ տեղյակ չէիք»: Այս հարցին ի պատասխան դարձյալ շեշտեցին, որ. «Միայն շենքի քանդելուց հետո էր որ իմացանք այն ունի կալվածագրերի խնդիր եւ հենց այդ պատճառով էլ շինությունը քանի ամիս հետաձգվեց»: Ու ծնողներից մեկն էլ այս պատասխանին մի նոր հարց ավելացրեց որ ավելի շուտ ինքնին պատասխանն էր շատ ինչուների: Նա ասաց. «Ես անուսում մարդ եմ, բայց լավ գիտեմ, որ եթե ուզում ես տունդ վերակառուցես նախ պիտի պարզես կալվածագրիդ պարագան, հետո քաղաքապետարան գնաս՝ շինության համար արտոնություն վերցնելու, այնուհետ ճշտես, որ մինչեւ շենքի կառուցումը որտեղ ես բնակվելու: Էդ պարզ հարցերը, դուք, որ ուսում առած մարդիկ եք, ո՞նց չգիտեք»: Ամենայն դեպս, ավարտվեց հանդիպումը եւ ըստ ՊԺ ատենապետ Գեորգ Աբուլյանի այն հասավ իր նպատակին, իսկ ծնողները նույն կարծիքի չէին, վերջիններս պահանջում էին կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր եւ լուծումներ՝ կարգի բերել «Նաիրի» դպրոցը եւ լրջորեն հետեւել «Թունյան»-ի վերակառուցման պարագան: Իսկ ի՞նչ նորություններ հրապարակ եկավ «Թունյան» դպրոցի աշակերտության ծնողների հետ հանդիպելուց հետո. Կրթական խորհրդի նախկին ատենապետ Նորայր Արամյանն ամեն ինչում իրեն անմեղ ձեւացնելով՝ ձեռքերը լվաց այս հարցում՝ պատասխանատվությունը լրիվորեն բարդելով Թեմական խորհրդի գլխին: Ն. Արամյանն առանց բառերը ծամծմելու ասում է. «Կրթական խորհուրդը դպրոցի քանդման եւ հետագա աշխատանքների մեջ միջամուխ չի եղել եւ, բնական է, Կրթական խորհրդի բնագավառին չեն առնչվում շինարարական կամ կալվածային աշխատանքները»: Նա հավելում է, որ. «Ժամանակին կատարված համադրության արդյունքում՝ Թեմական խորհուրդը մեզ հայտնեց, որ տվյալ տարեշրջանում պետք է դպրոցը դատարկվի» եւ իհարկե հետո ստեղծվեց «Հարմարություններ», որ «Թունյան»-ի տարրական բաժինը փոխադրվի «Նաիրի»: Ըստ նրա «Նախնական ծրագրավորումը այն էր, որ մեկ տարվա ընթացքում այդ դպրոցը կառուցվի եւ «Թունյան» դպրոցի աշակերտները օգտվեն նոր շենքի հնարավորություններից»: Իսկ թե հետագայում ինչ դժվարությունների է հանդիպել Թեմական խորհուրդը, «ինչ հարցեր են առաջ եկել, որ չի հաջողվել դպրոցը ժամանակին պատրաստել, իրականության մեջ պատասխանատուն ժամանակի Կրթական խորհուրդը չէ, արդեն հարցի այդ մասով պետք է դիմեք Թեմական խորհրդին»: Ն. Արամյանը իրեն արդարացնելու համար նշում է նաեւ. «Հաստատում եմ, որ «Նաիրի» դպրոցը, ուր ժամանակավորապես փոխադրվել են «Թունյան»-ի տարրական օղակի աշակերտները, շատ անբարվոք վիճակում է գտնվում, շատ նախնական բաներ նախաձեռնվեցին այն ժամանակ, որ դպրոցի այդ հատվածը միայն մեկ տարվա ժամկետով օգտագործվի աշակերտության համար»: Ուզում է ասել, որ փոխադրման առաջին տարին, ոչինչ, լավ էր, բայց դա իրականում այդպես չէ եւ Ն. Արամյանն էլ լավ գիտի այդ մասին, պարզապես իր օձիգն է փրկում: Կրթական խորհրդի նախկին պատասխանատուն չի մոռանում հայտնել նաեւ իր անձնական տեսակետը: Նա ասում է, որ. «Եթե պետք է երկարաձգվի նորակառույց դպրոցի աշխատանքը, ուրեմն՝ տնօրինում պետք է կատարվի, որ աշակերտությունը փոխադրվի այլ դպրոց, փոխադրամիջոցներ տրամադրվեն աշակերտությանը: Համենայն դեպս՝ «Նաիրի» տղայոց դպրոցի հին շենքը հարմար չէ աշակերտության համար, եթե նրանք այնտեղ մեկ տարուց ավել պետք է մնան»: Արամյանի այս տեսակետը, երեւի, այնքան էլ նոր չէր դոկտ. Աիդա Հովհաննիսյանի համար, ով «առանց իսկ իմանալու» Արամյանի ասուլիսի մասին պատասխանել է, որ «Այս հարցում միակ գործնական տարբերակը «Նաիրի» տղայոց տարրական դպրոցի հարակից դպրոցն է ներկա «Թունյան»-ի, նրանից օգտվելն է, որը, իհարկե, ... նաեւ պայմանավորված է նրանով, որ «Նաիրի» դպրոցի տնօրենությունը համաձայնվի դրան, իսկ հակառակ դեպքում՝ պետք է տեսնել ինչ ուրիշ հնարավորություններ կան, որովհետեւ, բնականաբար, կրթական նախարարության համաձայն՝ տվյալ շրջանից ուրիշ շրջան հնարավոր չէ դպրոցը տեղափոխել»: Իսկ «Թունյան» դպրոցի փոխտեսուչ տկն. Շաքե Ավետյանը «պահպանելով քաղաքավարության էտիկան» անընդհատ շնորհակալություն է հայտնում ազգային իշխանություններին: Ըստ նրա. «Բարեբախտաբար, հանդիպումը կայացավ եւ ամեն ինչ շատ նորմալ ընթացք ունեցավ» եւ «ժողովուրդը շատ գոհ մնաց այդ հանդիպումից»: ՊԺ ատենադպիրը, չգիտես ումից վախեցած կամ ում մոտ արդարանալու համար, մի քանի անգամ կրկնում է, որ հանդիպմանը հիմնականում մասնակցում էին ծնողները եւ ապա բացատրում՝ «Ինչո՞ւ եմ հաստատ նշում՝ մեծամասամբ, քանի որ դռան մուտքի մօտ արձանագրել ենք, թե ովքեր են ծնող, ... թվով 10 հոգի ծնողներ չէին, ... բայց մեկ անգամ էլ եմ շեշտում՝ մեծամասնությունը դահլիճում ծնողներն էին»: Շ. Ավետյանն ասում է. «ես շատ վստահ եմ, որ ժողովուրդը գոհ եւ բավարարված էր այս ամենից եւ ամենակարեւորը՝ դա պատիվ է, որ բերում է մեր ազգային իշխանությանը, որ իսկապես ազգային իշխանությունը հետամուտ է բոլոր աշխատանքներին՝ «Թունյան»-ի հարցով կամ ընդհանրապես համայնքին վերաբերող հարցերին եւ ես ծնողների տեսակետը ժողովից հետո նաեւ իմանալով, որոնք մոտենում եւ շնորհակալություն էին հայտնում հատկապես ազգային իշխանություններից, որոնք եկան եւ լսեցին մեզ: Ես զգում եմ, որ ժողովուրդը բավականին արժեւորված է զգում իրեն»: Նա հավելեց, որ Պատգամավորական ժողովում «հստակ որոշում տրվեց՝ Պատգամավորական ժողովը խնդրեց Թեմական խորհրդին, որ շուտափույթ կերպով քննարկվի, որ արդեոք հնարավո՞ր է «Թունյան» տարրական դպրոցի երեխաներին տեղափոխել մի ուրիշ հարմար վայր, քանի որ մեր դպրոցը որոշված էր կառուցել մինչեւ մեկ տարի, բայց, դժբախտաբար, բոլորս էլ գիտենք նման աշխատանքներում պատահում են շատ անսպասելի խնդիրներ, որոնք պատճառ են դառնում՝ ծրագրված աշխատանքները հետաձգվեն եւ թերեւս այս դեպքում Թեմական խորհրդի ջանքերով խնդիրները հարթվել են եւ մենք արդեն մեկ տարի եղել ենք այս անհարմար շենքում եւ արդեն երկրորդ տարեշրջանն ենք թեւակոխում, ... եւ ըստ Թեմական խորհրդի՝ դեռ 2010-11-ն էլ մենք լինելու ենք այս վայրում: ... Հիմնականում, այս ուղղությամբ որոշում կայացվեց, որ Թեմական խորհուրդը շտապ կերպով ուսումնասիրություններ կատարի եւ եթե հնարավոր է, նաեւ Կրթական խորհրդի հետ միատեղ քննարկումներ կատարվեն եւ եթե հնարավոր լինի, աշակերտությանը ժամանակավորապես տեղափոխեն մեկ ուրիշ ավելի հարմարավետ վայր՝ մինչեւ «Թունյան»-ի նոր շենքը կառուցվի: Եվ ես շատ վստահ եմ, որ այս աշխատանքը հենց այդպես էլ հանգուցալուծում կը գտնի եւ վստահ եմ, որ աշխատանքները այսուհետ դրական ընթացք կունենան»: Նույն ժամանակ կալվածագրերի վիճակի մասին Շինարարական մարմնի հետ ԹՀԹ Թեմական խորհրդի կապ Ռուբիկ Սարխոշյանն ասում է. «Ճիշտն ասած՝ այդ կալվածագրերի հարցը անցյալ շրջանի Թեմական խորհրդից է մեզ փոխանցվել, եւ գիտեք, որ տարբեր հողամասերից է այդ տարածքը բաղկացած, ընդհանուր մի տարածք՝ 2300-ից 400 մետր է, եթե չեմ սխալվում, եւ երբ դիմել են քաղաքապետարան, որպեսզի ստանան շինարարության արտոնագիրը, պարզվել է, որ այդ կալվածագրերից մեկը չկա»: Ռ. Սարխոշյանը վերակառուցման աշխատանքների մասին նշել է. «Մեր նախատեսումները մեկ տարվա ժամկետի շրջանակներում են: Պայմանագիրը կապալառուի հետ ստորագրելուց հետո՝ մեկ տարվա ժամկետ կճշտենք նրա համար, այսինքն՝ կապալառուն դա իմանալով է գալիս եւ իր գինը ներկայացնում»: Իսկ օր. Ա. Հովհաննիսյանի պատասխանը, կապված դպրոցի կալվածագրերին, եթե ոչ ծիծաղալի ապա անլուրջ է: Նա այդ առնչությամբ ասում է. «Առանց կալվածագրերի վիճակը ստուգելու՝ դպրոցը քանդվել է, որովհետեւ կալվածը ունի 10 կալվածագիր եւ ընդհանրապես առանց դրանք քաղաքապետարանին հանձնելու եւ քաղաքապետարանի հետ միասին հողամասի վրա. այդ քարտեզների դասավորումը, ընդհանրապես քաղաքապետարանի պատկան բաժնի կողմից դասավորումները՝ այդ կալվածագիրը համեմատելու, համապատասխանեցնելու հողամասի տարածքի մետրաժի հետ, ընդհանրապես մեզ համար պարզ չէր, որ կա մի կալվածագիր, եւ չէր էլ սպասվում, որ մեկ կալվածագիր հանկարծ մի փոքրիկ տարածքի համար, 170 մետրի համար ընդամենը, գոյություն չունենա: Կալվածագիրը, իհարկե, կորած չէր, այլ ընդհանրապես երբեք կալվածագիր այդ փոքրիկ տարածքի համար տրված չի եղել. սա էր հիմնական պատճառը»: Այս հումորային վիճակից ազտվելու համար օր. Աիդան հիշեցնում է, որ. «Երեւի թե հնարավոր էր նախապես քաղաքապետարանի հետ պարագան ստուգել, բայց որովհետեւ ընդհանրապես չկար այդ պատկերացումը, որ կարող է պատահել 10 հատ կալվածագրերի մեջ մեկ հատը 50 տարի առաջ տրված չլինի, ընդհանրապես չէր նախատեսվում նման դժվարություն»: Թվում է «Թունյան» դպրոցի հարցը, «ազգային իշխանության բուրգում», պատրվակ է որոշների ձեռքում՝ հարվածելու Թեմականի ատենապետուհուն: Այդուհանդերձ, մի պարզ ու անմեղ հարց ուղղելով իրավաբան - դոկտոր Աիդա Հովհաննիսյանին, փակենք այս խոսակցությունները. Արդյո՞ք նման տրամաբանությամբ կարող էիք համոզել որեւէ դատավորի: Հիշեցնենք, այստեղ դատավորի դերում է ժողովուրդը, իսկ մենք այս հարցում երբեք չէինք ցանկանա տեսնել ձեր պարտությունը, որովհետեւ հետայնու պետք է մտահոգվել ոչ միայն «Թունյան» դպրոցի, այլ ողջ ազգային կալվածների համար: Մեր աչքի առջեւ է «Քուշեշ-Մարիամյան» դպրոցի, «Արամ» սրահի, Հայաստանում գնված տարածքի եւ այլ պարագաները: Եվ ի վերջո, մենք էլ, մեր խոսքը փակենք նույն «Թունյան» դպրոցի վաստակավոր ուսուցիչ, պրն. Նազար Շահվերդյանի բառերով՝ «Մեր աղոթքն է, որ Տերն ընդմիշտ ամուր պահի ու պահպանի մեր հավատամքի, մեր գոյության երաշխիքը համարվող կրթական օջախները, մեր լեզուն ու մշակույթը», որպեսզի «դրանով իսկ նեցուկը լինենք մեր Ազատ, Անկախ Հայաստանի եւ նրա անբաժան մասը համարվող արյան գնով ձեռք բերած հայոց Արցախի պահպանմանը, Ամեն», միայն թե չմոռանանք, լոկ աղոթքով արդյունքի չենք հասնելու, արդյունքը ոչ միայն միտք, հավատք ու խոսք, այլ ԳՈՐԾ է պահանջում: Վերջին լուր. 2009թ. դեկտեմբերի 8-ին, ԹՀԹ Պատգամավորական ժողովի կայացած նիստում օրակարգ է դրվել նաեւ «Թունյան» դպրոցի ժամանակավոր վիճակին վերահասու լինելու հարցը: Արդյունքում՝ ՊԺ-ը որոշել է Թեմական խորհրդին հանձնարարել՝ «Նաիրի» դպրոցի անհարմարությունների պարագան ուսումնասիրել եւ հնարավորինս շուտ կարգի բերել: Հուսանք, շուտով կտեսնենք որոշման արդյունքը: Հրայր «ԱՐԱՔՍ» շաբաթաթերթ, համար 195, Նոյ. Դեկտ. 2009.

ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴՌՆԵՐԸ

Շաբաթ, 2009թ. նոյեմբերի 28-ի երեկոյան, ԹՀԹ Առաջնորդարանի դահլիճում, Պատգամավորական ժողովի նորաստեղծ Կազմակերպչական հանձնաժողովի եւ իրանահայ տպագիր մամուլի ներկայացուցիչների միջեւ կայացավ խորհրդակցական մի հանդիպում, որտեղ խորհրդակցության դրվեց Պատգամավորական ժողովում մամուլի ներկայության խնդիրը եւ նրանից բխող հետեւանքները: Նիստը, որին մասնակցում էին «Արաքս», «Յոյս» եւ «Ալիք» թերթերի ներկայացուցիչները, վարում էր Հանձնաժողովի ատենադպիր Ալբերտ Քոչարյանը, ով բացադրելով խորհդակցության նպատակի մասին ասաց. «Մեզ հետաքրքրում էր, նախքան հարցը վերջնականորեն քննարկման դնել Պատգամավորական ժողովում, լսել նաեւ ձեր կարծիքները»: Իսկ Պատգամավորական ժողովը, 2009թ. դեկտ. 8-ի իր նիստում, այլ հարցերի կողքին, օրակարգի նյութ դարձրեց նաեւ Պատգամավորական ժողովում տպագիր մամուլի ներկայութեան պարագան եւ «երկար խորհրդակցություններից ու կարծիքների փոխանակումից հետո ընդհանրության մեջ» հաստատեց այն, որը մեկ տարվա փորձի շրջանով պիտի գործադրվի եւ հավանաբար «դրական արդյունք ստանալու դեպքում» երկարաձգվելու է: Անկախ նրանից թե ինչպիսի ընթացք կունենա այս որոշումը եւ պատգամավորները որքանով իրենց կաշկանդված կամ ավելի պատասխանատու կզգան ելույթներում, պիտի խոստովանել, որ այս քայլով Պատգամավորական ժողովը իրեն մոտեցնում է ժողովրդին՝ նրան մասնակից դարձնում հենց իր հարցերում եւ այդպիսով ինքնաբերաբար լցվելու է երկուսի միջեւ ստեղծված վիհը: «ԱՐԱՔՍ» շաբաթաթերթ, համար 195, Նոյ. Դեկտ. 2009.

Տոնվեց «Րաֆֆի» համալիրի 30-ամյակը

Սրանից 30 տարի առաջ Սասուն քաղաքամասի հայ երիտասարդությունը ինքնաբուխ շարժումով որոշեց, մի կտոր չոր ու ավերակ հողամասի հոգի ու շունչ տալ, ստեղծել մի տուն, որտեղ կարողանա հաճելի ժամեր անցկացնել եւ միասնական աշխատանքի քաղցր համը ճաշակել: Սկզբնական նպատակը սեփական ֆուտբոլի դաշտ ունենալն էր, հետո դրան ավելացավ նաեւ այլ մարզաճյուղերի հարմարություններ ավելացնելու հարցը: Բայց քանի որ հայ ենք ու հայն էլ առանց իր մշակույթի չի դիմանում մարզականին գումարեց նաեւ մշակութային բաժանմունքը եւ այդպես քիչ-քիչ երիտասարդ բազկի եւ մտքի շնորհիվ ձեւավորվեց «Րաֆֆի» միությունը, որը առ ժամանակ անց միութենականների անխոնջ աշխատանքի եւ ժողովրդի անվերապահ պաշտպանության արդյունքում վերածվեց համալիրի: Համալիր, որն այսօր մարզանքի կողքին զբաղված է նաեւ հայեցի դաստիարակությամբ ու հայապահպանման գործով: Հինգշաբթի նոյեմբերի 16-ի երեկոյան ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի մեծ դահլիճում, ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Գրիգոր Առաքելյանի, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Գեորգ Վարդանի, թերթիս խմբագիր Մովսես Քեշիշյանի, միությունների եւ հաստատությանց ներկայացուցիչների ու հարյուրավոր միութենականների ներկայությամբ, մեծ շուքով տոնվեց ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի հիմնադրման 30-ամյակը: Տոնակատարությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ձայնափողին մոտեցավ ձեռնարկի վարիչ, Թեհրանի ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության դասախոս, տկն. Քարմեն Ազարյանը: Նա, ողջունելով ներկաներին, ասաց. «Ուրախ ենք, այսօր, բոլորիդ միասին ու համատեղ տեսնել այս սուրբ հարկի տակ: Սուրբ եմ ասում, թող չափազանցություն կամ մեծամտություն չհնչի, քանի որ սա իրոք սուրբ հարկ է՝ սուրբ օջախ, որն իր շուրջ է հավաքել ոչ թե մի ընտանիք արյանակցական կապ ունեցող սահմանափակ թվով մարդկանց, այն էլ ժամանակավորապես, այլ ամենահեռավոր կապ անգամ չունեցող ամենատարբեր տարիքի, խավի ու տիպի մարդկանց»: Ձեռնարկավարը ավելացրեց. «Իսկ մենք՝ «Րաֆֆի» համալիրի 30-ամյակի հոբելյանի մեծարման առիթով այս հարկի տակ հավաքվածներս, թող մեկ անգամ եւս հիշելով կատարված գործի ահագնությունը, եւ ստեղծվածի անգնահատելի արժեքը, առիթն օգտագործենք միմյանց խոստանալու, որ յուրաքանչյուրս կանենք մեր հնարավորը, ո՛չ, հնարավորինն այսօր դեռ քիչ է, կանենք անհնարինը պահպանելու եւ զարգացնելու մեր բոլորի 30-ամյա աշխատանքի արդյունքը, փոշուց ելած այս կառույցը եւ այս հավաքականությունը՝ այն ծառայեցնելով մեր համայնքի եւ ազգային շահերին»: Վարիչը չմոռացավ նաեւ միության հիմնադիր ներկա եւ բացակա անդամներին՝ Աբրամ Խոսրովյանին, Պետրոս Աբգարյանին, Հայկ Խաջավիին, Վարդան Բաբախանյանին եւ այլոց: Ապա բեմ հրավիրեց Վ. Բաբախանյանին իր խոսքն ու որոշ հուշեր պատմելու: Հոբելյանական ձեռնարկի առիթով շնորհավորական ուղերձներ էին հղվել թեմիս Առաջնորդի, ՀՀ դեսպանի, Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհուրդի, «Արաքս» շաբաթաթերթի, «Սիփան», «Արարատ» եւ հայ կանանց եկեղեցասեր միությունների, տիկ. Աստղիկ Բաբայանի եւ այլոց կողմից: Պահը հարմար գտնելով վարիչը բեմ հրավիրեց Սրբազան Հորը, որպեսզի իր հայրական խոսքն ուղղի միութենականներին: Թեմիս առաջնորդը մոտենալով ամբիոնին, խոսեց հավուր պատշաճի եւ բարձր գնահատելով «Րաֆֆի» համալիրի 30-ամյա ազգային գործունեությունը, հաստատեց, որ իսկապես այն սուրբ օջախ է, որովհետեւ այնտեղ հնչում է հայերենը, մատաղ սերունդը դաստիարակվում հայեցիորեն: Սրբազանն իր օրհնանքը տալով միությանն ու միութենականներին, մաղթեց, որ «Րաֆֆի» համալիրը դեռ երկար ծառայի մեր համայնքին: Այնուհետ ընթերցվեց ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի ուղերձը, ուր Դեսպանն ողջունել էր միության 30-ամյակը, շեշտել՝ որ «Րաֆֆի»-ն մեծ դեր է ստանձնել Հայաստան-Իրան բարեկամության կարեւոր գործում: Ընթերցվեց նաեւ Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի եւ թերթիս խմբագրության կողմից հղված ուղերձները ու նաեւ հիշվեց այն հաստատությունների անունները, որոնք ուղերձներ էին հղել, բայց ժամանակի սղության պատճառով հնարավոր չէր ընթերցել բոլորը: Թերթիս խմբագրության կողմից հղված ուղերձում ասված էր. «Թեհրանահայ ամենասիրված կառույցներից մեկի՝ «Րաֆֆի» համալիրի անցած երեսուն տարիները փաստել են, որ այն ի գին անմնացորդ նվիրումի ծառայել է հայկական մշակույթի պահպանման եւ մեծ ներդրում է ունեցել թեհրանահայ համայնքի եւ ինչու չէ նաեւ երկրի մարզական կյանքում»: Իր ուղերձի վերջում, «Արաքս» շաբաթաթերթը հավաստիացնում է. «Մենք մեզ հպարտ ենք զգում համայնքի գոյատեւման ու բարգավաճման մեջ «Րաֆֆի» համալիրի նման գործընկեր ունենալու համար եւ մեկ անգամ նորից ողջունում ենք նրան մարզանքի ու ազգապահպանման ոլորտներում ունեցած 30-ամյա վաստակի առթիվ, նրան մաղթելով առանց փուշերի, կանաչ ճանապարհ, իսկ «Րաֆֆի»-ականներին օրավուր նոր հաջողություններ»: Ծրագրի ընթացքում վարիչը պահ առ պահ ներկաներին ծանոթացնում էր միության անցած 30-ամյա աշխատանքների հետ, իսկ սրահի անկյունում տեղադրված էկրանի վրա ցուցադրվում էր հին եւ նոր պատկերներ համալիրում իրականացված ձեռնարկներից՝ միութենականների մոտ արթնացնելով հին հուշերն ու նոր վերելքները: Հոբելյանական ծրագիրը խոսքերից, ուղերձներից ու հյուրասիրությունից բացի օժտված էր նաեւ գեղարվեստական ելույթներով, համայնքի սիրված երգիչներից չորսը այդ օրը ուրախ մթնոլորտ նվիրեցին ներկաներին: Երգերով հանդես եկավ նաեւ միության «Մեղեդի» երգչախումբը՝ Զարուհի Ենգոյանի ղեկավարությամբ: Ասմունքեցին Անի Նազարյանն ու Մեղեդի Բուդաղյանը: Եվ ինչու չէ նաեւ նազանքով բեմ դուրս եկավ միության «Անի» պարախումբը, պարուսույց տկն. Էլգա Մինասյան, եւ «Զանգեզուր» ու «Շալախո» պարերով ոգեւորեց բոլորին: Իսկ ամենավերջում հերթն հասավ 30-ամյակի կարկանդակին, որ ծափողջույններով սրահ բերվեց միութենականների ձեռքով: Եվ նրա շուրջ, հայկական երաժշտության ներքո, կայացավ մի մեծ շրջանակ ու սկսվեց միասնության պարը... Մեկ անգամ եւս շնորհավորելով «Րաֆֆի» համալիրի 30-ամյա հոբելյանը, նրան մաղթում ենք հաղթանակներով լի տարիներ, նորանոր հոբելյաններ: Արթին Բաղումյան «ԱՐԱՔՍ» շաբաթաթերթ, համար 195, Նոյ. Դեկտ. 2009.

Ադանայի ջարդի 100-ամյակը Շահինշահրում

Հովանավորությամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգեն եպիս. Չարյանի, 2009թ. նոյեմբերի 13-ին, Շահինշահրի հայ համայնքի Վարչությունը կազմակերպել էր դասախոսական երեկո՝ նվիրված Ադանայի կոտորածի 100-ամյակին: Ձեռնարկին իրենց մասնակցությունն էին բերել համայնքի ծխատեր քահանա Տ. Մեսրոպ քհն. Գալստանյանը, Տ. Փառեն քհն. Միրզախանյանը, թեմի Կրոնական եւ Թեմական խորհուրդների, Շահինշահրի հայ համայնքի Վարչության, հայոց դպրոցների ուսուցչական եւ ծնողական խորհուրդների ներկայացուցիչները եւ իհարկե նաեւ հարյուրից ավելի հանդիսատես: Ծրագրի բացումը կատարեց տկն. Մառիթա Քեշիշյանը, ով հակիրճ բացատրություն տալով օրվա առիթի կապակցությամբ, նշեց. «Եկեք արժանի լրջություն հաղորդենք մեր պատմության այս տխուր էջին: Նոր սերնդի դեմ բացենք պատմության էջերը, որպեսզի կարողանա գիտակցաբար կերտել իր ապագան՝ ճանաչելով իր իրավունքները, պահանջատեր լինել համաշխարհային ատյանում»: Ապա ծրագրի վարիչը բեմ հրավիրեց օրվա բանախոս՝ ՍՀԹ առաջնորդ Տ. Բաբգեն եպիս. Չարյանին: Բանախոսը անդրադառնալով Ադանայի պատմությանն ու 1909 թվականին նրանում տեղի ունեցած կոտորածին որոշ բացատրություններ տվեց այն մասին թե ինչպես են թուրքերը հայերին կոտորել հայոց Ադանայում եւ հայ ժողովրդի զավակները՝ փոքր ու մեծ, կին թե մարդ, ինչպես են դիմադրություն ցույց տվել թուրքական իշխանությունների դիմաց: Սրբազան Հայրը շեշտեց, որ «Հայ ժողովուրդը չի դադարեցնի իր պայքարը Թուրքիայի դեմ, մինչեւ նա վարձահատույց չլինի իր գործած մեղքերի համար»: Ծրագրի երկրորդ բաժինը հատկացված էր գեղարվեստական ելույթներին: Այստեղ ազգային-ժողովրդական երգերով հանդես եկան համայնքի սիրված երգիչ-ուհիներ եւ պարուհիներ: Ձեռնարկի վերջավորության տկն. Մառիթա Քեշիշյանը Շահինշահրի հայ համայնքի Վարչության անունից շնոհակալություն հայտնեց Տ. Բաբգեն եպիս. Չարյանին, ՍՀԹ Կրոնական եւ Թեմական խորհուրդների ներկայացուցիչներին, Նոր Ջուղայի «Արարատ» միության մշակութային բաժանմունքին եւ իհարկե հանդիսատեսին՝ մաղթելով նրանց Հաջողություն: Թղթակից՝ Էդնա Խաչիկյան «ԱՐԱՔՍ» շաբաթաթերթ, համար 195, Նոյ. Դեկտ. 2009.

Գրքի շաբաթվա առիթով Գնահատվեցին գիտնականներ, արվեստագետներ եւ գրողներ

Մշակույթի եւ իսլ. առաջնորդության նախարարությունը ոսկեդրամով եւ պատվոգրով գնահատեց կրոնական փոքրամասնությունների, այդ շարքում նաեւ հայ դասախոսների, արվեստագետների եւ գրողների: 2009թ. նոյեմբերի 18-ին, Գրքի շաբաթվա առիթով, «Ահլե ղալամ» (գրչասերների) տանը, Մշակույթի եւ իսլ. առաջնորդության նախարարության մշակութային հարցերի տեղակալության նախաձեռնությամբ, կայացավ «Մշակույթ, հրատարակություն եւ քրիստոնեա, զրադաշտական ու հրեա մտավորական հայրենակիցներ» անվանակոչված հանդիպումը, ուր հրավիրված էին Իսլամական խորհրդարանում փոքրամասնությունների պատգամավորներ, հոգեւորականներ, համալսարանի դասախոսներ, գրողներ, մշակութային, հասարակական կառույցների եւ մամուլի ներկայացուցիչներ: Ձեռնարկը վարում էր Կրոնական փոքրամասնությունների գրասենյակի վարիչ Սաիդ Թաղավին: Ազգային քայլերգից ու բացման խոսքից հետո Ս. Թաղավին բեմ հրավիրեց նախարարության մշակութային տեղակալ դոկտ. Մոհսեն Փարվիզին, որն իր հերթին նաեւ բարի գալուստ մաղթեց ներկաներին եւ ապա խոսեց վերջին նախագահական ընտրությունների եւ հետընտրական անցուդարձերի մասին: Բանախոսը վերջին ընտրությունները համարելով ամենաժողովրդավարականը աշխարհում շնորհակալություն հայտնեց կրոնական փոքրամասնություններին առաջացած եռուզեռին չտարվելու համար: Ապա օրվա առիթով իր գնահատանքի խոսքն ասաց գրչասեր մարդկանց: Այնուհետ ելույթի համար մեկական ներկայացուցիչներ բեմ հրավիրվեցին յուրաքանչյուր կրոնական փոքրամասնությունից: Ելույթներից հետո Սաիդ Թաղավին բեմ հրավիրեց Մշակույթի եւ իսլ. առաջնորդության նախարարության պատասխանատուներին, եւ ԻԽ պատգամավորներին, այդ շարքում նաեւ Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին, գնահատվողներին հանձնելու գնահատագրերն ու նվերները: Հայ գնհատվողներն էին՝ ակադեմիկոս դոկտ. Մկրտիչ Թումանյանը, գրող եւ թարգմանիչ՝ Խաչիկ Խաչերը, արվեստաբան՝ Ժանետ Լազարյանը, բանաստեղծուհի՝ Ծաղկանուշ Ծատրյանը եւ բանասեր Անդրանիկ Հովյանը: Պատվոգրեր ստացան նաեւ հայկական «Ալիք» եւ հրեական «Օֆող բինա» թերթերը: Ծրագիրն ավարտվեց ճաշկերույթով: «ԱՐԱՔՍ» շաբաթաթերթ, համար 195, Նոյ. Դեկտ. 2009.

Կունենա՞նք մեր Վերնատունը

Սույն թվի սեպտեմբերի 29-ին, Սրբազան Հոր հրավերով ԹՀԹ առաջնորդարանի դահլիճում կայացավ գրողների եւ գրականությամբ հետաքրքրվող անձանց առաջին հանդիպումը, որը այնուհետ շարունակվեց նոյեմբերի 7-ի հանդիպումով ու դեռ պիտի շարունավի ամսական մեկ հավաքով: Նպատակը պարզ է եւ անմեղ՝ փորձենք ստեղծել մեր «Վերնատունը», առանց իսկ մի պահ ինքնասիրությամբ տարվելու՝ մենք ոչ մեկս մեզ Թումանյան չենք համարում ու չենք էլ կարող համարել: Ուստի «Վերնատուն» անվան ընտրությունն էլ սիմվոլիկ հասկացողությամբ պիտի ընդունել: Սրբազան Հայրը առաջին հանդիպման ժամանակ, իր խոսքերի ընթացքում, վեր հանեց մի շարք կարեւոր կետեր, որոնք համարվում են մեր համայնքի հուզիչ խնդիրները: Խնդիրներ, որոնց մի մասի լուծվելու դեպքում նույնիսկ, հիմք է դրվելու այն դրվածքին, որը հանդիսանում է վերնատուն ստեղծելու մտահղացման առանցքը, որով գրողների դեմ բացվելու է մի նոր պատուհան: Ժամանակին Հովհաննես Թումանյանի շուրջ համախմբվեցին հայ գրականության մշակներն ու երեւան բերեցին գրական մի խմբակ եւ նրա հավաքների տեղը կոչվեց Վերնատուն եւ ակնհայտ է, թե որքան մեծ դեր խաղաց այն մեր գրողների կյանքում: Եվ այսօր մենք ինչո՞ւ չհամախմբվենք, Սրբազան Հոր շուրջ, եւ ինչո՞ւ Առաջնորդարանի դահլիճը չդառնա նոր «Վերնատուն»: Այդ հարցով եղավ մտքերի փոխանակում: Շատերն այն կարծիքի էին, որ այս հավաքի կազմվելով Իրանահայ Գրողների միությունը մի կարեւոր հենակ ձեռք կբերի, իսկ ոմանք էլ հակառակը՝ որ այն կարող է բացասական ազդեցություն թողնել Գրողների միության վրա: Ու երեւի հենց դրա համար էլ որոշ գրողներ դեռ չեն մասնակցում այս հանդիպումներին: Սակայն Ընդունենք կամ ոչ, որոշ գրողներ, այսպես կամ այնպես, չեն հաճախում Գրողների միություն, ընդորում նաեւ արժանի գրողներ: Ուստի վերնատան ստեղծելու գեղեցիկ մտահղացումը շատ լավ առիթ է մեր համայնքի բոլոր գրողներին ու գրականասեր մարդկանց ի մի բերենք մեկ արաստաղի տակ, որպեսզի իրենց գիտելիքներով եւ վաստակով, օգտակար լինեն միմյանց՝ մտքերով ու ապրումներով կիսվեն իրենց գրչեղբայր-քույրերի հետ: Ստեղծվելիք «Վերնատան» դրական կողմերից մեկն էլ, ըստ իս, այն է, որ նախագահ, փոխնախագահ եւ այլնի ընտրելու «տհաճ» երեւույթներից հեռու է լինելու՝ կլինի Սրբազան Հոր ղեկավարությունը եւ վերջ: Այստեղ մարդիկ պիտի հավաքվեն, խոսեն ու լսեն առանց գաղափարական խտրականության: Երեւի հենց այդ հավատքից ելնելով էլ Առաջնորդն ասաց. «Իմ սպասումն ու պատկերացումը միանգամայն այն է սիրելիներ, որ մենք համատեղ աշխատանքի հեռանկարով գործենք եւ միմյանց հանդիպենք. մի պահ մոռանանք «ես», «դուն» եւ կամ «իմ» դերանունները. հետամուտ լինենք Մեր աշխատանքին: Եթե հաջողություն պիտի գտնենք, վստահաբար, մեր հավաքական աշխատանքով պիտի գտնենք»: Իսկ նվաստս, հավատալով միասնական աշխատանքի եւ հանդուրժողականության կարեւորությանը, ինձ թույլ եմ տալիս գալիք հավաքի համար բաց հրավեր ուղղել բոլոր գրողներին ու գրասերներին, որպեսզի միասնաբար, ինչպես Սրբազանն է ասում՝ «պարզապես մեկնելով այսօրվա կյանքի տվյալներից փորձենք նոր մի ակոս բանալ գաղութի կյանքում»: Արդյոք կհաջողվի դա մեզ: Կունենա՞նք մեր Վերնատունը: Հուսանք, հուսանք դա կստացվի եւ սխալ բացատրություններ չի ստանա: Ա. Բաբայան «ԱՐԱՔՍ» շաբաթաթերթ, համար 195, Նոյ. Դեկտ. 2009.

ԼՂՀ վարչապետ. Առանց ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման ղարաբաղյան կարգավորման ցանկացած բանակցություն դատապարտված է ձախողման

News.am. 29-12-2009- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը 2009 թվականի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ոչ մի հստակ ձեռքբերումներ չի տեսնում։ Խոսելով բանակցային գործընթացից՝ վարչապետն ասել է, որ Ղարաբաղը պաշտոնապես չի մասնակցում կարգավորման գործընթացին, թեեւ տեղյակ է թե ինչ է կատարվում բանակցությունների սեղանի շուրջ։ «Մեր երկրի իշխանությունների կողմից արված ցանկացած հայտարարության հիմքում դրված է անկախության ճանաչման հարցը։ Առանց հաշվի առնելու ազգերի ինքնորոշման իրավունքը, ցանկացած բանակցային գործընթաց դատապարտված է ձախողման։ Ցանկացած նախապայման, որին դեմ կլինի Արցախի ժողովուրդը, չի ընդունվի։ Եւ՛ Հայաստանի եւ՛ Լեռնային Ղարաբաղի նախագահները բազմիցս նշել են, որ վերջին խոսքը ժողովուրդն է ասելու։ Առաջին հերթին պետք է հարգվի ազգերի ինքնորոշման իրավունքը եւ ապահովվեն անվտանգության երաշխիքները։ Միայն դրանից հետո մենք կքննարկենք, թե փոխադարձ զիջումների գնալու ի՞նչ տարբերակներ կան»,- ընդգծել է Արա Հարությունյանը։

Թուրքիայի Ազգային անվտանգությանն խորհուրդը ժողովրդին միասնության կոչ է անում

/PanARMENIAN.Net/ 29.12.2009 - Դեկտեմբերի 28-ին Անկարայում կայացավ Թուրքիայի Ազգային անվտանգությանն խորհրդի (NSC) նիստը, հաղորդում է Թուրքիայի TRT պետական հեռուստաալիքի ռուսական ծառայությունը: Երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ Չանկայի խալատում կայացած խորհրդակցությունը 4,5 ժամ է տեւել: Պետնախարար ու ԵՄ հետ բանակցություններում պատվիրակության ղեկավար Էգեմեն Բագիսը նույնպես մասնակցել է խորհրդակցությանը որոշ հարցերի քննարկման ժամանակ: Խորհրդակցության ավարտին կատարվեց հայտարարություն, որում նշվում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել է իրադարձությունների զարգացումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: «Խորհրդակցության ընթացքում շեշտը դրվեց երկրի միասնությանն ու հանգստությանը սպառնացող ահաբեկչության դեմ պայքարի վճռականության վրա: Շեշտ դրվեց նաեւ այն բանին, որ ժողովրդավարական ու իրավական սկզբունքների շրջանակում մեր երկրի քաղաքացիները առողջ մտքով կառաջնորդվեն եւ կխուսափեն եղբայրական կապերին վնասող գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ Իրաքում հնարավոր խորհրդարանական ընտրությունների գործընթացը, եռյակային մեխանիզմի աշխատանքը եւ հարաբերություններն Իրաքի հետ: Խորհրդի անդամները մանրամասն դիտարկեցին նաեւ բանակցությունների գործընթացը Կիպրոսում: ԵՄ հետ բանակցություններում դեպքերի զարգացումը նույնպես Խորհրդի օրակարգում առկա գլխավոր հարցերից էին: Խորհրդակցության ավարտին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խորհրդի անդամ հանդիսացող նախարարների հետ նիստ անցկացրեց:

Tuesday, December 29, 2009

Դեկտեմբերի 30-ին սկսվում է սուրբծննդյան պահքը

Ամեն տարի դեկտեմբերի 30-ին սկսվում է սուրբծննդյան 7-օրյա պահքը: Ցանկալի է այդ օրը մասնակցել երեկոյան ժամերգության, ստանալ քահանայից օրհնություն: Պահքի ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով: Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից: Ինչո՞ւ է Նոր տարվա ընթացքին համընկնում պահոց շրջանը: Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին:

Թուրքիան պահանջում է վերադարձնել Փոքր Ասիայում հայտնաբերված մշակութային եւ պատմական արժեքները

/PanARMENIAN.Net/ 29.12.2009 - «Հայրենիք վերադարձնել մշակութային եւ պատմական արժեքները»,-նման պահանջով է հանդես եկել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթոգրուլ Գյունայը: Ըստ նախարարի, որպես հիմնավորում կընդունվի այն փաստը, որ արվեստի ու պատմական արժեքները պետք է ցուցադրվեն այն միջավայրում, որտեղ հայտնաբերվել են: «Թուրքիայից դուրս բերված պատմական արժեքների թվում կան հիանալի ստեղծագործություններ եւ հատվածներ: Դրանք կազմում են աշխարհի թանգարանների ցուցադրության մի մասը: Մենք կպահանջենք վերադարձնել դրանք այն հիմնավորմամբ, որ պետք է ցուցադրվեն այնտեղ, որտեղն եղել են ի սկզբանե»,-ասել է Գյունայը, հաղորդում է AA-ն:

«Բանտ Թուրքիայում, նշանակում է` բանտի մեջ բանտ» Հակոբ Պարոնյան

Panorama.am. 29-12-2009- Անկարան ճակատագրական պահեր է ապրում. այս վերտառությամբ հրապարակված տեղեկատվությունում թուրքական «Milliyet» օրաթերթը հայտնում է, որ Սահմանադրական դատարանի վճռով լուծարված «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) քրդական կուսակցության պատգամավորների` դատարանում ցուցմունքներ տալու լարվածությունը ավելի է սրվում: Այսպես` Անկարայի ծանր հանցագործությունների N11 դատարանի նոյեմբերի 14-ի որոշմամբ` «ԺՀԿ»-ական 4պատգամավորներ պետք բերման ենթարկվեին: Այդ նպատակով թուրք ոստիկաններն այսօր առավոտյան այցելել են «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) գլխավոր գրասենյակ: Նշենք, որ նախկին «ԺՀԿ»-ական պատգամավորներն այժմ միացել են վերոնշյալ կուսակցությանը: Ոստիկանները դատարան տանելու համար փնտրել են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված նախկին կուսակցապետ Ահմեթ Թյուրքին, Այսել Թուղլուքին և պատգամավորներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Էմինե Այնային, սակայն վերջիններս գրասենյակում չեն եղել: Ոստիկաններին դիմավորել է միայն «ԽԺԿ» առաջնորդ Դեմիր Չիչեքը: Թուրքական «Sabah» օրաթերթն էլ հայտնում է, որ որոնման մեջ գտնվող Ահմեթ Թյուրքի և Այսել Թուղլուքի նկատմամբ ձերբակալման վճիռ է արձակվել: Ոչ մի տարակույս, որ Թուրքիան մի մեծ բանտ է ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող քաղաքական գործիչների համար: Նրանք, ովքեր համարձակվում են հեռանալ թուրքական իշխանությունների պարտադրած կարծրատիպերից, փաստորեն, մոտենում են բանտի դռներին:

Քրդական փակված կուսակցության առաջնորդի եւ երկու պատգամավորների հանդեպ ձերբակալման որոշում է կայացվել

News.am. 29-12-2009- Թուրքիայում Սահմանադրական դատարանի կողմից դեկտեմբերի 11-ին փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդի եւ երկու պատգամավորների հանդեպ ձերբակալման եւ դատարան ներկայացնելու որոշում է կայացվել։ Թուրքական Haberler կայքէջի փոխանցմամբ՝ «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզելու» մեղադրանքով Սելլահաթին Դեմիրթաշի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գծով դատարանում, Էմինե Այնան՝ Ադանայի, իսկ փակված կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում կփորձեն պաշտպանել իրենց։ Դեկտեմբերի 29-ի առավոտյան թուրք իրավապահները այցելել են հիշյալ պատգամավորների նոր՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակ՝ դատարան բերման ենթարկելու համար, սակայն նրանք գրասենյակում չեն եղել։ NEWS.am-ը հիշեցնում է, որ երիտասարդ պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը 2009 թվականի հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների քննարկումների ժամանակ Թուրքիայի իշխանություններին մեղադրեց հայերի կոտորածների մասին դասագրքերում չգրելու եւ դրա փոխարեն սխալ տեղեկություններ տալու մեջ։ Իսկ փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավարի պապը, ըստ «Էրգենեկոնի» գործով ձերբակալված նախկին հատուկջոկատային Իբրահիմ Շահինի, եղել է հայ, ով 1925 թվականին հալածանքներից խուսափելու համար փոխել է ազգանունը։ Թուրքիայի Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 11-ի որոշմամբ՝ Ահմեդ Թուրքը 5 տարով զրկվել է քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։

2009-Ը ՉԻ “ՊՈԿՎՈՒՄ” 2008-ԻՑ

Հարցազրույց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ -Պարոն Պասկևիչյան, ավարտվում է 2009 թվականը: Ինչպե՞ս կգնահատեիք տարին: - “Լրագրի” հարցազրույցների շարքին հետևում եմ, և եթե չեմ սխալվում, Հրանտ Տեր-Աբրահամյանն էր ասում, որ այս տարին ինքնուրույն տարի չէր, 2008-ի շարունակությունն էր: Կիսում եմ Հրանտի կարծիքը: Թեև շատերն այն համարում են ինքնուրույն տարի` կապելով հայ-թուրքական արձանագրությունների հետ, ես այդ կարծիքին չեմ: Այսուհանդերձ փորձեմ ասել, թե ինչն եմ կարևորում այս տարվա ընթացքում: Կարևոր էր, այսպես կոչված, քաղաքական դիրքերի ճշգրտումը: 2008-ին այդ դիրքերը պայմանավորված էին տեղի ունեցած ու ձախողված ընտրություններով: Եվ 2008-ին արդեն շատ մեծ կասկածներ կային, որ 2007-ից սկսված շարժումը ընտրությունների ձախողումից, մարտի մեկից հետո կգնար դեպի մարում: Շարժումը մարել չէր կարող հենց միայն այն պատճառով, որ կան քաղբանտարկյալներ: Իսկ հայ-թուրքական արձանագրություններն ու Ղարաբաղի հարցով ակտիվացած բանակցությունները դարձան քաղաքական դիրքերի ճշգրտման առիթ: Հստակեցվեցին դեմարկացիոն գծերը, որովհետև ապրիլից ի վերջո Դաշնակցությունն ավելի հստակ հայտարարեց իր ընդդիմություն դառնալու մասին, և պետք է ճշգրտում մտներ` որտեղ է իշխանությունը, որտեղ` իրական ընդդիմությունը, որտեղ` ընդդիմություն դառնալու կամ երևալու հավակնություններ ունեցողները: 2009-ի ընթացքում առաջարկ եղավ, որ ընդդիմությունները միավորվեն, չմիավորվեցին, առաջարկների և մերժումների արդյունքում ավելի հստակեցվեցին իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: -Իսկ ի՞նչ արեց Կոնգրեսը 2009-ին, որ Դուք արձանագրում եք` Շարժումն, այնուամենայնիվ, չի մարել: -2009 թվականին Կոնգրեսի ամենակարևոր քայլը ուժերի հավասարակշռության գիտակցումն էր և ըստ դրա` մարտավարության կազմակերպումը: Երբ ուժերը հավասարակշիռ չեն, երկու տարբերակ կա. առաջին տարբերակը տեռորիզմն է, մյուս տարբերակը խոհեմ հետևողականությունը, ինչն էլ այսօր Կոնգրեսի մարտավարությունն է: Տեռորիզմը, բնականաբար, շատ ավելի արագ, շատ ավելի էքսպրեսիվ, շատ ավելի երևացող տարբերակ է, բայց փորձը ցույց է տալիս, որ, որպես կանոն, այն անվերջ է, տեռորիզմն անընդհատ ծնում է տեռորիզմ և անընդհատ վերածնում է և վերարտադրում է նոր տեռորիզմներ, բայց երբեք չի հաղթում: Մի երկու տարի առաջ մի առիթով ուսումնասիրել եմ բասկ-իսպանական կոնֆլիկտը: Նրանց փորձը ցույց է տալիս, որ 59 թվականից մինչև այժմ գոյություն ունեցող բասկերի տեռորիստական կազմակերպությունը էականորեն որևէ արդյունքի չի հասնում: Եվ այն արդյունքը, ինչին հասել է բասկերի երկիրը, հասել է ողջամիտ ուժերի խոհեմ քաղաքականության շնորհիվ: Մյուս տարբերակն ուժերի գնահատումն է, և ինչպես նախորդ հարցազրույցում նշում էի` դանդաղ, բայց հետևողականորեն, քայքայելու ճանապարհով գնալու ուղին, որը որդեգրել է ՀԱԿ-ը: Առերևույթ մարդիկ դա կարող են չնկատել, դա կարող է նույնիսկ ձանձրացնել, հոգնեցնել, կարող է ինչ-որ տեղ հուսահատության հասցնել, բայց որ այդ պրոցեսը տեղի է ունենում, ես ամենևին կասկած չունեմ: Կոնգրեսի, Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրն իսկապես քաղաքական համակարգը փոխելն էր, որը մի մասով արդեն ստացվել է: Ընդդիմադիր համակարգը Հայաստանում փոխվել է, ու որևէ մեկը չի կարող ասել, որ դա շարժման ձեռքբերումը չէ: Հաջորդ քայլը պետք է լինի իշխանական համակարգի փոփոխումը: Իսկ իշխանական համակարգը փոխելու համար ժամանակ է պետք: Այսօր և հասարակությունը, և իշխանական համակարգը ինչ-որ տեղ գտնվում են աֆթըրշոկի վիճակում: Ես մի օրինակ բերեմ` մայիսի 31-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սարսափելի կեղծիքներ եղան, այդ կեղծիքներին մասնակցեց նաև հասարակությունը: Դա շատ նման է այն բանին, երբ բժիշկը մարդուն զգուշացնում է, որ դու ստամոքսի խոց ունես, գինի մի խմիր, բայց որպես կանոն` մանավանդ հայկական միջավայրում, մարդն անձամբ է փորձում` ճշտելու համար բժշկի ասածը: Դրանից հետո լինում են դեպքեր, որ մարդ մեռնում է, լինում է, որ մի կերպ փրկվում է և նոր հասկանում, որ ախտորոշումն անվրեպ է: -Հիմա կմեռնե՞նք, թե այնուամենայինվ, կփրկվենք: -Երբ հետևում ենք իշխանության քայլերին (չնայած որ արվեցին մի շարք առաջարկություններ` գնալ դեպի ժողովուրդը և ժողովրդից ստանալ վստահություն), տեսնում ենք, որ այսօր իշխանությունն անում է լրիվ հակառակ քայլերը և տնտեսության, և ներքին, և արտաքին քաղաքականության մեջ, ամենուր: Այսինքն` իշխանությունն այսօր ասում է` թող խփեն (ընդ որում այդ խփելը և ներսից է, և դրսից), բայց մեկ էլ տեսար մուրճը կոտրվեց, երբ կոտրվի, այն ժամանակ կմտածենք` ինչ է պետք անել: Սա է այսօրվա իշխանության ռեալ վիճակը: Զարմանում եմ, որ քննադատում են ընդդիմությանը (քննադատելու տեղեր կան), բայց չեն ասում, թե ինչ վիճակում է իշխանությունը: Այսօր ես իմ խնդիրը չեմ համարում ընդդիմությանը քննադատելը, որովհետև ես վաղվա իշխանության և վաղվա ընդդիմության քննադատն եմ: -Իշխանությանն էլ են շատ հաճախ քննադատում: -Ես իշխանությանը քննադատում եմ որպես չկայացած երևույթ: Ասեմ, որ 2009-ը ոչ մի կերպ չի “պոկվում” 2008-ից, հենց այն պատճառով, որ իշխանությունն այդպես էլ կայանալու ուղիներ չփնտրեց ու չգտավ: Իշխանությունը նույնիսկ չփորձեց օգտվել ընդդիմության լոյալությունից: -Ո՞ր դեպքում կայացած կլիներ` երբ քաղբանտարկյալնե՞ր չունենայինք, առհասարակ ի՞նչ պետք է փոխված լիներ: -Իշխանությունը պետք է գնա ինքնուրույն ճանապարհով, որն անխուսափելիորեն ենթադրում է փոփոխություններ: Այստեղ կա մի շատ լուրջ խնդիր. քանի որ Սերժ Սարգսյանը ժառանգել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, աթոռը, իրեն թվում է` դրա հետ նա ժառանգել է ամեն ինչ` ժառանգել է իշխող կոալիցիան, կառավարելու մեթոդները, գործիքները և այլն: Բայց անհնար է չնկատել, որ 2008-ի փետրվարից հետո Հայաստանում շատ բան է փոխվել, և քոչարյանական ժառանգության գործիքներից շատերն այժմ չեն աշխատում: Ռոբերտ Քոչարյանի գործիքներն այսօր այլևս չունեն առաջվա արդյունավետությունը և չեն ծառայում Սերժ Սարգսյանի ունեցած խնդիրների լուծմանը: Չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը դա չեն հասկանում: Մի կողմից հասկանում են, մյուս կողմից չգիտեն` ինչ կլինի, եթե իրենք հանկարծ փոխեն այդ գործիքը, ինչ կլինի, եթե ներմուծեն նոր գործիքներ, մի կողմ թողնեն հները: Այսպիսի վիճակի մեջ է իշխանությունը: -2010 թվականին ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: Մասնավորապես, ի՞նչ զարգացումներ կստանան հայ-թուրքական արձանագրությունները: -Առաջին հարցին պատասխանելու համար պետք է կռահումներ անեմ, երկրորդի համար կռահումներ անելու կարիք չկա: Թուրքերն անմիջապես արձանագրությունները ստորագրելուց հետո շատ հստակ դրեցին այն հարցը, որը մինչ այդ ընդդիմության մտավախությունն էր: Այսինքն` շատ հստակ կերպով կապեցին այդ հարցը Ղարաբաղյան խնդրի հետ: Ամենաթարմ օրինակը Դավիթօղլուի օրերս արած հայտարարությունն էր: Կարծում եմ`իրենք շատ հաստատակամ են, շատ լավ հասկացել են, որ բռնել են ճիշտ տեղից ու դա երբեք բաց չեն թողնի: Ասում են` Արևմուտքն իրենց էլ է (թուրքերին) ճնշում: Գուցե: Բայց սա ասելով չի կարելի չգնահատել այդ երկրի իրական կշիռը: Պետք է հասկանալ, որ դա երկու համաշխարհային պատերազմի մասնակցած երկիր է, որը խաղացել է այդ երկու համաշխարհային պատերազմի մեջ իր ինքնուրույն դերակատարումը: Եվ խոսել Թուրքիայի վրա Արևմուտքի ճնշումների մասին, իմ կարծիքով, այնքան էլ մխիթարիչ չէ: Այսինքն` Թուրքիան ունի արձանագրությունները չվավերացնելու ներուժ: Իսկ ի՞նչ ներուժ ունենք մենք. այսօր դա պետք է պարզենք: Իմ կարծիքով, մեր ներուժի սթափ գնահատականը մեզ պիտի ստիպեր Թուրքիային հնարավորինս հեռու պահել այս պրոցեսից, որովհետև ակնհայտ է ու դպրոցականի համար անգամ հասկանալի, որ եթե Ղարաբաղյան խնդրի հետ կապված հարցով հայ-թուրքական սահմանը փակվել էր, այն կբացվեր միայն Ղարաբաղյան խնդրի լուծումից հետո, տեղերը փոխելու կարիք չկար: -Այսինքն, 2010 թվին Թուրքիան չի՞ վավերացնելու արձանագրությունները: -Կարծում եմ` չի վավերացնելու և ոչ միայն 2010-ին, այլև ավելի երկար ժամանակ չի վավերացնելու, ու շատ ցավում եմ դրա համար, որովհետև ես` որպես ՀՀ քաղաքացի, բաց սահմանների ու ազատ շփումների կողմնակից եմ: Եվ եթե այս վավերացումը չլինի, սա բավական երկար ժամանակ նորից խզված է պահելու մեր և թուրքերի հարաբերությունները: Այսուհանդերձ կարող եմ ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը կարծարծվի առաջին ամիսներին, համենայն դեպս մինչև ապրիլ-մայիս կարծարծվի, և թե ինչ ազդեցություն կունենա Ղարաբաղյան խնդրի վրա, դրանից կախված կլինեն ներքաղաքական զարգացումները: -2009-ը ինչպիսի՞ տարի էր: -Լավ տարի չէր: Այն շատ նման էր 89 թվականին: 89 թվականը բավական ապատիկ տարի էր 88-ից հետո, բայց 90-ին ժողովուրդը կարողացավ հաղթահարել այդ ապատիան: 90-ին նորից վերելք եղավ, և այդ վերելքը ի վերջո բերեց հաղթանակի: Կարծում եմ` 2010-ին որոշակի վերելք կլինի, ես չեմ ասում լինելու է իշխանափոխություն, լինելու է հաղթանակ, ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց հասարակական որոշակի վերելք, հուսով եմ, լինելու է: -Ամեն ինչ հասարակության հե՞տ եք կապում: -Ես ամեն ինչ եմ կապում հասարակության հետ, որովհետև եթե վաղը արթնանամ ու իմանամ, որ իշխանափոխություն է եղել, դա չի լինի իմ հաղթանակը: Իմ հաղթանակը ոչ թե ընդդիմության իշխանություն դառնալն է, այլ իմ կյանքի իրական, որակական փոփոխությունը, որն առանց հասարակության մասնակցության անհնար է: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

50 անձինք, որոնք կերտեցին վերջին 10-ամյակը՝ ըստ Financial Times-ի

Tert.am. 29-12-2009- Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը հրապարակել է «50 անձինք, որոնք կերտեցին 10-ամյակը» վերնագրով զեկույց, որում ներկայացված են «այն 50 անձինք, որոնք ամենաշատն են ազդել անցած տասնամյակի ձևավորման վրա, տասնամյակի, որ սկսվեց սեպտեմբեր 11-ի ցնցող իրադարձություններով և ավարտվեց համաշխարհային տնտեսական անկումով»։ Ընդ որում, FT-ն իր ցանկում ընդգրկել է ոչ միայն հերոսների, այլև հակահերոսների` Բեն Լադենի գլխավորությամբ։ Ցուցակում ամենամեծ կազմով ներկայացված են քաղաքական գործիչները, որոնց թվում հիմնականում երկրների ղեկավարներ են` Ջորջ Բուշ, Բարաք Օբամա, Մահմուդ Ահմադինեժադ, Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել, Թոնի Բլեեր և այլն։ 14–ական տեղեր ունեն մշակութային և բիզնես գործիչները։ Բիզնեսի աշխարհը ներկայացնում են այնպիսի անուններ, ինչպիսիք են` Ուորեն Բաֆեթը, Սթիվ Ջոբսը, Լաքշմի Միտալը, Լարի Փեյջ- Սերգեյ Բրին զույգը և անգամ Միխայիլ Խոդորկովսկին։ Մշակութային գործիչների թվում են Օփրա Ուինֆրին, Թայգեր Վուդը, Ջեյ Զեթն ու Բեյոնսեն, Ջոան Ռուլինգը, Մարկ Ցուկերբերգը և այլք։ Ցուցակում կան նաև 5 տնտեսագետներ, որոնց թվում են Time ամսագրի կողմից «Տարվա մարդ» ճանաչված Բեն Բեռնանկեն, Ալան Գրինսփենը, Նուրիել Ռուբինին և այլք։

Ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը չեն շտապում վավերացնել Արձանագրությունները

/PanARMENIAN.Net/ 29.12.2009 - Ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը չեն շտապում իրագործել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը: Թուրքական ընդդիմությունն ու Բաքուն Ժնեւում ստորագրված արձանագրությունները համարում են դավաճանություն եւ պահանջում են հաշվի առնել Ադրբեջանի շահերը, գրում է գերմանական Suddeutsche Zeitung: Ըստ հոդվածի հեղինակի, Ադրբեջանը կտրուկ է Անկարայի հանդեպ իր պահանջներում` չի կարող ազատ սահմանային հաղորդակցություն լինել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, քանի դեռ Հայաստանը չի գնացել որոշ զիջումների Ղարաբաղի հարցում: Թուրքիայի կառավարությանը, հավանաբար, շփոթեցրել է Ադրբեջանի կտրուկ արձագանքը եւ հատկապես այն, թե որքան հմուտ է դա օգտագործում իր շահերում Թուրքիայի ազգայնական ընդդիմությունը: Այդ պահից ի վեր Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հակառակ կուրսն որդեգրեց: Սահմանը կբացվի միայն այն դեպքում, եթե Հայաստանը զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հարցում, հաղորդում է DW-world-ը: Թերթը հիշեցնում է, որ Հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: «Էրդողանը կարող է հուսալ, որ ազգայնականները դիմադրություն ցույց կտան սեփական կուսակցության շարքերում: Ոչ միայն հայերը, այլ նաեւ ամերիկացիները, ռուսներն ու եվրոպացիները զարմանքով եւ նույնիսկ նյարդայնացած են արձագանքում Անկարայի անսպասելի շրջադարձին»,-ընդգծում է Suddeutsche Zeitung-ը:

Փորձագետ. Հայ-թուրքական արձանագրություններն այլեւս չեն վավերացվի

News.am. 29-12-2009- «Եվրոպան գնահատում է Հայաստանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված ֆուտբոլային քաղաքականությունը, որովհետեւ Եվրոպայի համար այդ հարաբերությունները խիստ կարեւոր են»,- դեկտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։ Ընդգծելով, որ Եվրոպան հետեւում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող բոլոր հայտարարություններին, նա միեւնույն ժամանակ նշեց, որ եվրոպացիներն ուզում են հասկանալ, թե որքանո՞վ ազնիվ է Թուրքիայի՝ «Զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսը, եւ ի վերջո պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ «Եվրոպական մի շարք կառույցներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ այժմ ուզում են իրենց համար պարզել՝ արդյո՞ք հետընթաց է գրանցում այս հարցում Հայաստանը», նշեց Վ. Ենգիբարյանը։ Հարցին, թե նրա կարծիքով ե՞րբ կվավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները, նա հայտարարեց, որ եթե որոշ ժամանակ առաջ հուսով էր, թե դրանք մոտ ապագայում անկասկած կվավերացվեն, ապա այժմ կարծում է, որ դրանք այլեւս չեն վավերացվի։ Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ նա նկատեց, որ ադրբեջանական տեղեկատվական քարոզչամեքենան այս հարցով եվրոպական կառույցներում 2009-ին ավելի հաջող է աշխատել եւ գերազանցել է հայկականին։ «Թեպետ, դե ֆակտո, Ադրբեջանին տարածքներ չեն վերադարձվել, սակայն եվրոպացիներից շատերի մոտ տպավորություն է, որ վաղ, թե ուշ դա լինելու է»,- հայտարարեց նա։

ՄԻՍԻՈՆԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

2007թ. ապրիլի 18-ին Մալաթիայի Զիրվե հրատարակչատանն իրականացված գազանային սպանությունները մեծ աղմուկ բարձրացրին, որին անդրադարձավ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մամուլը: Լույս տեսան բազմաթիվ գիտական, վերլուծական հրապարակումներ, որոնք անդրադառնում էին Թուրքիայում միսիոներների գործունեության պատմությանն ու դրա նպատակներին: Եղան ինչպես քննադատական, այնպես էլ պաշտպանական ելույթներ: Ընդհանրապես իսլամական երկրներում միսիոներների գործունեությունը մշտապես եղել է հասարակական քննարկումների ու բանավեճերի կիզակետում: Քչաքանակ նորադարձների տեղաշարժերը կանխելու նպատակով իսլամական բնակչությամբ երկրներում իսլամի պահապանները տարբեր մեթոդներ են կիրառել ինչպես նորադարձների, այնպես էլ միսիոներների նկատմամբ: Այս տեսանկյունից թվում էր, թե աշխարհիկ սկզբունքներ որդեգրած ու դեպի Եվրոպա ձգտող Թուրքիայի համար ևս խղճի ազատության գործնական իրագործումը պետք է բավական իրատեսական լիներ: Սակայն իրականում ամբողջովին այլ պատկեր է ներկայանում: Թուրքիայում միսիոներներն ակտիվ գործունեություն են ծավալել դեռևս Օսմանյան կայսրության շրջանում: Այստեղ եկած առաջին միսիոներները եղել են կաթոլիկները, 16-րդ դարից սկսած` դոմինիկյան վանահայրերը, իսկ 19-րդ դարից` ճիզվիտական օրդենի ներկայացուցիչները: Միսիոներների ակտիվ գործունեությունը հովանավորում էր Ֆրանսիան, ուստի նրանք ազատորեն կարողանում էին գործունեություն ծավալել Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում: Որքան էլ զարմանալի հնչի, ճիզվիտական միսիոներ Էմիլե Լագրանդը նշում էր, որ Թուրքիայում իրենք ավելի ազատ էին զգում, քան Անգլիայում կամ Հոլանդիայում: Նրանք հատկապես ակտիվ գործունեություն էին ծավալել կրթության բնագավառում: Կաթոլիկ ճիզվիտների գործունեության շնորհիվ 1538թ. Թուրքիայում բացվում է ֆրանսիական կաթոլիկ դպրոցը: Հետագա տարիներին բացվում են բազմաթիվ հիվանդանոցներ, այլ դպրոցներ, որբանոցներ: 1830թ. սուլթան Մահմուդ 2-րդը Օսմանյան կայսրությունում ապրող հայ կաթոլիկներին ճանաչում է առանձին համայնք: Թուրք վերլուծաբան Մեհմեդ Դերին նշում է, որ այդ ամենն արվում էր Օսմանյան պետությունում մեծ տերությունների ազդեցությունն ուժեղացնելու նպատակով, և որ միսիոներները, որպես կանոն, ակտիվորեն գործում էին հույների, հայերի, ասորիների, եզդիների շրջանում: Հարկ է նշել, որ կաթոլիկ հայերին առանձին համայնք ճանաչելու հանգամանքը վկայում է նաև այն մասին, որ Թուրքիան շարունակաբար վարում էր ազգային փոքրամասնությունների մեջ հնարավորինս շատ ինքնակառավարման կենտրոններ ստեղծելու քաղաքականություն, որով առավել կուժեղացվեր պետական մեքենայի մանիպուլյացիոն հնարավորություններն այդ շրջանակներում: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ միսիոներների գործունեությունը Թուրքիայում անհնարին կլիներ առանց մեծ տերությունների աջակցության: Այսպես, Օսմանյան կայսրություն ոտք դրած առաջին բողոքական միսիոներները վայելում էին Անգլիայի, իսկ մի քանի տարի անց նաև ԱՄՆ-ի հովանավորությունը: Սկսած 1810թ.` ամերիկյան «American Board Of Commissioners For Foreign Missions» ընկերությունը ակտիվորեն աջակցում էր Օսմանյան կայսրության տարածքում գործող միսիոներական կառույցներին, իսկ 1819թ. սկսած` այս կազմակերպության անդամներ Փ. Ֆիսքը և Լ. Փարսոնսը ժամանում են Օսմանյան կայսրություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակ ԱՄՆ-ի և Օսմանյան կայսրության միջև դիվանագիտական հարաբերություններ չկային, անհրաժեշտության դեպքում ծագած խնդիրները լուծվում էին անգլիական դեսպանատան միջոցով: 1830թ. ԱՄՆ-ի և Օսմանյան կայսրության միջև առևտրական պայմանագիր է կնքվում, որը հեշտացնում է ամերիկյան միսիոներների գործունեությունը: Արդեն 1830թ. Բուրսայում, Իզմիրում, Ստամբուլում բացվում են բողոքական դպրոցներ: 1844թ. Բարձր Դուռն արգելում է միսիոներների գործունեությունը Տրապիզոնում, Բուրսայում և Էրզրումում: Սակայն կարճ ժամանակ անց Անգլիայի միջամտությամբ այս խնդիրը հարթվում է: 1847թ. Անգլիայի դեսպանը հանդիպում է Մուսթաֆա Ռեշիդ փաշային, և սուլթան Աբդուլ Մեջիդը պաշտոնապես ճանաչում է բողոքական համայնքը: Այս առիթով ամերիկյան միսիոներները շնորհակալական ուղերձ են հղում Անգլիայի դեսպանին: 19-րդ դարի երկրորդ կեսը կարելի է բնորոշել որպես եկեղեցաշինության վերելքի շրջան Թուրքիայում: 1842թ. կառուցվում է առաջին բողոքական եկեղեցին, այնուհետև 1846թ. Ստամբուլում բացվում է ևս մեկ բողոքական եկեղեցի: 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունում գործում էին 417 ամերիկյան միսիոներական դպրոցներ, որտեղ սովորող աշակերտների թիվը հասնում էր 17 556-ի, իսկ 1913թ. դպրոցների թիվը հասնում է 450-ի, աշակերտների թիվը` 25 922-ի, մինչդեռ մուսուլմանական դպրոցների թիվը չէր գերազանցում 69-ը, աշակերտների թիվը` 6 800-ը: Սակայն հարկ է նշել, որ մեր հետաքրքրություններն առավել կենտրոնացած են ներկա շրջանի վրա, որը նաև կենսական կարևորություն է Հայաստանի համար: Թուրքիայում գործող միսիոներների ու նրանց կենտրոնների մասին հաճախ հիմնական տեղեկատվական հիմք են թուրքական աղբյուրները, որոնք միշտ չէ, որ կարող են օբյեկտիվ ու ամբողջական լինել: Թուրքական աղբյուրների համաձայն` ինչպես նախկինում, այսօր էլ միսիոներներն առավել ակտիվ գործունեություն են ծավալում Թուրքիայի արևելյան շրջաններում: Նշվում է նաև, որ նրանց նպատակն է ամեն նահանգում մեկ եկեղեցի բացել, յուրաքանչյուր տարի Թուրքիայում քրիստոնյաների թիվը կրկնապատկել: Այսօր նրանք Թուրքիայում ունեն մոտ 322 եկեղեցի, 7 ամսագիր, 7 ռադիոկայան, 3 հրատարակչատուն, 5 գրախանութ, մեկ գրադարան, 49 ֆոնդ, 44 միություն, 2 թանգարան: Գործում է նրանց պատկանող շուրջ 7 կազմակերպություն, եւ 7 թերթ է հրատարակվում: Այդ նույն աղբյուրների համաձայն` 1970թ. Թուրքիայում կային միայն մի քանի բողոքականներ: Այսօր դրանց թիվը գերազանցում է մի քանի հազարը: Բացի կաթոլիկներից և բողոքականներից, ակտիվորեն գործում են Եհովայի վկաներ, բահայականներ, ուղղափառներ: Նրանք թարգմանում են Աստվածաշունչը տարբեր լեզուներով, անվճար և գաղտնի բաժանում են այն, հավաքվում են բնակարաններում կամ հատուկ այդ նպատակով վարձակալած շինություններում: Ըստ այս աղբյուրների` նրանք առավել ակտիվ գործում են քրդերի, ալևիների, ինչպես նաև նախկինում մուսուլմանացած հայերի և հույների շրջանում: Միսիոներական գործունեության նման ծավալները լրջորեն անհանգստացնում են թուրքական պետությանը: Այս հարցը հայտնվել է Թուրքիայի ինչպես գիտական շրջանակների, պետական կառույցների, այնպես էլ ծայրահեղական, իսլամիստական խմբավորումների ուշադրության կենտրոնում: Չնայած միսիոներությունը Թուրքիայում քրեորեն պատժելի չէ, այդուհանդերձ այստեղ շատ ավելի մեծ դեր են կատարում ազգայնականներն ու իսլամիստները: Եվ ինչպես վերը նշեցինք, միսիոներների գործունեությունը միշտ չէ, որ անվտանգ է, ու այդ գործին ակտիվ մասնակցում են հատկապես մարգինալ տարրերը: Ինչ վերաբերում է հասարակական կարծիքին, ապա դրա ձևավորման գործում մեծ աշխատանք են կատարում մամուլը, պետական քարոզչությունը: Ինչպես արդեն նշել ենք, Մալաթիայի սպանություններից հետո միսիոներների թեման հայտնվեց մամուլի և տարբեր վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Ոմանք քննադատեցին, ոմանք փորձեցին մեղմացնող հանգամանքներ գտնել: Որոշ վերլուծաբաններ առաջ քաշեցին այն վարկածը, որ պետական կառույցներն իրենք են հրահրում նմանօրինակ անհանդուրժողականություն` պարբերաբար իրենց երկրի փոքրամասնություններին որակելով օտար և թշնամի: 2001թ. սկսած` տարբեր պետական ու միջազգային կառույցներ զեկույցներ են հրապարակել` դրանցում անդրադառնալով միսիոներներին և փոքրամասնություններին: 2001թ. ապրիլի 24-ին Ազգային հետախուզական կազմակերպությունը միսիոներների և նրանց ծավալած գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Ազգային անվտանգության խորհրդին: Զեկույցում խոսվում է Թուրքիային սպառնացող վտանգի մասին. «1998թ. սկսած` մեր երկրում բաժանվել է ավելի քան 8 միլիոն Աստվածաշունչ: Ստամբուլի որոշ ռադիոկայաններ քրիստոնեություն քարոզող հաղորդումներ են հեռարձակում: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ստամբուլում 19-ը եկեղեցի է բացվել: Նրանք գալիս են մեր երկիր, կառուցում եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ստեղծում տարբեր ֆոնդեր ու միություններ, թակարդը գցում մեր հայրենակիցներին, Ավետարան են բաժանում, իսկ մենք միջոցներ չենք ձեռնարկում այս ամենի դեմ: Պետությունը մեծ վտանգի մեջ է, և անհրաժեշտ է այն կանխել` հետագա անդառնալի հետևանքներից խուսափելու համար»: Տարբեր վերլուծաբաններ ու վերլուծական կենտրոններ ոչ առանց հիմքերի նշում են, որ Թուրքիայում միսիոներների ակտիվ գործունեությանը նպաստել է իրաքյան պատերազմը: Ազգային հետախուզական ծառայության զեկույցում ևս ընդգծվում է, որ միսիոներների գործունեությունն առավել ակտիվացել է Իրաքի պատերազմից հետո, քանի որ Միջին Արևելքում և Ասիայում Թուրքիան մեծ կարևորություն է ձեռք բերել: Սակայն միսիոներական գործունեության ակտիվացումը միայն այդ հանգամանքով պայմանավորելը թերևս ճիշտ չէր լինի, քանի որ յուրաքանչյուր ռազմական գործողություն իր հետ բերում է ոչ միայն զենք, այլ նաև գերիշխող ու միավորող, երբեմն նաև պառակտող գաղափար կամ գաղափարներ: 2004թ. հունիսին Անկարայի առևտրի և արդյունաբերության պալատի պատրաստած զեկույցում Անկարայում քրիստոնյաների թիվը հաշվարկվում է ավելի քան 55 հազար (նորադարձներ): Զեկույցում նշվում է, որ միսիոներների գործունեության նպատակը հասարակության կրոնական պառակտման միջոցով պետության հիմքերի խարխլումն է: 2006թ. սեպտեմբերի 20-ին Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունը նմանատիպ մի զեկույց է ներկայացնում իշխող §Արդարություն և զարգացում¦ կուսակցությանն ու Ազգային անվտանգության խորհրդին: Այստեղ ևս արտահայտված են գրեթե նույն տեսակետներն ու մտավախությունները: Զեկույցում ասվում է, որ մինչև 2005թ. Թուրքիայում շուրջ 50000 մուսուլման է կրոնափոխվել: Նույն այդ զեկույցի համաձայն` մինչև 2020թ. քրիստոնեություն ընդունած կլինի բնակչության 10%-ը: Առաջարկվում է առավել մեծ ուշադրություն դարձնել այսպես կոչված ընդհատակյա` բնակարանների կամ այլ վարձակալած շինությունների տարածքում գտնվող եկեղեցիներին, որոնց թիվը վերջին տարիներին մեծ արագությամբ աճում է: Զեկույցում նաև խոսվում է Քրդական բանվորական կուսակցության և ամերիկացի միսիոներների կապի մասին: Այս զեկույցի համաձայն` 1980-ական թթ. հետո ամերիկացի միսիոներներն օժանդակել են այդ կուսակցությանը: Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ վերոնշյալ, ինչպես նաև մի շարք այլ նմանատիպ զեկույցների հետևանքով են կատարվել վերջին տարիների` միսիոներների և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների գազանային սպանությունները: Այս զեկույցներով կարելի է ասել միսիոներները պաշտոնապես հայտարարվում են թշնամի, իսկ քրիստոնեությունը` պետության անվտանգությանը սպառնացող վտանգ: Սա են վկայում նաև տարբեր նախարարությունների կայքերում պարբերաբար արվող հայտարարությունները: Մշակույթի նախարարության, ինչպես նաև կրոնական գործերով վարչության կայքերում նշվում է, որ բոլոր այս գործընթացներն ուղղված են պետության մասնատմանն ու կործանմանը: Պետական մակարդակով իրականացվող այս հակաքարոզչությունը լուրջ կասկածի տեղիք է տալիս Թուրքիայի` եվրոպական ընտանիքին անդամագրվելու վերաբերյալ: Փաստորեն, թիրախի ընտրությունը կատարել են պետական կառույցները, և այդ թիրախը ինչպես նախկինում, այսօր էլ փոքրամասնություններն են, մասնավորապես քրիստոնյաները, քանի որ ընդգծվում է, որ հենց նրանք են միսիոներների գործունեության համար լայն դաշտ ստեղծում և հնարավորինս աջակցում նրանց: Պետնախարար Ռ. Ք. Յուջելենը իր մի հայտարարության ժամանակ ասել է. «Միայն 1998-2001թթ. Թուրքիայում քրիստոնեություն տարածելու մեղադրանքով ձերբակալվել են 140 թուրք եւ 153 օտարերկրացի»: Վերջին տարիներին, մասնավորապես 2005-2008թթ. Թուրքիայում կատարվել են բազմաթիվ հարձակումներ քրիստոնյաների և նրանց եկեղեցիների վրա: 2005թ. ապրիլին Ստամբուլի բողոքական եկեղեցու առջև ցույց է կազմակերպվել: 2005թ. ապրիլին անհայտ անձինք փորձել են այրել Անթալիայի Սուրբ Պողոս մշակութային կենտրոնը: 2005թ. օգոստոսին Ստամբուլի հագուստի խանութում հարձակում է կատարվել քրիստոնյա աշխատակիցների վրա: 2005թ. օգոստոսին Դիարբեքիրում ասորի եպիսկոպոսի ճանապարհին ական է պայթեցվել: 2006թ. հունվարին դաժանաբար ծեծի է ենթարկվել և մահվան սպառնալիք ստացել Ադանայի բողոքական եկեղեցու առաջնորդ Քամիլ Քըրօղլուն: 2006թ. փետրվարին Տրապիզոնում սպանվել է կաթոլիկ հոգևորական Անդրեա Սանթորոն : 2006թ. մարտին Մերսինի կաթոլիկ եկեղեցու անդամներին դանակով սպառնացել են: 2006թ. հուլիսին Սամսունում դանակահարվել է վանահայր Ռենե Բրունիսեն: 2007թ. հունվարին Սամսունում ջարդել են բողոքական եկեղեցու պատուհանները: 2007թ. ապրիլին Մալաթիայում մի քանի ժամ տանջելուց հետո դաժանաբար սպանել են «Զիրվե» հրատարակչատան երեք աշխատակցի, որոնք քրիստոնեական գրականություն էին տպագրում: 2007թ. դեկտեմբերին Իզմիրում դանակահարվել է իտալացի վանահայր Ադրիանո Ֆրանչինին: Հարձակումներից զերծ չեն մնացել նաև հայ համայնքը և Առաքելական եկեղեցու սպասավորները, քանի որ թիրախ են ընտրված առհասարակ քրիստոնյաները: 2004թ. Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը և պատրիարքարանի 12 ծառայողներ ճանապարհատրանսպորտային մի պատահարի են ենթարկվում, սակայն փրկվում են: Փորձաքննությունը ցույց է տալիս, որ միկրոավտոբուսի արգելակները կանխամտածված կտրված են եղել: 2007թ. հունվարին սպանվել է «Ակօս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը: Հատկանշական է այն հանգամանքը, որ այս հանցագործությունները կատարողները չեն հայտնաբերվում, հայտնաբերվելու դեպքում էլ պարզվում է, որ նրանք անչափահաս են կամ էլ եղել են հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Վերջերս այս հանցագործությունների թեման կրկին վեր հանվեց Էրգենեքոն ահաբեկչական կազմակերպության աղմկահարույց դատավարության շրջանակներում` այս անգամ էլ դրանք կապելով Էրգենեքոնի անվան հետ: 2009թ. հունվարի սկզբին թուրքական հետախուզական վարչության կողմից ձերբակալվեցին մի շարք էրգենեքոնականներ, որոնց կասկածում էին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի և Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդ, միաժամանակ նաև Կեսարիայի, Թոքատի, Երզնկայի հայ «համայնքների» պատասխանատու Մինաս Դուրմազ Գյուլերի դեմ մահափորձ կատարելու մեջ: Սակայն անհավատալի է, որ թուրքական պետությունում, որտեղ յուրաքանչյուր քայլ լրջորեն վերահսկվում է պետական կառույցների կողմից, առանց վերջիններիս տեղյակության կարող էին նման իրադարձություններ տեղի ունենալ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ազգայնականներին զոհ դարձած քրիստոնյաները որպես թշնամի և դավաճան էին հորջորջվել այդ նույն կառույցների կազմած զեկույցներում, և հենց այդ կառույցներն էին կոչ արել միջոցներ ձեռնարկել նրանց դեմ: Հրանտ Դինքի պաշտպանը պնդում է, որ Տրապիզոնի ոստիկանությունը տեղյակ է եղել նախատեսվող սպանության մասին: Դա ապացուցում են նաև այն նկարները, որտեղ թուրքական դրոշի ներքո պատկերված էր մարդասպանը` երկու ոստիկանների հետ գրկախառնված: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագի ժամանակ Սուրբ Մարիամ եկեղեցուն ուղղված երկու կրակոցներ են հնչել, սակայն դրանք իրենց նպատակին չեն հասել: Հետագայում ձերբակալվածները խոստովանել են, որ ցանկանում էին սպանել պատրիարքին: Երկու օր անց դատավորի որոշմամբ նրանք ազատ են արձակվել` մեկը վճարելով 950$, իսկ մյուսը` 55$ տուգանք: §Զիրվե¦ հրատարակչատան սպանությունների հետ կապված համացանցի կայքերից մեկում նշվում է, որ պետական մարմիններն են հրահրել այդ սպանությունները, քանի որ այս դեպքից առաջ շուրջ երեք ամիս Մալաթիայում միսիոներության դեմ ակտիվ գործունեություն էին ծավալել թուրքական օջախները. կազմակերպվել էին կոնֆերանսներ` ընդդեմ ցեղասպանության ճանաչման: Իսկ 2007թ. ապրիլի 22-ին §Հուրիյեթ¦ թերթը հրապարակել է մի տեղեկություն, ըստ որի` այս կոնֆերանսների կազմակերպման համար Մալաթիայի նահանգապետարան հատուկ ցուցումներ է ուղարկել ներքին գործերի նախարարությունը: Նույն կայքում նշվում է, որ, իբր պայքարելով այսպես կոչված իմպերիալիզմի դեմ, նրանք ազգայնամոլություն են հրահրում, և դա ոչ թե հակաիմպերիալիստական պայքար է, այլ Թուրքիայի տարածքում բնակվող փոքրամասնությունների հանդեպ թշնամանքի և ատելության սերմանում, որի արդյունքներն այսօր մենք տեսնում ենք: Ինչերը կբնութագրեն փոքրամասնությունների հանդեպ պետական մոտեցումները, եթե ոչ վերոհիշյալ զեկույցներն ու պետական կառույցների հայտարարությունները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների անգործությունն ու այս ամենը պարզապես կողքից դիտելը: Բնական է, որ նման պայմաններում այս հարձակումները ոչ միայն չեն կասեցվում, այլև շարունակում են նոր ծավալներ ընդգրկել: Ձերբակալված հանցագործներն էլ ոչ միայն ըստ արժանվույն չեն պատժվում և զղջում, այլև հերոսացվում են հասարակության որոշ խավերի կողմից: Տարբեր լրատվամիջոցներում, համացանցի կայքերում քննադատությունների կողքին կարելի է կարդալ նաև գովեստի և քաջալերման խոսքեր: Ավելին` §Զիրվե¦ հրատարակչատան դեպքից հետո ձերբակալվածներից մեկի մայրը հայտարարել է, որ իր որդին Ալլահին է ծառայելու: Չնայած զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ հանցագործները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ` անկախ տարիքից, այդուհանդերձ շատերը վստահ են, որ նրանք երկար ժամանակով չեն ազատազրկվի: Հասարակության մեծ մասի վերաբերմունքը նրանց հանդեպ դրական է, դատարանն էլ` առավել ներողամիտ: Մինչդեռ 2008թ. Ադանայում պետական մեղադրողը առաջարկել էր 58 տարի ազատազրկման ենթարկել երկու քուրդ անչափահասների, որոնք ցույցի ժամանակ քարեր էին նետել ոստիկանության վրա: Այս ամենում մեծ դեր և կարևորություն ունի նաև հասարակական կարծիքը, որի ձևավորման գործում պակաս դեր չեն խաղում զանգվածային լրատվամիջոցները: Թուրքական դպրոցներից մեկի ուսուցիչ Ահմեդ Քաանը ասում է, որ միսիոներները Թուրքիայում ընկալվում են որպես լրտեսներ, և նման կարծիքի ձևավորման գործում մեծ դեր է կատարում մամուլը: «Քահանանե՛ր և վանականնե՛ր, զգուշացե՛ք, քանի որ մեզ հայտնի են ձեր կեղտոտ խաղերը: Դուք ամեն ինչ կանեք, որպեսզի կործանեք Թուրքիան»,- նման արտահայտություններ կարելի է լսել բողոքի ակցիաների ժամանակ կամ կարդալ թուրքական հայտնի թերթերում և ամսագրերում: §Քրիստոնեության վտանգների մասին խոսում են նաև հայտնի պրոֆեսորներ և պատմաբաններ¦,- ասում է Ահմեդ Քաանը: Ժամանակ առ ժամանակ համացանցի տարբեր կայքերում, թերթերում և ամսագրերում հայտնվում են կրոնական փոքրամասնությունների եկեղեցիների հասցեները, հոգևոր առաջնորդների տվյալները, որոնցով ուղղորդում են հանցագործներին: Թերթերում պարբերաբար հայտնվում են հոդվածներ, որտեղ ներկայացնում են, թե ինչպես են միսիոներները մոլորեցնում իրենց հայրենակիցներին, գումար խոստանում, որպեսզի վերջիններս քրիստոնեություն ընդունեն, ինչպես նաև հնչում են նրանց դեմ պայքարելու և երկիրը փրկելու կոչեր: Լրատվամիջոցների, պետական կառույցների նման հակաքարոզչության պայմաններում հասարակության վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ գնալով սրվում է: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ քրիստոնյաների նկատմամբ ոտնձգություններ կատարած մարդիկ հասարակության մեծ մասի կողմից ընկալվում են որպես Թուրքիան փրկող հերոսներ: Նույնիսկ Տրապիզոնում կաթոլիկ հոգևորական Անդրեա Սանթորոնի սպանությունից հետո տեղի մոլլան ուրբաթօրյա նամազի ժամանակ խութբա է կարդացել նրան սպանող տասնվեցամյա երիտասարդի համար: Նմանատիպ գործողություններից հետո համարյա անհնար է դառնում ոչ միայն պայքարը նման ազգայնամոլական դրսևորումների դեմ, այլև դրանց գաղափարական կանխարգելումը: Թուրքիայի բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների միության նախկին նախագահ Իհսան Օզբեկը հայտարարում է. «Միսիոներությունը Թուրքիայում քրեորեն անպատժելի հանցագործություն է դարձել: Այս հարցը այնքան է ուռճացվել և հրապարակայնորեն քննադատվել, որ վտանգի է ենթարկել առհասարակ Թուրքիայի տարածքում ապրող բոլոր քրիստոնյաների անվտանգությունը»: Ըստ «Թյուրքիշ դեյլի նյուզ» թերթի լրագրող Մուստաֆա Աքյոլի` Թուրքիայի արևելյան շրջաններում գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ, զինված քարերով և փայտերով, հարձակվել են միսիոներների և նրանց եկեղեցիների վրա: Իսկ Մելլիս Էրդալը, որը ամուսնու և երեխաների հետ Թուրքիա է եկել Շվեյցարիայից, ասում է. «Միսիոներները Թուրքիա են գալիս տարբեր երկրներից, նույնիսկ Հարավային Աֆրիկայից: Նրանք միջին տարիքի մարդիկ են, որոնց մեծ մասն ամուսնացած է և ունի երկու-երեք երեխա: Նրանք այս երկիր են գալիս իրենց ընտանիքների հետ, բնականաբար , վախենում են իրենց և իրենց ընտանիքների համար: Սակայն նրանք ամուր են իրենց հավատքում, եւ դա էլ ուժ է տալիս: Մալաթիայի դեպքից հետո շատերը, սակայն, հեռացել են Թուրքիայից»: Համադրելով վերոնշյալ փաստերն ու հանգամանքները` կարելի է ասել, որ Թուրքիայում քրիստոնյա լինելն արդեն իսկ մեծ վտանգ է: Պետական կառույցները, որպես օտար և թշնամի ներկայացնելով քրիստոնյաներին, անուղղակիորեն ուղղորդում են ազգայնականներին և իսլամիստներին: Իսկ երբ գործը հասնում է հանցագործներին պատժելուն, փորձում են չմիջամտել: Երկիրը փրկելու, ազատագրելու կոչերով խթանելով ազգայնամոլությունը` պետությունը պարզապես ազատվում է իր համար անցանկալի տարրերից, որը բավական հաջող կատարում են հայրենիքի «փրկության» համար մարտնչող «հերոսները»` անչափահասները: Ընդհանրացնելով վերոնշալ փաստերը` անհրաժեշտ է նշել, որ թուրք հասարակությունը և թուրքական պետությունը շատ չեն տարբերվում իսլամական այլ պետություններից ու հասարակական կառույցներից: Եվ այս ամենը մեզ հանգեցնում է այն համոզման, որ թուրքական պետական կառույցների այն հայտարարությունները, թե իրենք մեղավորներին գտնելու համար ջանք չեն խնայում, ակնհայտ կեղծիք է, որն ուղղակի անհրաժեշտ է եվրաինտեգրման ճանապարհը բռնած Թուրքիային: ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ www.religions.am