Friday, January 29, 2010

ՀԱՅԸ՝ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ

«Առավոտ» 28-1-2010- Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս՝ 26-ամյա Դավիթ Ֆահրադյանը Գինեսի գրքում գրանցվել է «Մեկ պտույտ հետ տար» մարզաձեւում պտտաձողի վրա 350 պտույտ կատարելու համար: Դ. Ֆահրադյանի մարմնամարզական ռեկորդը պաշտոնապես գրանցելու համար ԵՊԼՀ-ն Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ դիմումը ներկայացրել էր 2009թ. հուլիսի 21-ին, իսկ ռեկորդը հավաստիացնող վկայականը համալսարանը ստացավ 5 ամիս անց՝ դեկտեմբերին: Գինեսի կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, Դյուցազնագրի հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով՝ Գինեսի գրքում վերջին անգամ հայ ռեկորդակիր էր սահմանվել 2002-ին. «Գրքում չհայտնվելու տխուր ավանդույթը 7 տարի անց խախտեց մեր 7-րդ ռեկորդակիրը: Գինեսի ռեկորդներ սահմանելը դժվար գործընթաց է, ամեն տարի միջին հաշվով 60 000 դիմում է ներկայացվում Գինեսի հանձնաժողովին, դրանցից մոտ 40 000-ը հաստատվում՝ ներկայացնելու համար, իսկ տարվա ռեկորդները հասնում են 5000-ի, որից 4000-ը տպագրվում է գրքի տեսքով»: Պարոն Թովմասյանն ասաց, որ 7 տարիների ընթացքում հանձնաժողովը երեք ռեկորդներ էլ էր ներկայացրել, բայց մինչ այժմ դրանք չեն հաստատվել, ապա ասաց, որ առաջիկայում «քաղցր անակնկալ» է սպասվում. ռեկորդի մեկ այլ հայտ էլ ներկայացրել են Grand Candy-ի հետ կապված. «Փակագծերը չեմ բացում, բայց ասեմ, որ, ամենայն հավանականությամբ՝ հաջորդ ռեկորդը քաղցր է լինելու, այլ ոչ թե տանջալի: Այս փոքր պետությունում նման ռեկորդների թիվը լավ ցուցանիշ է, դե, հայերը դյուցազուն ազգ են»: Դավիթ Ֆահրադյանի համար էլ հաղթանակի ճանապարհը բավականին բարդ էր: Նրա խոսքով, իր համար ոչ այնքան ռեկորդ սահմանելն էր դժվար, որքան պահանջված փաստաթղթերը ճշգրտությամբ ներկայացնելը: Նույն ռեկորդի դիմումը ներկայացրել էր նաեւ 2005-ին, ու ամեն ինչ ձախողվել էր միայն ճշգրիտ փաստաթղթեր չներկայացնելու պատճառով. «Ամենադժվարը պահանջված փաստաթղթային գործողություններն իրականացնելն ու նրանց պատասխանին սպասելն էր. ինձ թվում էր՝ կմերժեին: Հայտը ներկայացրած օրվանից սկսել եմ մարզվել. օրական երկու անգամ կատարած մարզումները պարզից բարդ հերթականությամբ էին»: Բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանն էլ հավատում է, որ այդ իրադարձությունը ոչ միայն ձեռքբերում է մարզական աշխարհի, բուհի ուսանողության, այլ նաեւ ընդհանրապես՝ հայ երիտասարդության համար. «Դավիթն իր հաղթանակով ապացուցեց, որ մարդկային կարողությունների համար սահման չկա, եւ թե ինչ դրական որոշում է առողջ ապրելակերպով ապրելը»: ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

No comments: