Saturday, January 16, 2010

Գեներալ-պատգամավորի թիկնազորի պետին կալանավորեցին

News.am. 15-1-2010- Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը հունվարի 14-ին ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության պետ Սարո Թովմասյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու որոշում է կայացրել: Կալանավորվել են նաեւ գեներալի անվտանգության ծառայության եւս 2 աշխատակից, որոնք Սարո Թովմասյանի հետ բերման էին ենթարկվել ոստիկանություն՝ 2 օր առաջ «Ջիանի» ակումբում տեղի ունեցած միջադեպից հետո: «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, միջադեպը սկսվել է, երբ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի մարդիկ վիրավորել են ակումբի երգիչ Սարոյին, ով գեներալի մտերիմներից է: Սարոն էլ զանգել գեներալի մարդկանց, որոնք արագ հասել են ակումբ: Ըստ թերթի, առաջին հարվածներից մեկը ստացել է Լեւոն Սարգսյանը: Այնուհետեւ նրա ականջի տակ ատրճանակով կրակել են՝ թերեւս վախեցնելու նպատակով: Երբ պատգամավորի մտերիմներից «Գլորիա» խաղատան սեփականատեր Գրիշը հանել է իր «Մաուզերը», գեներալի մարդիկ այն խլել են նրա ձեռքից եւ հենց դրանով էլ ծեծի ենթարկել նրան: Գրիշին, հիշեցնենք, տեղափոխել էին հիվանդանոց: Թերթը նշում է, որ դեպքի վայրից փախած Լեւոն Սարգսյանն այդ ընթացքում հասցրել է «Ջիանի» կանչել ոստիկանության հատուկ ջոկատը: Դեպքի վայր է հասել նաեւ գեներալի մարդկանց երկրորդ խումբը, որը գետնին է պառկեցրել «Սպեցնազին»: Թերթը նշում է նաեւ, որ այս պահին ոստիկանությունում են պահվում Սարոյանի մտերիմներից մոտ 15 հոգի:

No comments: