Wednesday, March 24, 2010

Հաֆեզ ալ-Ասադի պատմական հայտարարությունը՝ «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է», ցնցող էր. Սերժ Սարգսյան

Tert.am. 23-3-2010- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հյուրընկալվել է Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում` Դամասկոսի համալսարանում։ Այստեղ նա հանդես է եկել հայ-սիրիական հարաբերությունների թեմայով դասախոսությամբ։ Ստորև ներկայացվում է դասախոսության տեքստն ամբողջությամբ: «Տիկնայք և պարոնայք, Սիրելի բարեկամներ, Ինձ համար պատիվ է հանդես գալ Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Դամասկոսի համալսարանում։ Սիրիան հայ ժողովրդի պատմության մեջ ուրույն տեղ ունեցող և մեզ շատ մոտ երկիր է. «մոտ» ասելիս նկատի չունեմ միայն աշխարհագրորեն, այլև ավանդական բարեկամությամբ, ճակատագրի ընդհանրությամբ, ժողովուրդների խառնվածքով և բազում-բազում այլ թելերով։ Այսօր ուզում եմ այս առիթն օգտագործել՝ խոսելու մեր՝ հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամության, մեր հարաբերությունների, մեր անցյալի ու խոստումնալից ապագայի մասին։ Հայերն ապրել ու գործել են, իսկ պատմական Հայաստանը մաս է կազմել մի տարածաշրջանի, որն այսօր ընդունված եզրույթով կոչվում է «Միջին Արեւելք»։ Մենք ապրել ենք մի տեղում, որը «քաղաքակրթությունների խաչմերուկի» լավագույն օրինակն է, ամենօրյա շփումներ, առևտուր և մշակութային փոխներգործություն է ունեցել Բարեբեր մահիկի ժողովուրդների և երկրների հետ։ Արևմուտքի երկրների համար հայերը եղել են իսլամական, արաբական և իրանական մշակույթի լավագույն թարգմաններն ու մեկնիչները, իսկ Արեւելքի ժողովուրդների համար եղել են յուրահատուկ դարպաս դեպի Կովկաս և ավելի հյուսիս, նաև ընկալվել են որպես արևմտյան մշակույթի կրողներ։ Եվ նույնիսկ պատմության տարբեր հատվածներում, երբ մեծ կայսրությունների հարվածների ներքո դադարել է հայկական պետականության գոյությունը, այդ կապող դերակատարումը երբեք չի դադարել մաս կազմել հայկական հավաքական ինքնության և ինքնագիտակցության։ Եվ այս համապատկերի մեջ Սիրիան ուրույն և խիստ կարևոր դեր է ունեցել հայերի համար։ Սիրիան է եղել այն կամուրջը, որ միացրել է մեզ արաբական և իսլամական աշխարհին։ Իսկ հայերի ու սիրիացիների պատմական ճակատագրերի զուգահեռներն էլ ավելի են մոտեցրել մեր ժողովուրդներին։ Օրինակներն իսկապես խոսուն են։ Կան երկու իրողություններ, որոնք արմատական ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի կազմավորման և հայկական ինքնության ձևավորման վրա, որոնցով հպարտանում է ցանկացած հայ` մոլորակի ցանկացած անկյունում։ Առաջինը՝ քրիստոնեությունն աշխարհում պետականորեն առաջինն ընդունելու փաստն է, երկրորդը՝ հայ մշակույթը և դրա առանցքը՝ հայոց լեզուն ու այբուբենը։ Երկու դեպքերում էլ «սիրիական հետքըե չափազանց ակնառու է։ Հենց Սիրիայի ճանապարհով է քրիստոնեությունը թափանցել մեզ մոտ, I դարում Սիրիայից են Հայաստան եկել առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, քարոզել քրիստոնեություն ու նահատակվել` դնելով հիմքերը, որոնց վրա պիտի կառուցվեր Հայ առաքելական եկեղեցու տաճարը։ IV-V դարերում Ասորիքի քաղաքներում են ուսանել բազմաթիվ հայ երիտասարդներ, այդ թվում և մեծագույն հայերից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցը, ով, ըստ որոշ վարկածների, հենց սիրիական Եդեսիայում է ստեղծել այն, ինչը հայտնի է որպես հայոց այբուբեն։ Հայերն ու սիրիացիները հազարամյակներ շարունակ եղել են տարածաշրջանում բնակվող այն ժողովուրդները, որոնք ոչ թե ռազմատենչ ոգով, այլ խաղաղասիրությամբ և աշխատասեր կեցվածքով են վաստակել միմյանց, ինչպես և մյուս ժողովուրդների սերն ու հարգանքը, իսկ դարերի ընթացքում ձեռք բերված փորձը, գիտելիքներն ու մշակութային արժեքներն անգնահատելի ներդրում են դարձել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ։ Պատկանելով տարբեր դավանանքների` մեր ժողովուրդներն իրենց հավատի մեջ առաջին հերթին գնահատել են հոգևոր, համամարդկային արժեքները, փոխադարձ հարգանքը։ Մարդկային պատմության մեջ իրենց ուրույն տեղը զբաղեցնող հոգևոր արժեքներն հենց այդ հավատի արդյունքն են։ Երևանում հին ձեռագրերի Մատենադարանում հայերեն բազմաթիվ մագաղաթների կողքին պահպանվում են Սիրիայի տարածքում ծնունդ առած և արաբական ու համաշխարհային մշակութային ժառանգության կարեւորագույն մաս հանդիսացող բազմաթիվ ու բազմաբովանդակ ձեռագրեր արաբերենով, արամերենով, ասորերենով և այլ լեզուներով։ Միջնադարում հայ-արաբական գրական և գիտական կապերի մասին կարելի է ժամերով խոսել։ Հայ բժշկագետ Ամիրդովլաթ Ամասիացին հենվել է արաբական բժշկագիտության ձեռքբերումների վրա` իր բժշկագիտական աշխատություններում զարգացնելով դրանք։ Գրիգոր Մագիստրոսը X դարում քննում էր Մութանաբիի տաղաչափությունը, իսկ Առաքել Անեցին XIII դարի սկզբին թարգմանում էր «Հազար ու մեկ գիշերների» հեքիաթներից։ Արևմուտքին այդ գոհարները հասու էին լինելու միայն դարեր անց։ Ծաղկում էին նաև առևտրական շփումները։ XV-XVII դարերում, երբ Հալեպը մերձավորարևելյան խոշորագույն հանգույց էր, հալեպահայ խոջաներն իրենց էական մասնակցությունն ունեին Վենետիկի, Ամստերդամի ու Մարսելի հետ առևտրում։ Հայերն ակտիվ մասնակիցներն են եղել թե՛ XIX դարի արաբական զարթոնքի շարժմանը՝ Նահդային, թե՛ XX դարում արաբական ազգային-ազատագրական շարժումներին՝ մասնավորապես Սիրիայում։ Այս ամենը վառ վկայությունն են հայ-սիրիական համակողմանի շփումների և միմյանց ճակատագրի նկատմամբ հոգածության։ Սիրելի բարեկամներ, Քսաներորդ դարը ճակատագրական փոփոխություններ բերեց հայ ժողովրդի կյանքում։ Մեր պատմական հայրենիքի մեծ մասը հայաթափվեց, ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց, իսկ փրկվածներն էլ սփռվեցին աշխարհով մեկ։ Այսօր, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին ընդառաջ, ես, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ցանկանում եմ հայ ժողովրդի անունից անկեղծ երախտագիտություն հայտնել մեր արաբ եղբայրներին, Սիրիայի գյուղերի և քաղաքների բնակիչներին, ովքեր, ենթարկվելով հալածանքների և քամահրելով մահապատժի վտանգը, չհանդուրժեցին մարդկության դեմ գործվող հանցագործությունը և ապաստան տվեցին Օսմանյան իշխանությունների ձեռնարկած ոճրագործությունից մազապուրծ հայ փախստականներին։ Վստահ եմ, որ այդ նույն հավատը և մարդկության առջև պարտքի անձնվեր զգացումն էր դրդում Սիրիայի եղբայր ժողովրդին օգնության ձեռք մեկնելու մեր ազգին իր պատմության ամենածանր պահին, երբ հարյուր հազարավոր հայորդիներ, արտաքսվելով իրենց ծննդավայրերից, քշվեցին դեպի Դեյր Զորի անապատներ։ Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ Մաարրայի կայմակամ Մուհամմեդ Շաֆեհ Աբու Ռիշեին՝ սիրիացի մեծ բանաստեղծ Օմար Աբու Ռիշեի հորը, ով հայ բռնագաղթածներին օգնելու համար ինքն էլ արտաքսվել է օսմանյան իշխանությունների կողմից։ Ինչպե՞ս կարելի է չհիշել Դեյր Զորի կառավարիչ Ալի Սուադին, ով ոչ միայն մերժեց կատարել հայերին կոտորելու հրամանը, այլև ապաստան տվեց հայ մանուկներին։ Արդյոք հնարավո՞ր է մոռանալ թուրքական բանակում ծառայող արաբ սպաներին՝ բազում հայերի կյանք փրկած Ջեմիլ էլ Քեննեին, կամ Աբդուլ-Ղանի Ջուդեին, ով հայ գաղթականների քարավանները Դեյր Զոր ուղարկելու փոխարեն տեղափոխում էր Սելիմիե, և ում օգնությամբ մահվան ճիրաններից է փրկվել հայ դասական գրողներից Երվանդ Օտյանը։ Նրանց և բազում-բազում ուրիշների անունները երախտիքի ոսկե տառերով են ամրագրված հայերիս սրտերում։ Սիրիայում ապաստան գտած և կյանքը նոր էջից սկսած հարյուր հազարավոր հայությունը կառուցեց եկեղեցիներ և մշակութային օջախներ՝ իր ներդրումը բերելով Սիրիայի բազմազգ քաղաքակրթության զարգացմանը։ Նրանք իրենց հավատարիմ կեցվածքով և անձնվեր աշխատանքով ապացուցեցին, որ երախտապարտ են Սիրիայի ժողովրդին։ Այսօր, երբ երկրի մյուս քաղաքացիների հետ նրանք հավասար իրավունքներ են վայելում, ցանկանում եմ կրկին երախտիքի խոսքեր հղել Սիրիայի ազգային իշխանություններին այդ ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար։ Շնորհակալ եմ։ Բարեկամներ, Ցեղասպանությունից հետո հայերին մնաց պատմական հայրենիքի միայն փոքր՝ կովկասյան հատվածը, այն էլ` բզկտված ու բաժան-բաժան։ Հետագա աշխարհաքաղաքական զարգացումները, սառը պատերազմը խորացրին այդ իրողությունը՝ կտրելով մեզ մեր աշխարհագրական արեալից և զրկելով մեր բարեկամների հետ բնականոն շփումներից։ Խորհրդային շրջանում միայն խիստ սահմանափակ շփումները՝ ազգականների փոխայցելությունները, ուսանողների փոխանակումները կիսաբաց էին պահում այդ պատուհանը։ Սակայն 70-80-ականներին պետությունների երկու ղեկավարների՝ Սիրիայի Նախագահ Հաֆեզ ալ-Ասադի և Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի պատմական այցելությունները Խորհրդային Հայաստան վերստին վերականգնեցին «քաղաքակրթության խաչմերուկի» առաքելության զգացումը։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ հանգուցյալ Նախագահ Հաֆեզ ալ-Ասադի արած պատմական հայտարարությունը՝ «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է», ցնցող էր։ Հայերը հասկացան, որ այն, ինչ իրենք տասնամյակներ համարում էին սոսկ իրենց ցավը, հիշվում և կիսվում է իրենց բարեկամների կողմից։ Հավատացեք, համաշխարհային քաղաքական գործիչների նման քայլերը ժողովուրդների հիշողությունից չեն ջնջվում։ Հայաստանի անկախության վերականգնումից հետո մերձավորարևելյան դարպասները կրկին բաց էին։ Տառացիորեն առաջին իսկ ամիսներին բացվեցին Հայաստանի դեսպանությունները Դամասկոսում, Կահիրեում, Թեհրանում։ Հայ-սիրիական համագործակցությունն իրապես հզոր թափ ստացավ, ինչն ապացուցեց, որ երկու երկրներն իրականում հետաքրքրված են միմյանցով և պատրաստ են շարունակել դարերից եկած փոխգործակցության բարի ավանդույթները։ Տիկնայք և պարոնայք, Ես այսօր գտնվում եմ եղբայրական Սիրիայի հինավուրց մայրաքաղաք Դամասկոսում հարգարժան նախագահ դոկտոր Բաշար ալ-Ասադի հրավերով։ Մեր միջև ձեւավորվել է լիակատար փոխըմբռնում և հիանալի բարեկամական հարաբերություններ։ Նախագահների մակարդակով սա մեր երկրորդ հանդիպումն է վերջին ինն ամիսների ընթացքում։ Շփումների նման հաճախականությունը հարիր է երկու բարեկամ ժողովուրդների ղեկավարներին։ Հայաստանի և Սիրիայի միջև այս 18 տարիներին ստորագրվել են մի քանի տասնյակ միջպետական պայմանագրեր, համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր, համագործակցությունը կարգավորող գործնական ծրագրեր։ Այսօր չկա մի բնագավառ, որտեղ Հայաստանի և Սիրիայի միջև չլինի համագործակցելու և փոխգործակցելու պատրաստակամությունը հաստատող փաստաթուղթ։ Իմ այս այցի շրջանակներում ստորագրվելու են մեկ տասնյակ փաստաթղթեր` ամենատարբեր բնագավառներում։ Քաղաքական հարցերի շուրջ միացյալ դիրքորոշումների մշակում, առևտրատնտեսական կապերի ամրապնդում, գյուղատնտեսական բնագավառում փորձի փոխանակում, տեղեկատվական, կրթական, մշակութային փոխանակումներ. սա է մեր կառավարությունների միջև համագործակցության ոլորտների ոչ ամբողջական ցանկը։ Եվ այդ ցանկն օր օրի ընդլայնվում է` ընդգրկելով նոր ոլորտներ և նոր ծրագրեր։ Հայաստանի և Սիրիայի միջև այսպիսի լայն համագործակցությանը նպաստում են նաև մեր երկրների միջև պարբերաբար գումարվող միջկառավարական հանձնաժողովի նիստերը, ինչը խնդիրների լուծման և աշխատանքի համակարգման չափազանց արդյունավետ ձևաչափ է։ Այս հարթության վրա Հայաստանի և Սիրիայի կառավարման գրեթե բոլոր բնագավառների փորձագետները հնարավորություն են ստանում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ճանաչել միմյանց, ինչն, իմ խորին համոզմամբ, նույնպես չափազանց կարևոր է։ Արդեն մեկուկես տասնամյակ է, ինչ Հայաստանի տարբեր բուհերում ուսանում են սիրիացի ուսանողներ։ Մյուս կողմից` ի թիվս նաև այս հարգարժան հաստատության, Սիրիայի համալսարաններում իրենց ուսումնառությունն են անցնում Հայաստանից ժամանած ուսանողները, մագիստրանտներն ու ասպիրանտները։ Սա վկայում է մեր երկրների միջև ոչ միայն համագործակցության, այլև փոխադարձ վստահության մասին, քանզի երիտասարդների ձեռքում է գտնվում մեր երկրների միջև արդյունավետ համագործակցությունը շարունակելու ապագան։ Համոզված եմ, որ մարդկային գործոնը ամենահզոր ուղղորդիչ հանգամանքն է լինելու այս բարեկամությունը պահպանելու և ամրապնդելու գործում։ Այսօր մեր սիրիացի գործընկերների հետ համատեղ նախապատրաստվում են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտներում համագործակցելուն, ինչպես նաև համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելուն վերաբերող միջբուհական համաձայնագրեր։ Այս այցի ընթացքում մեր կառավարությունների ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի և Սիրիայի միջև գիտական ու գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր, որի դրույթների իրագործումը բխում է մեր երկու ժողովուրդների կենսական շահերից, քանզի ընդգրկում են ցանկացած ազգի ապագա բարեկեցության ու առաջընթացի գրավականները հանդիսացող գիտությունն ու կրթությունը։ Հայաստանն, ընդհանրապես, մեծ ջանքեր է գործադրում Արաբական աշխարհի հետ համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ։ Սրանով է պայմանավորված այն, որ մենք ներկայացված ենք Արաբական Պետությունների Լիգայում։ Դրա հետ մեկտեղ` Հայաստանը շարունակում է վարել հարավկովկասյան տարածաշրջանում հարատև խաղաղություն ու կայունություն ապահովելուն ուղղված քաղաքականություն, որի նպատակն է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների զարգացման համար հավասար պայմանների ստեղծումը։ Վստահորեն կարող եմ ասել, որ Սիրիայի ղեկավարությունը կիսում է մեր խորը համոզմունքն առ այն, որ միայն խաղաղ ճանապարհով կարելի է լուծել պատմության ընթացքում առաջացած բոլոր վեճերը, ուղիղ երկխոսության և համագործակցության միջոցով հարթել ժողովուրդների միջև առաջացած ատելության և անհանդուրժողականության պատնեշները, և վերջին շրջանում և Հայաստանը, և Սիրիան ապացուցեցին, որ պատրաստ են շարժվել այս ուղղությամբ։ Սիրելի բարեկամներ, Անշուշտ, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, և ինքս չեմ սիրում դա անել, սակայն պետք է խախտեմ ավանդույթը, քանզի այն, ինչ կանխատեսում եմ հայ-սիրիական հարաբերությունների ապագայի առումով, իրոք միայն դրական և լուսավոր մտքեր են։ Անձամբ իմ անունից պետք է խոստովանեմ, որ ջանք չեմ խնայի, որ Սիրիայի և Հայաստանի միջև դարերի ընթացքում կառուցված կամուրջը միշտ ամուր և անխափան մնա և միջավայրի որևէ փոփոխություն, միջազգային կամ տարածաշրջանային ուժերի ցանկացած վերադասավորում չեն կարող ազդել օր օրի ամրացող հայ-սիրիական բարեկամության և մեր երկրների ընդլայնվող փոխգործակցության վրա։ Շնորհակալություն»:

No comments: