Monday, April 5, 2010

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՄՍԽՎՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ

«Լրագիր» 5-4-2010- Օրեր առաջ, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարում էր, որ 16 տարի շարունակ “մսխվել է մի փայլուն հաղթանակ”: Ընդ որում, “մսխելու” համար նա մեղադրում էր բոլորին, իսկ երբ լրագրողները խնդրում էին տալ կոնկրետ պատասխանատուների անուններ, Սամվել Բաբայանը հայտարարում էր, թե ում անունն ուզում են թող գրեն ու վերագրեն իրեն: Բայց անձամբ ինքը, չգիտես ինչու, որոշեց միայն երկու անուն տալ` Անդրանիկ Քոչարյան եւ Աշոտ Մանուչարյան: Թե ինչ խնդիրներ ունի կոնկրետ նրանց հետ Սամվել Բաբայանը, դա իհարկե հանրությանը հազիվ թե շատ հետաքրքրի: Երեւի թե օգտակար էլ չէ քննարկել նրանց միջեւ եղած խնդիրները: Ավելի օգտակար է երեւի թե քննարկել այն երեւույթը, որ կոչվում է “մեղավոր ենք բոլորս”: Արդեն մոտ երկու տասնամյակ է, որ կա երկու հայկական պետություն` Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այդ երկու հայկական պետություններն ունեցել են իրենց կազմավորման իրավական հիմքը, այդ հիմքը “շաղախվել” է նաեւ պատերազմով եւ այն փայլուն հաղթանակով, որի մասին խոսում է Սամվել Բաբայանն ու որի մսխումն, ի դեպ, արձանագրում է միանգամայն արդարացի: Այդ պատերազմը վարած եւ հաղթանակ ապահոված հրամանատարներից եւ կազմակերպական աշխատանքի “հարվածայիններից” շատերը ստանձնեցին նաեւ հայկական երկու պետությունների քաղաքական ղեկավարությունների դերը, զբաղեցրին բարձրաստիճան տարբեր պաշտոններ, անցան քաղաքացիական կյանքի կազմակերպման գործին: Այդ թվում եւ Սամվել Բաբայանը: Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունեցան առնվազն 3-ական նախագահ, մի քանի վարչապետներ, պաշտպանության եւ այլ ոլորտների մի քանի նախարարներ, մի քանի գումարման խորհրդարաններ: Այդ նախագահները, վարչապետները, նախարարներն ու պատգամավորներն ունեին եւ ունեն կոնկրետ լիազորություններ, կոնկրետ պարտականություններ, որ սահմանված են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Նրանցից ամեն մեկը անհատական պատասխանատվություն է կրում իր ոլորտի համար` մեկի դեպքում ոլորտը մեծ է, մյուսի դեպքում փոքր, իսկ մեկի դեպքում էլ գուցե ամբողջ երկիրն է մի ոլորտ: Միեւնույն ժամանակ, նույն այդ պաշտոնյաները, կամ դրանց ճնշող մեծամասնությունը` նախկին, թե ներկա, Հայաստանի, թե Ղարաբաղի, սկսեցին ապրել բավական շքեղ կյանքով, ունենալ բավական շքեղ տներ, երթեւեկել բավական շքեղ մեքենաներով, որոնք ոչ միայն մեծահարուստներին են վայել, այլ նաեւ նրանց գրպանին են միայն հասու: Հետո զգալով, որ շատ դժվար է բացատրել այդ ամենի ծագումը, նրանք սկսեցին արդարանալ, թե իբր պաշտոնի չեղած ժամանակ բիզնեսով ե զբաղվել, կամ շատ շռայլ ընկերներ ունեն, կամ պաշտոն ունեն, բայց նաեւ սեփականատեր են: Այդպիսով, տեսնում ենք, արդեն մոտ երկու տասնամյակ, որ հայկական երկու պետականություններում իրավիճակը շատ ու շատ կոնկրետ է, գրեթե մանրակրկիտության աստիճան կոնկրետ: Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու է այդպես ստացվում, որ իրավիճակն այդքան կոնկրետ է, պետությունները ղեկավարելու, քաղաքացիական կյանքը կազմակերպելու, երկիրը զարգացնելու պատասխանատվությունների եւ լիազորությունների բաշխումը, եւ դրան զուգահեռ երկրի` հայկական երկու պետականությունների նյութական հարստությունների բաշխումն այդքան կոնկրետ է եւ հստակ, բայց ձախողման եւ հաղթանակը մսխելու հարցում “մեղավորը բոլորս ենք”: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: