Wednesday, April 14, 2010

ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԴՈւՐՍ ՄՆԱՑԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ

Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներն ու նրանց համակիր թերթերը վերջին շաբաթներին բուռն բանավեճ են ծավալել այն հարցի շուրջ, թե ում մեղքով է Արցախը դուրս մնացել ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացից: Ընդ որում, բանավեճը երկու կողմերից էլ այնպիսի հայհոյախառն բառապաշարով է ուղեկցվում, որ անցանկալի է դառնում փորձագիտական կարծիք հայտնելը: Եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք` ինչպես ասում է հայկական ժողովրդական խոսքը, և տեսնենք, թե ինչպես Արցախն իր ընտրյալ իշխանություններով դուրս մնաց իր իսկ ճակատագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացից: Շատ կարևոր է իմանալ հարցի նախապատմությունը, քանի որ առանց դրա, առանց ընդունված փաստաթղթերի իմացության, առանց ժամանակագրության, շատ դժվար է հասկանալ խնդրի էությունը: Երբ կարդում ես այս թեմայով վերլուծություններ կամ հարցազրույցներ, միանգամից հասկանալի է դառնում, որ շատերը ընդհանրապես փաստաթուղթ չեն կարդացել և չեն տիրապետում ղարաբաղյան կարգավորման նրբություններին: 1992 թ. մարտի 24-ին ԵԱՀԿ-ն ընդունեց ԼՂ հարցով փաստաթուղթ, որում ասվում էր, որ կարգավորման բանակցություններին պետք է մասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի «ընտրված և այլ ներկայացուցիչները»: «Ընտրված» ասելով նկատի էր առնվում Արցախի օրինական իշխանությունը` ի դեմս նրա խորհրդարանի, որն ընտրվել էր 1991-ի դեկտեմբերի 28-ին: Այսինքն, թեկուզ անուղղակի, ԵԱՀԿ-ն ընդունում էր այդ խորհրդարանն ու նրա նախագահ, 33-ամյա Արթուր Մկրտչյանին: «Այլ ներկայացուցիչներ» ասելով ԵԱՀԿ-ն նկատի ուներ Շուշիի քաղաքային իշխանությանը` ի դեմս ադրբեջանցի Նիզամի Բահմանովի: Այսպիսով` ԵԱՀԿ-ն ընդունում էր Արցախին որպես հակամարտության շահագրգիռ կողմ, բայց պայմանով, որ նա ներկայացված լիներ երկու համայնքերով` հայկական ու ադրբեջանական: Սա, անկասկած, անընդունելի էր Ստեփանակերտի համար, այդ պատճառով էլ Արցախի իշխանությունները սկզբնական շրջանում` 1992-ի ամռանը, հրաժարվում էին մասնակցել Հռոմում ընթացող բանակցություններին: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա շրջապատը պնդում են, որ 1994 թ. Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթաժողովում ղարաբաղյան կողմը ճանաչվեց հակամարտսության կողմ: Այս պնդումը վիճելի է, քանի որ Բուդապեշտի գագաթաժողովում չի ընդունվել փաստաթուղթ, որում ասվեր, որ ԼՂ-ն հակամարտության կողմ է: Գագաթաժողովի փաստաթղթերից մեկում, երբ խոսք է գնում ղարաբաղյան հակամարտության մասին, առանց ԼՂ անունը նշելու, օգտագործվել է անգլերեն երկու ձևակերպումներ` “all sides” և “among parties”, ինչը հայկական կողմը մեկնաբանեց այսպես` եթե ԵԱՀԿ-ն ԼՂ-ն չհամարեր հակամարտության կողմ, ապա կօգտագործեր “both sides” և “between parties”: “All sides” նշանակում է «բոլոր կողմեր», ընդ որում` երկուսից ավելի, իսկ “among parties” նշանակում է «կողմերի միջև», բայց ոչ թե երկու, այլ ավելի քան երկու: Այսպիսով, Բուդապեշտում, ինչպես պնդում է առաջին նախագահի շրջապատը, չի ընդունվել փաստաթուղթ, որով ԼՂ-ն ճանաչվեր բանակցությունների ուղղակի կողմ: Մյուս կողմից սակայն, պիտի ընդունել, որ այո, Բուդապեշտում հայկական դիվանագիտությունը ձեռք բերեց լուրջ նվաճում` ունենալով ընդամենը երկու տարվա դիվանագիտական փորձ: Բայց շատ ավելի կարևոր էր այն ձեռքբերումը, որին օրվա իշխանությունները հասան Պրահայում` 1995-ի մարտի 31-ին: Սա արդեն չափազանց կարևոր էր: ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդն ընդունեց մի փաստաթուղթ, որում առաջին անգամ ԼՂ-ն նշվում էր որպես բանակցությունների ուղղակի կողմ: Այդ փաստաթղթում Ադրբեջանը և Հայաստանը համարվում էին հակամարտության պետական (State) կողմեր, իսկ ԼՂ-ն` հակամարտային կողմ (conflicting party): 1993-1997 թթ. բանակցությունները, որոնք հիմնականում տեղի էին ունենում Մոսկվայում, եռակողմ էին` Հայաստան (պատվիրակության ղեկավար, արտգործնախարարի տեղակալ Վարդան Օսկանյան), Ադրբեջան (արտգործնախարարի տեղակալ Թոֆիկ Զուլֆուգարով), Լեռնային Ղարաբաղ` (արտգործնախարար Արկադի Ղուկասյան): Այս բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել ԼՂ կարգավիճակի հարցը, այլ միայն` զինված հակամարտության հետևանքների վերացումը` տարածքների վերադարձ, ապաշրջափակումներ, փախստականների վերադարձ, անվտանգության երաշխիքեր, միջազգային խաղաղապահներ: Ադրբեջանը ամեն անգամ մերժում էր ԼՂ-ն ճանաչել հակամարտության կողմ և բանակցությունների բոլոր փուլերին իր հետ տանում էր ԼՂ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովին: Սակայն այդ տարիներին Ադրբեջանը հոժարակամ մասնակցում էր բանակցություններին, քանի որ ԼՂ կարգավիճակի հարց չէր քննարկվում: 1997 թ. գարնանը, երբ Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ ձևաչափով բանակցությունների վերջին փուլը, հայկական կողմը լքեց բանակցությունները, քանի որ Ադրբեջանը պնդեց, որ որպես կարգավորման հիմք պիտի ընդունվեն 1996-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնյան երեք սկզբունքները: Այդ սկզբունքները, որոնցով որպես բանակցությունների հիմք պիտի ընդունվեր Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանն արժանապատվորեն մերժել էր` օգտվելով վետոյի իր իրավունքից: Այսպիսով` 1997-ի գարնանից առ այսօր եռակողմ ձևաչափով բանակցություն տեղի չեն ունեցել: Այսինքն` ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է 1997-ին, երբ Հայաստանի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ վարչապետը` Ռոբերտ Քոչարյանը: Երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ, միջազգային հանրությունը հակվեց նրան, որ նա էլ, որպես ԼՂ նախկին նախագահ, ներկայացնի ղարաբաղյան կողմը բանակցություններում: 1999-ի գարնանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախաձեռնությամբ տեղի ունեցան Քոչարյան-Ալիև բանակցություններ, այսպիսով` հիմքը դրվեց Երևան-Բաքու ձևաչափով հանդիպումներին, որոնք շարունակվում են մինչև այսօր: Պիտի նաև հիշեցնենք, որ երկկողմ ձևաչափով բանակցություններ են տեղի ունեցել նաև անցյալում. Տեր-Պետրոսյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես Այազ Մութալիբովի, Աբուլֆազ Էլչիբեյի, այնպես էլ` Հեյդար Ալիևի հետ: Ավելին, 1995-1996 թթ. Երևանի ու Բաքվի, այսինքն` Տեր-Պետրոսյանի ու Ալիևի պայմանավորվածության արդյունքում երկկողմ գաղտնապահական հանդիպումներ են կայացել նրանց խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանի ու Վաֆա Գուլուզադեի միջև: Մեկ տարվա ընթացքում կայացել է նման 10 կամ 11 հանդիպում: Բայց փաստ է, որ երկրորդ նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ԼՂ մասնակցությունը սահմանափակվեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար այցելում էին Ստեփանակերտ, հանդիպում Արցախի իշխանությունների հետ, Ռոբերտ Քոչարյանն ինքն էր բանակցությունների մանրամասները հաղորդում Արցախի ղեկավարությանը: Նախագահ Քոչարյանին հավանաբար թվում էր, որ հնարավոր կլիներ Հեյդար Ալիևի հետ գալ պայմանավորվածության (ինչին կողմերը կարծես մոտ էին 2001-ին Քի Վեսթում և 2006-ին` Ռամբույեում), սակայն ԼՂ-ում ստատուս քվոն պահպանվեց: Իր նախագահության տարիներին Քոչարյանը մի քանի անգամ արդարացրել է Երևան-Բաքու բանակցային ձևաչափը: Սերժ Սարգսյանը, ով կարծես դեմ չէ, որ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները միմյանց միջև հարցեր պարզեն, մի կողմից հայտարարում է, թե Արցախը պիտի դառնա բանակցային կողմ, մյուս կողմից` հաճույքով շարունակում է Իլհամ Ալիևի հետ երկկողմ ձևաչափով բանակցությունները: Բայց գործող նախագահին պիտի հիշեցնել, որ իր նախագահության երկու տարիներին Արցախն ավելի է մեկուսացվել բանակցություններից, ավելի, քան էր Քոչարյանի և առավել, քան էր Տեր-Պետրոսյանի օրոք: Սերժ Սարգսյանն է ստորագրել Մայենդորֆի 2008 թ. նոյեմբերի 2-ի հռչակագիրը, որի տակ չկա ԼՂ ստորագրությունը: Այսպիսով, գործող նախագահ Սարգսյանը Արցախի մեկուսացվածությանը տվեց փաստաթղթային ձևակերպում: Անշուշտ, ԼՂ մեկուսացվածության հարցում Հայաստանից բացի մեղքի բաժին ունի Ադրբեջանը, ով, հասկանալի պատճառներով, փորձում է Երևան-Բաքու ձևաչափը ցուցանելով` միջազգային հանրությանը համոզել, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Իր հերթին միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, փորձում է պարզեցնել հակամարտության էությունը, պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, քանի որ ԼՂ-ի մասնակցությունը նրանց համար հավելյալ գլխացավանք է: Բայց ԼՂ-ի` բանակցություններից մեկուսացվածության հարցում հիմնական մեղավորը Արցախի ղեկավարությունն է, որը նախընտրում է լռել: Արցախի ղեկավարությունը պիտի փորձի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` քննադատելով Բաքվի, միջազգային հանրության և Երևանի քաղաքականությունը: Անշուշտ, դա հեշտ չէ և գուցե տարիների աշխատանքի դեպքում էլ հնարավոր չլինի վերականգնել եռակողմ ձևաչափը: Այո, շատ դժվար է: Բայց ես ուզում եմ հարցնել` իսկ Արցախի ղեկավարությունը այս ուղղությամբ քայլեր կատարո՞ւմ է: ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ

No comments: