Thursday, May 27, 2010

Վիեննան՝ աշխարհի լավագույն քաղաք. Երևանը 174-րդ տեղում է

Tert.am. 26-5-2010- Ամերիկյան խորհրդատվական Mercer ընկերության կողմից ամեն տարի հրապարակվող խոշոր քաղաքների վարկանիշում երկու տարի անընդմեջ կենսամակարդակի ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ 2-րդ տեղում է Ցյուրիխը, 3-րդ տեղում՝ Ժնևը։ Վարկանիշը կազմելիս մասնագետները հաշվի են առել այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են հանցավորության մակարդակը, քաղաքական կայունությունը, հիվանդանոցների քանակն ու բուժօգնության որակը, տրանսպորտային համակարգի հարմարավետությունը, սրճարանների և ռեստորանների առկայությունը, հանգստյան վայրերը, կլիմայական պայմանները, սեփական ազատության մակարդակը և մի շարք այլ գործոններ՝ ընդամենը 39 չափորոշիչ։ Լավագույն տասնյակի առաջին 7 տեղերը զբաղեցնում են եվրոպական քաղաքները։ 4-րդ տեղում կանադական Վանկուվերն է, 5-րդում՝ նորզելանդական Օքլենդը, 6-րդ տեղում է Դյուսելդորֆը, 7-րդ և 8-րդ տեղերը կիսում են Ֆրանկֆուրտն ու Մյունխենը, իսկ 9-րդ տեղում շվեյցարական Բեռնն է։ Տասնյակը եզրափակում է ավստրալական Սիդնեյը։ Լոնդոնը միակ բրիտանական քաղաքն է, որը հայտնվել է ցուցակի առաջին 50 քաղաքների մեջ՝ զբաղեցնելով 39-րդ տեղը։ Ռուսական քաղաքներից և ոչ մեկը տեղ չի զբաղեցրել ցուցակի առաջին 50-յակում։ Մոսկվան 166-րդ տեղում է, Սանկտ Պետերբուրգը՝ 170-րդ։ Նախկին ԽՍՀՄ երկրներից առաջին 100-յակում են հայտնվել Եվրամիություն մտած Մերձբալթյան հանրապետությունների մայրաքաղաքները՝ Վիլնյուսը (79), Տալլինը (89) և Ռիգան (91), որոնց մեծ տարբերությամբ հետևում է Կիևը (161): Նախկին ԽՍՀՄ մյուս երկրների մայրաքաղաքները հայտնվել են ավելի ցածր հորիզոնականներում. Երևանը հայտնվել է 174-րդ տեղում, Ալմա–Աթան՝ 175-րդ տեղում, Մինսկը՝ 185, Բաքուն՝ 196։ Մյուսները հանգրվանել են երկրորդ հարյուրյակում. Տաշքենտը՝ 200-րդն է, Աշխաբադը՝ 201-րդը, Բիշքեկը՝ 209-րդը, Դուշանբեն՝ 210-րդը և Թբիլիսին՝ 217-րդը։

No comments: