Wednesday, May 26, 2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԱՏՕ-Ի ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց Է

«Լրագիր» 26-5-2010- Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոն Ռասմունսենի եւ Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն ունի բոլոր իրավունքները միջամտելու ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ դրա կարգավորմամբ զբաղվում է եվրոպական կառույցը, իսկ Եվրոպան չունի այլ զինուժ, բացի ՆԱՏՕ-ից: Հայտարարությունը բավական տարօրինակ է: Այնպիսի զգացողություն է, թե Սերժ Սարգսյանը որոշել է ուշացումով մեկնել Բրյուսել այն բանի համար, որ ինչ որ մեկին ինչ որ բան զգուշացնի, որ “այլ ուժերը” մտադիր են մտնել տարածաշրջան, կամ էլ պատերազմի իրական վտանգի մասին: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը ցանկացել է լսել հավաստիացում առ այն, որ ՆԱՏՕ-ն կկանխի ռազմական գործողությունների ցանկացած փորձ: Սակայն գլխավոր քարտուղարը հասկացնել է տվել, որ չի պատրաստվում միջամտել: Հատկանշական է, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարը Ռուսաստանի իր գործընկերոջ հրավերով այցելել է Մոսկվա: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Կովկասում ներկայիս ստատուս-քվոն հակասում է բոլոր կողմերի շահերին: Նա նշել է, թե իր այցը Հայաստան ինչ որ չափով խախտել է այդ ստատուս-քվոն: Պետք է վարել չափավոր, բայց վճռական քաղաքականություն: Եթե մոտակա երկու տարվա մեջ ոչինչ չփոխվի, չի փոխվի նաեւ հաջորդ 10 տարիներին: Ամեն ինչ կմնա ինչպես կա, ինչը չի համապատասխանում որեւէ կողմի շահերին, ասել է նա:

No comments: