Saturday, May 15, 2010

Հայաստանը պետք է օգտվի Ալիևի ռազնատենչ հայտարարություններից. Արամ Սարգսյան

Tert.am. 14-5-2010- Հայաստանի դեմոկրատական կուսակցության ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին նշեց, որ իր համար անհասկանալի է Հայաստանի որոշ պաշտոնյաների արձագանքը Ալիևի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ, որոնք Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեկնաբանում են իբրև ներքին սպառման հայտարարություններ։ Արամ Սարգսյանն առաջարկում է, որպեսզի Հայաստանն օգտվի Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններից և այդ պատրվակն օգտագործելով՝ հրաժարվի Մադրիդյան առաջարկներից, որը, Դեմկուսի ղեկավարի խոսքով, կարծես թե դարձել է բանակցությունների համար հիմնական փաստաթուղթ։ Գոհունակություն հայտնելով հայ–թուրքական Արձանագրությունները սառեցնելու ՀՀ նախագահի որոշման կապակցությամբ՝ Արամ Սարգսյանը նշեց, որ հայկական կողմը պետք է «վերակառուցում ունենա» նաև ԼՂ հարցում իր դիրքորոշման մեջ։ «Ես կարծում եմ, որ նախագահը պետք է Մադրիդյան սկզբունքներ կոչված փաստաթղթից վերջնականապես հրաժարվելու ձև գտնի։ Ինչո՞ւ, որովհետև այդ փաստաթուղթը մեզ բերելու է, արդեն բերել է բավական ծանր վիճակի»,– հայտարարեց նա։ Ըստ Արամ Սարգսյանի, քաղաքական բանակցությունները որևէ արդյունք չտվեցին ԼՂ կարգավորման հարցում, հետևաբար Հայաստանը պետք է դուրս գա կարգավորման գործընթացից ու խնդրի կարգավորման վերաբերյալ ներկայացնի իրավական փաստարկների վրա հիմնված իր մոտեցումը։ «Հարկավոր է աշխարհին կոնցեպտուալ ներկայացնել ԼՂ խնդրի էությունը»,–հայտարարեց Արամ Սարգսյանը։

No comments: