Thursday, May 27, 2010

ՔՐԴԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

«ԱԶԳ», 27-05-2010- Այս մասին նշելով մայիսի 25-ի մամլո հաղորդագրության մեջՙ «Լրագրողներ առանց սահմանի» (ԼԱՍ) կազմակերպությունը մի անգամ եւս դատապարտում է թուրքական իշխանությունների վերաբերմունքը քրդական լրատվամիջոցների հանդեպ եւ «անհեթեթ ու անհամապատասխան» որակում նրանց դեմ կիրառված պատժամիջոցները: «Չնայած ողջունում ենք ԴԻՀԱ (DIHA) քրդական լրատվական գործակալության աշխատակից Իսմաիլ Էսկինի ազատ արձակումը հինգ ամիսների կալանավորումից հետո, սակայն դատապարտում ենք Ստամբուլում ԴԻՀԱ-ի մեկ ուրիշ աշխատակցիՙ Փինար Ուրալի դեմ կատարված ֆիզիկական հարձակումը», ասված է հաղորդագրության մեջ: Ուրալի վրա հարձակվել էին ավտոբուսում, այն բանից հետո, երբ Ստամբուլի Տեխնիկական համալսարանում մայիսի 17-ին տեղի ունեցած ցույցի մասին էր գրել: Հարձակվողը նրան «դավաճան» էր անվանել: «ԼԱՍ» կազմակերպությունը նաեւ իր մտահոգությունն է հայտնել հաղորդագրության մեջ «Ազադիյա վելաթ»ՙ երկրի միակ քրդալեզու օրաթերթի խմբագրիՙ Մեհդի Թանրիքուլուի ճակատագրի առնչությամբ: Եթե ապացուցվի, որ նա PKK-ի անդամ է, ապա 40 տարվա բանտարկություն է սպասում նրան: Ավելացնենք, որ նույն թերթի նախկին խմբագիր Վեդաթ Քուրսունը 166 տարվա բանտարկության է դատապարտված: Նրա ազատության համար պայքարողները խնդրագիր էին ներկայացրել մայիսի 17-ին «Հարավարեւելյան Անատոլիայի լրագրողների ասոցիացիայի» գլխավոր մասնաշենքում: Ցուցարարները «Վեդաթ Քուրսունը մենակ չէ», «Ազատենք Վեդաթին» պաստառների կողքին տանում էին նաեւ «Ազատություն քրդերեն լեզվին» կարգախոսով պաստառներ, որովհետեւ հավատացած են եղել, որ քուրդ լրագրողներին բանտարկելը հավասարազոր է քրդական մշակույթի եւ լեզվի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի: Քուրդ լրագրողների պաշտպանների նմանօրինակ միջոցառումները, ըստ հաղորդագրության, շարունակվելու են մի ամբողջ ամիս, որի ավարտին ստորագրահավաքներ եւ խնդրագրեր ներկայացվելու են եվրոպական կառույցներին եւ ոչ կառավարական հաստատություններին: Վերջերս կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Գյունլյուք» քրդական օրաթերթի խմբագիր Ֆիլիզ Քոչալին հիշեցրել է ներկաներին, որ քրդական գլխավոր լրատվամիջոցների համարյա բոլոր խմբագիրները ներկայումս բանտարկված են: «Այս կառավարությունը ցանկանում է ճնշել քրդական լրատվամիջոցներինՙ օգտագործելով դատարաններն ու հակաահաբեկչական օրենքները», ասել է նա:

No comments: