Saturday, May 15, 2010

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար. «Ամերիկյան ընկերություններն Ադրբեջանին ռազմամթերք են պատվիրել»

7or.am. 15-5-2010- Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ եթե Հայաստանի հետ պատերազմ սկսվի, ապա իրենք ռազմական կառույցներին զինամթերքով ապահովելու հարցում որևէ խնդիր չեն ունենա։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով հարցին, որ համաձայն ՀԱՊԿ համաձայնագրի, եթե կրկին պատերազմ սկսվի, անդամ երկրները Հայաստանին կարող են զենք, զինամթերք վաճառել, իսկ Ադրբեջանը կարո՞ղ է բավարարել իր ռազմական ուժերի պահանջները։ Նա նաև նշել է, որ ամերիկյան ընկերություններն Ադրբեջանին ռազմամթերք են պատվիրել, որի մի մասն արտադրվելու է մեխանիկայի և քիմիական արդյունաբերության թուրքական ընկերության հետ համատեղ։ «Մինչ այժմ ռազմական նշանակության ադրբեջանական արտադրությունն ամերիկյան շուկա չի հանվել։ Իրականում այդ ընկերությունները ռազմամթերքները գնում են Իրաքում կիրառելու համար։ Ադրբեջանից այդ ռազմամթերքները գնելը հեռավորության և փոխադրման առումով ավելի ձեռնտու է»,- ասել է Յ. Ջամալովը։ Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ուշադրություն և հոգատարություն է ցուցաբերում ռազմական արդյունաբերության զարգացմանը, և նրա հրահանգով նոր տեխնոլոգիաներով արդեն արտադրվում է միջազգային չափանիշներին համապատասխան ռազմամթերք։ 2009թ. համեմատ արտադրանքի ծավալն աճել է 2,7 անգամ։

No comments: