Saturday, May 15, 2010

«ՂԱՐԱԲԱՂՑՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԽԱՂԱՂԱՊԱՀԸ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՆ Է»

«ԱԶԳ», 14-05-2010- Ղարաբաղյան զինված ուժերի հրամանատարն ամենեւին էլ «գրասենյակային սպա» չէ, չնայած ի պաշտոնե կարող է այդպիսին լինել: Գեներալ Հակոբյանի ամեն օրը ստուգայցեր են` Արցախի տարբեր զորամասեր, մարտական հենակետեր, զրույցներ շարքային զինվորների հետ: Հետեւաբար ամենեւին պատահական չէ, որ լրագրողների հետ հանդիպումը կազմակերպվել էր դաշտային պայմաններում, զորամասերից մեկի հարեւանությամբ: «Ես ողջունում եմ ձեր գալուստը Արցախ, քանի որ յուրաքանչյուր հայի այցելությունը Ղարաբաղ մեծ նշանակություն ունի», լրագրողներին դիմեց Մովսես Հակոբյանը : Գեներալը շեշտեց, որ մայիսի 12-ը (ասուլիսը կայացել է այդ օրը-Հ. Ա.), նշանակալից օր է Ղարաբաղի համար. «16 տարի առաջ կնքվեց հրադադարը: Եվ այս անցած տարիներում ղարաբաղյան բանակը կատարել է իր առջեւ դրված կարեւորագույն խնդիրները` բարձր մակարդակի է հասցված մարտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական վիճակը բանակում, մենք պարբերաբար նորացնում ենք մեր սպառազինությունը, կատարելագործում ենք մարտական հերթապահության առաջին գծի պայմանները, միայն անցյալ տարի այս ուղղությամբ մենք իրականացրել ենք բազմաթիվ աշխատանքներ: Եվ այսօր պետք է արձանագրել, որ ԼՂՀ պաշտպանության բանակը անցած 16 տարիների ընթացքում հաջողությամբ կատարել է եւ շարունակում է կատարել գերնպատակը` հրադադարի ռեժիմի պահպանումը», ընդգծեց Հակոբյանը: Բանակի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ գեներալը ներկայացրեց որոշ թվեր. «Մահվան ելքով պատահարները բանակում նվազել են երեք անգամ, կտրուկ նվազել են նաեւ դասալիքների, զորամասը ինքնակամ լքողների թվերը», ասաց Հակոբյանը: Ինչ վերաբերում է հրադադարի խախտման փաստերին, ԼՂՀ ՊԲ հրամանատարը նշեց, որ Ադրբեջանը 2008-ին հրադադարը խախտել է 3042 անգամ, որոնց ղարաբաղյան կողմը պատասխանել է միայն 608 անգամ: Արդեն 2009-ին այս թվերը մոտավորապես կրկնապատկվել են, իսկ այս տարվա առաջին ամիսների ընթացքում, գեներալ Հակոբյանի խոսքերով, ադրբեջանական կողմը զինադադարը խախտել է 1442 անգամ, ԼՂՀ զինված ուժերը միայն 333 անգամ են պատասխան կրակ բացել հակառակորդի ուղղությամբ: «Նախկինում, իմ հրամանի համաձայն, դիրքերում կանգնած զինվորը` հակառակորդի կողմից զինադադարի խախտման պարագայում, պետք է նախ զեկուցեր, հետո նոր միայն պատասխան կրակը բացեր, սակայն իմ նոր հրամանով զինվորն այսօր, գնահատելով իրավիճակը, որոշում է կրակ բացել, կրակում է, հետո նոր միայն զեկուցում հրամանատարությանը», նշեց Հակոբյանը: «Իսկ ո՞ր դեպքերում է սովորաբար խախտում զինադադարը ադրբեջանական կողմը» հարցին Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ նախ պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական կողմի կրակոցները, որպես կանոն, դիպուկ չեն. «Նրանք հիմնականում կրակում են որոշ լարվածություն մտցնելու համար: Կրակում են հիմնականում մեր տոներին, իսկ մենք հիմնականում պատասխան կրակ ենք բաց անում, երբ փորձում ենք լռեցնել նրանց պաշտոնյաների որոշ ամպագոռգոռ հայտարարությունները», ասաց գեներալը: Ի դեպ, ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները Մովսես Հակոբյանը խորհուրդ տվեց լուրջ չընդունել, քանի որ,, ըստ գեներալի, դրանք ունեն բոլորովին այլ իմաստ. «Նախ ռազմական կոչերը հնչում են ներքին լսարանի համար, հետոՙ նաեւ այն, որ Բաքուն փորձում է որոշակի ճնշում գործադրել միջազգային հանրության վրա որ եթե բանակցություններն իր ուզածով չավարտվեն` պատերազմն անխուսափելի է, կա նաեւ այն հանգամանքը, որ նման հայտարարություններով Ադրբեջանը փորձում է ճնշել հայկական կողմին, սակայն վստահեցնում եմ, որ կոնկրետ Ղարաբաղում ոչ ոք այդ հայտարարությունները լուրջ չի ընդունում` ոչ ժողովուրդը, ոչ էլ, մանավանդ, զինվորականությունը: Առհասարակ Ղարաբաղի ժողովուրդը յուրահատուկ է. նա հավատում է սեփական իշխանություններին ու բանակին, ոչ թե հակառակորդ պետությանը: Ես` որպես զինվորական, շեշտեմ, մեր ուսումնասիրություններով` Ադրբեջանն այսօր պատրաստ չէ պատերազմի», ընդգծեց ԼՂՀ ՊԲ հրամանատարը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ինչպես հրադադարի պահպանման, այնպես էլ առհասարակ հակամարտության լուծման ուղղություններով, Հակոբյանը նշեց, որ Մինսկի խումբն անում է հնարավոր ամեն ինչ` իր ուժերի չափով. «Ինչ վերաբերում է, թե ե՞րբ Ղարաբաղը մասնակից կլինի Մինսկի խմբի միջնորդությամբ հակամարտող կողմերի բանակցություններին, ապա նշեմ` երբ այդ բանակցությունները լուրջ բնույթ կրեն», շեշտեց Մովսես Հակոբյանը, կարծես պատասխանելով այն մտավախություններին, թե «ղարաբաղյան բանակցությունները թեւակոխել են լուրջ` հայկական կողմի համար վտանգավոր» փուլ: ԼՂՀ ՊԲ հրամանատարը խոսեց նաեւ ղարաբաղյան զինված ուժերի նոր համազգեստից, որը չունի սովորական դարձած զինվորական կոչումների տարբերանշանները ուսերին, դրանք կարված են համազգեստի օձիքներին, փոխված է նաեւ համազգեստի գունային ֆոնը` ավելի շատ համապատասխանեցված է հողային միջավայրի ֆոնին: «Նոր համազգեստն ունի քողարկիչ հատկություններ, նաեւ որակով շատ ավելի հարմար է նախկինից: Շեշտեմ նաեւ, որ մեր համազգեստի կտորը օգտագործվում է ամերիկյան էլիտար զորքերից մեկի կողմից», ասաց Հակոբյանը: Խոսելով զորակոչի խնդիրներից` Մովսես Հակոբյանը նշեց, որ Ղարաբաղը չի ունենա նորակոչիկների քանակի խնդիրներ. «Մենք հնարավոր բացը կլրացնենք պայմանագրային զինծառայողներով, որոնք այսօր էլ ծառայում են մեր զինված ուժերում», ասած Հակոբյանը: Իսկ կհանդուրժի՞ արդյոք Ղարաբաղը, եթե իր տարածքում հանկարծ տեղակայվեն արտասահմանյան խաղաղապահ ուժեր, ԼՂՀ ՊԲ հրամանատարի խոսքերով. «Իհարկեՙ ոչ. որովհետեւ ղարաբաղցու համար ամենախաղաղապահ զորքը ԼՂՀ պաշտպանության բանակն է»: Այս ամենն, ինչ ասաց ՊԲ հրամանատարը, պատրաստ է կրկնելու յուրաքանչյուր ղարաբաղցի. «Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում», Ստեփանակերտի փողոցներումՙ պատասխանելով մեր հարցերին, նշում էին բնակիչները, որոնց, ինչպես նաեւ ղարաբաղյան այցելության այլ մանրամասնություններին, առաջին գծում տիրող իրավիճակին կանդրադառնանք հաջորդ համարում: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան

No comments: