Wednesday, May 26, 2010

Հակահայկական բանաձևը կյանքի կոչելու համար մեծ ջանքեր է գործադրում ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն:

Haynews.am. 26-5-2010- ԵԽԽՎ-ի հաջորդ լիագումար նիստին, որը կայանալու է հուլիս ամսին, պետք է քննակվի 2005 թ-ին ընդունված 1416 բանաձևը, որը նախատեսում է ԵԽԽՎ-ում ստեղծել ենթահանձնաժողով` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսեց ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով հիշեցրեց, որ բանաձևի կյանքի կոչելու համար մեծ ջանքեր է գործադրում ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: «Հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ինչ-որ չափով աջակցում է գործընթացին, քանի որ տեղի են ունեցել հանդիպումներ` բացառելով ԼՂՀ ներկայացուցիչներին»,- հայտնեց Զ. Փոստանջյանն ու հավելեց, որ անընդունելի է բանակցությունները մի բանաձևի հետ կապված, որում ևս նշված է, թե «Հայաստանն օկուպանտ երկիր է»: Ըստ Զ. Փոստանջյանի` ի պատասխան բազմաթիվ ընդունված փաստաթղթերի, որոնցում ասվում է, թե «Հայաստանի Հանրապետությունն օկուպանտ է և բռնազավթել է Ադրբեջանի ինչ-որ տարածքներ, ՀՀ-ն մինչ օրս ոչ մի փաստաթուղթ չի նախաձեռնել, որտեղ նշված լինի, որ իրականում օկուպանտ երկիրն Ադրբեջանի Հանրապետությունն է»: Այս առիթով նա նշեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն առնվազն ունի 16 ելույթի իրավունք, և «եթե դրանցից 6-ը վերաբերեր նրան, թե ինչ է զավթել Ադրբեջանի Հանրապետությունը և իրականում ինչ է տեղի ունեցել, միգուցե այսպիսի հաջողություններ Ադրբեջանն ու Թուրքիան չգրանցեին»: «Եվրամիության բոլոր կառույցները միմյանց հետ են աշխատում և բոլոր կառույցներում պտտվող կամ ընդունվող փաստաթղթերն ու ելույթները միմյանց հետ սերտ կապի մեջ են. այդ իրողություները մեկը մյուսից տարանջատել չի կարելի»,- հայտնեց պատգամավորն ու ընդգծեց, որ նույնիսկ այն կառույցներում, որտեղ մենք չունենք պատվիրակություններ, կարող ենք քննարկվող կամ ընդունվելիք փաստաթղթերին տալ համարժեք պատասխաններ` դրանց մասին տեղեկանալով ինտերնետից: «Մենք պարտավոր ենք ունենալ մեր համարժեք ազդեցությունը ադրբեջանական քարոզչությանը»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Զ. Փոստանջյանը և ընդգծեց. «Սակայն այդ ուղղությամբ գրեթե ոչինչ արված չէ»:

No comments: