Wednesday, May 26, 2010

Տ. Խզմալյանի «Սարդարապատ»-ը «Րաֆֆի» համալիրում

Երեկ, մայիսի 25-ի երեկոյան, Թեհրանի հայ մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի փոքր դահլիճում ցուցադրվեց հայրենի ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Սարդարապատ» փաստագրական ֆիլմը: Օրվա առիթով ֆիլմի հէղինակ և ռեժիսոր Տիգրան Խզմալյանը հղել էր իր պատգամը, որում ի մասնավորի ասում էր, «Շնորհակալ եմ, որ պատվեցիք Ձեր ներկայությամբ իմ համեստ աշխատանքը: Գիտեմ, որ մեկ ժամ հետո որոշակի դառնությամբ պիտի լցվեք, բայց ի՞նչ արած՝ երբեմն ճշմարտությունը դառն է, ինչպես որ ցանկացած դեղ, իսկ մեզ այսօր ավելի քան երբևէ ճշմարտություն և դեղ է անհրաժեշտ, քանզի մեր երկիրը ծանր հիվանդ է: Դրանով չեմ ուզում ասել, իբրև թե ես բժիշկ եմ, կամ գիտեմ ճշմարտությունը՝ ոչ: Ես բժիշկ չեմ, բայց ես զգում եմ նույն ցավը, իսկ հին չինական իմաստությունն ասում է, որ այն հիվանդը, ով գիտի իր հիվանդության մասին, կիսով չափ առողջ է: Մոռացված, կեղծված կամ չգիտակցված անցյալը նորից ու նորից վերադառնում ու կրկնվում է, ինչի ապացույցն է ՀՀ իշխանության վերջին շրջանի անհեթեթությունը: Սակայն Սարդարապատի մեծագույն խորհուրդն ու դասը՝ մեր հաղթանակն է, ուստի և շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի տոնը՝ մեր նոր Սարդարապատների ու հաղթանակների ակնկալիքով»: Տ. Խզմալյանը իր պատգամի կարճ տողերի միջոցով կարողացավ կապի մեջ մտնել հանդիսատեսի հետ, իսկ ֆիլմի ավարտվելուց հետո բավական հետաքրքիր գնահատականներ հնչեցին նրա մասին, որտեղ ամենակարևորը երևի ճշմարտությունն ու անաչառությունն էր: Ձեռնարկի ավարտին, Արթին Բաղումյանը ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի Վարչության ու նաև Մշակութային և Ուսանողական բաժանմունքների կողմից շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար: Նա նշեց, որ «Րաֆֆի» համալիրը իր պարտքն է համարում նաև հայ հասարակությանը ծանոթացնել իր պատմության և մշակույթի հետ:

No comments: