Saturday, May 15, 2010

«Ժառանգության» դիրքորոշումը

Հայաստանում օտարալեզու դպրոցների կարգավիճակի վերաբերյալ Արդեն 16 տարի է, ինչ Հայաստանն ունի միայն ազգային դպրոցներ, որտեղ բոլոր առարկաները դասավանդվում են մայրենիով: «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցությունը այս փաստը համարում է Երրորդ Հանրապետության դժվարին, արմատական ու կարեւոր ձեռքբերումներից մեկը, որի նպատակն է կայացնել ազգային ինքնություն կրող հայ քաղաքացուն ու բարձրացնել հայոց լեզվի` որպես պետական լեզվի դերը: Ցավոք, իրականությունը դեռեւս հեռու է այս տեսլականից: «Ժառանգությունը» բազմիցս ահազանգել, բարձրաձայնել է հանրակրթության առկա ցածր մակարդակի մասին, որը վերջերս պատկան մարմինների կողմից փաստվեց նաև թվերի լեզվով: Օրերս կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծ, որի ընդունումը, ըստ նախագծի հեղինակների, հնարավորություն է տալու հանրապետությունում ունենալ օտարալեզու որակյալ հանրակրթական դպրոցներ: «Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանում օտարալեզու դպրոցները կարող են լինել միայն ոչ պետական եւ սահմանափակ թվով ավագ դպրոցներ, որտեղ հայագիտական առարկաները` հայոց լեզուն, գրականությունն ու հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի քաղաքացիների համար կլինեն պարտադիր, եւ կապահովվի պետական չափորոշիչներին համապատասխան կրթություն ու քննություն: Ընդունելով, որ ժամանակակից աշխարհում մրցունակ կրթություն, գիտատեխնիկական առաջընթաց ապահովող պայման է օտար լեզուների իմացությունը, միաժամանակ գտնում ենք, որ «Հանրակրթության մասին» գործող օրենքը պետական ավագ դպրոցներին արդեն ընձեռում է օտար լեզուների խորացված ուսուցում կազմակերպելու հնարավորություն` ուսումնական պլանի ժամաքանակի 70%-ը տալով ընտրովի առարկաներին: «Ժառանգությունը» շարունակում է կառավարությունից պահանջել. 1. բարձրացնել ազգային լեզվով դասավանդման որակը ու մայրենիի մակարդակը, ինչը օտար լեզուներին տիրապետելու լավագույն երաշխիքներից է. 2. ապաքաղաքականացնել եւ ապակենտրոնացնել դպրոցների կառավարումը. 3. բարձրացնել մանկավարժական կադրերի պատրաստման որակը. 4. վերանայել դասագրքերի ստեղծման գործող կարգը, բովանդակությունը. 5. hանրապետության` մանկավարժական կադրեր պատրաստող բոլոր բուհերից պահանջել վերանայել իրենց գործունեությունն ու այն համապատասխանեցնել հանրակրթության որակի բարձրացումն ապահովող ժամանակակից պահանջներին եւ խստորեն վերահսկել այդ գործընթացը. 6. hանրապետությունում արգելել 2-3 տարի տեւողությամբ միջին մասնագիտական կրթության հիման վրա մանկավարժի որակավորում տալու պրակտիկան: 13.05.2010թ., ք.Երեւան

No comments: