Thursday, May 13, 2010

ՀԱՂԹՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈւՄ ԼԱԼԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Report.am. 13-5-2010- Հարցազրույց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ -Ո՞րն է այսօրվա ԼՂՀ մշակութային քաղաքականության առաջնահերթությունը: -Դրանք մի քանիսն են: Պատերազմից հետո մշակույթի զարգացումն Արցախում ընթացել է տարերայնորեն` ամեն ինչ կախված է եղել իրավիճակից: Այսօր արդեն խնդիր կա հայեցակարգային մոտեցում ցուցաբերելու: Մշակույթն Արցախի համար հոգևոր պահանջ լինելուց բացի նաև ռազմավարական նշանակություն ունի` Արցախի անկախ պետականության ճանաչման խնդիրն է դրված, թեև ԼՂՀ-ն կայացած պետություն է։ 1991 թվականից` անկախության հռչակումից ի վեր, բազմաթիվ փորձեր են արվել այդ ուղղությամբ, բայց դիվանագիտական աշխարհը դեռ լռում է: Գոնե մշակույթի առջև բաց են դռները: Համենայն դեպս, մենք ինքներս պետք է փորձենք բացել այդ դռները: Այսօր էլ շատերի մոտ այն տպավորությունն է, թե Արցախը պատերազմող երկիր է, 1988-ից հետո Ղարաբաղը որակվում է որպես թեժ կետ: Լինում են դեպքեր, երբ կոլեկտիվները, անհատները արտերկրից ցանկություն են հայտնում գալ Արցախ հյուրախաղերի, բայց հետո հրաժարվում են` ասելով, թե հետաքրքրվել են` մեզ մոտ իրենց անվտանգությունն ապահովված չէ: Լուրջ աշխատանքներ ունենք անելու մեր մշակույթը պահպանելու և զարգացնելու, աշխարհի առջև դռները բացելու ուղղությամբ: Դրա համար մի շարք ծրագրեր են իրագործում: Մշակույթի նախարարության համար առաջնահերթություն է, որ մշակույթը զարգանա ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլև մարզերում: Ցավոք, ինչպես գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում, մեզանում էլ մշակութը զարգանում է միայն մայրաքաղաքում: Գյուղական բնակավայրերում մշակույթի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի. մեր գյուղերը հո չե՞նք դատարկելու: Դրա համար պետք է հնարավորություն ստեղծենեք, որ գյուղացին իր հացը վաստակելուն զուգահեռ հոգևոր սնունդ ստանա: Այդ ուղղությամբ ծրագիր ենք սկսել. 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղերում հիմնում ենք մշակութային-հենակետային դպրոցներ: Մեկնարկն արդեն տրվել է Հադրութի շրջանի Տող գյուղում: Արդյունքն ակնհայտ է: Գյուղում կյանքն աշխուժացել է, ավելին` կողքի գյուղերից են գալիս այդ դպրոցում սովորելու: Դպրոցն ի սկզբանե գործում էր հովանավորչական սկզբունքով, բայց հիմա ունի պետական կարգավիճակ: Այս տարի դպրոցին տրվել է միկրոավտոբուս, որպեսզի հարևան գյուղերի բնակիչների համար այնտեղ հասնելը հեշտ լինի: Նախատեսել ենք 14 գյուղում հենակետային դպրոցներ հիմնել: Մեզ համար մշակութային քաղաքականության առաջնահերթություն է նաև մշակութային կրթությունը զարգացնելը: Ունենք մշակույթի քոլեջ, երաժշտական, արվեստի դպրոցներ, բայց այդ ամենը պետք է դրվի որակական նոր մակարդակի վրա, պետք է պայմաններ ստեղծենք որակյալ կադրերի պատրաստման համար: Կոլեկտիվներ շատ ունենք, որոնք որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: -Կարելի՞ է ասել, որ այսօր Արցախում աշխույժ է մշակութային կյանքը: -Աշխույժ է այնքանով, որ երբեմն Ստեփանակերտում հանդիսատեսի խնդիր ենք ունենում: Գրեթե ամեն օր միջոցառումներ ունենք, ընդ որում` դրանք միայն շոուներ չեն: Առհասարակ, շոուներին շատ քիչ տեղ ենք հատկացնում: Հիմնականում` համերգներ, ցուցահանդեսներ են: Ցավոք, դրանք հիմնականում կենտրոնացած են Ստեփանակերտում: Մեզ դեռևս չի հաջողվել ավելի շատ ընդգրկել շրջանները, գյուղերը: Արցախում վատ վիճակում են թանգարանները, գրադարանները, թատրոնը: Թատրոնը մեր ամենախոցելի տեղն է: Այսօր չունենք ոչ միայն թատրոնի նորմալ շենք, այլև բացակայում է համապատասխան ստեղծագործական կազմը: Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը վատթարագույն վիճակում է: Այն պատերազմի ընթացքում գնդակոծվել է, իսկ պատերազմից հետո չի վերանորոգվել: Մեր թանգարանները, այդ թվում Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանը, վթարային վիճակում են: Պարտադիր պետք է նոր շենք կառուցվի պատմաերկրագիտական թանգարանի համար, բայց դեռ հստակ որոշումներ չկան: Գրադարաններն էլ պատերազմի տարիներին տուժել են: Մշակույթի նախարարությունը փորձում է գրադարաններին տեխնիկապես որոշ աջակցություն ցուցաբերել, բայց հիմնավերանորգման հարցը դեռ լուծված չէ: Նախատեսում ենք ակցիա կազմակերպել. յուրաքանչյուր մշակութային միջոցառումից գոյացած հասույթից գումար տրամադրել մշակութային օջախների կյանքի կոչելուն: Զուգահեռ նախարարությունն աշխատում է նոր կազմեր պատրաստել ստեղծագործական միությունների համար: Թարմ ուժերի պակաս կա: Գիտե՞ք, զինադադարի կնքումից հետո առաջնահերթությունը տրվել է կենսապահովման խնդիրների լուծմանը: Մենք հաղթահարել ենք ոչ միայն հասարակարգերի փոփոխությունը, այլև պատերազմը` իր բոլոր հետևանքներով: Այսօր, երբ արդեն Ստեփանակերտը ծաղկում է, մշակույթն ավելի շատ է կարևորվում: Ընդամենը 15 տարի առաջ Ստեփանակերտում շենք չկար, որ գնդակոծված չլիներ: -Փաստորոն, բավարար պայմաններ չունեն մշակույթի օջախները, կոլեկտիվները և ստեղծագործողները` իրենց գործով զբաղվելու, իրենց ապրուստը հոգալու համար: -Թատրոններում, գրադարաններում, թանգարաններում ոչ միայն գործունեության համար անհրաժեշտ պայմանների, այլև աշխատավարձի խնդիր կա: Մշակութային պետական կոլեկտիվների աշխատակիցները, արվեստագետներն առանձնապես լավ չեն վարձատրվում: Այդ մարդիկ ստիպված են հանապազօրյա հաց վաստակելու համար երկրորդ գործով զբաղվել, որը ոչ միշտ է նպաստավոր լինում իրենց արվեստի զարգացման համար: Չնայած ըստ օրենքի` 1.5 հաստիքից ավել աշխատելու իրավունք չկա, բայց պարտավոր ենք հասկանալ այդ մարդկանց` չէ՞ որ լավ չեն վարձատրվում, էլ ինչպե՞ս պահպանեն իրենց գոյությունը, ինչպե՞ս լուծեն կենսական խնդիրները: Այսուհանդերձ, ունենք նաև նվագախմբեր, համույթներ, դպրոցներ, որոնք գործում են նորմալ շենքային պայմաններում. 16 պետական ոչ առևտրային մշակութային կազմակերպություններ կան Արցախում, որոնց պայմանները կարելի է գնահատել լավ: -Ի՞նչ է անում մշակույթի նախարարությունը Արցախի մշակույթը դրսում ներկայացնելու համար: -Մենք չենք կարողանում մասնակցել այլ երկրներում կազմակերպվող մրցույթների, փառատոնների: Դա մեր չճանաչված երկրի մեծ խնդիրն է: Սովորաբար ներկայանում ենք կամ որպես Հայաստանի Հանրապետության, կամ որպես Սփյուռքի ներկայացուցիչ: Վերջերս մեր խումբը վերադարձավ Լիբանանից, որտեղ կազմակերպվել էր մշակութային շաբաթ: Մասնակցության հարցում մեզ օգնել էր լիբանանահայ բարերար Զաքար Քեշիշյանը, ով մեծ ներդրում ունի Արցախում մշակույթը զարգացնելու գործում, հենց նա է Շուշիում ստեղծել «Վարանդա» երգչախումբը: Ցավոք, նման միջոցառումները քիչ են լինում: Մի քանի անգամ էլ «Արցախի ձայներ» խումբն է տարբեր երկրներում հանդես եկել ժամանակակից մյուզիքլով: -Այսօրվա ստեղծագործողներն իրենց աշխատանքով որքանո՞վ են նպաստում, որ պատերազմում տարած հաղթանակն իր բոլոր ասպեկտներով մատուցվի ժողովրդին և ըստ այդմ` ԼՂՀ-ն գտնի իր միջազգային ճանաչումը: -Դա ոչ միայն ստեղծագործողներից է կախված, այլ` թե ինչքանո՞վ է պետությունն աջակցում այդ ստեղծագործողներին: Մանավանդ նոր սերնդի մեջ մենք ունենք բավական շնորհալի երաժիշտներ, երգիչներ, որոնց կարելի է ներկայացնել աշխարհին և նրանց միջոցով ներկայանալ: Հենց նրանց զարգացման համար մենք պետք է պայմաններ ստեղծենք: Օրինակ` մեր փոքրիկ երգիչներից Վլադիմիր Արզումանյանը արցախցի երկու երաժիշտների հետ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը Յուրմալայում կայանալիք «Նոր ալիք» մրցույթին: Ուրախ ենք Հայաստանը ներկայացնելու համար, բայց, ինչպես արդեն նշեցի, Արցախի ճանաչման խնդիրը կա: Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում, որ մշակույթի մեջ հենց ազգային ոգին պահպանվի: Սովոր ենք ողբերգական, «լալկան» մշակույթին, ինչը տեղ է գտել նաև մեր կենցաղում, առօրյայում: Հիմա ուզում ենք հաղթական ոգին ներդնելով, մատուցելով` հրաժարվել այդ ողբերգականությունից: Հաղթող ժողովրդին պատիվ չի բերում լալկանությունը: Քանի որ 2011-ին ԼՂՀ անկախ պետականության հռչակման 20-րդ տարադարձն ենք նշելու, նոր և հաղթական երգերի, պարերի, բեմադրությունների մրցույթներ կհայտարարենք: -Պահո՞ւմ է Արցախի մշակույթն իր ազգային դիմագիծը: -Ցավոք, վերջին տարիների քաղաքականությունը մի քիչ շեղվել է դրանից. անընդհատ ձգտելով բարեփոխումներ անել ոլորտում` երբեմն ձեռնարկել ենք քայլեր, որոնք ոչ այնքան օգնել են, որքան վնասել: Մասնավորապես` տարիներ առաջ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության ներքո ստեղծված մի քանի պետական ոչ առևտրային կազմակերպությունները միավորվել են: Այդ միացումը մեխանիկական բնույթ է կրել: Օրինակ` 3 համույթ միավորվել է երգի-պարի համույթ անվան տակ: Միավորումը չի ստացվել: Դրանք հիմա չեն գործում նույնիսկ այն ձևով, ինչով որ գործում էին: Արդյունքում ստացվել է հարկադիր պարապուրդի պես մի բան: Փորձում ենք ապավինել Հայաստանի մեր գործընկերների, հայաստանաբնակ արվեստագետների, ազգագրագետների օգնությանը: Մենք անընդհատ խոսում ենք Արցախի մշակույթն աշխարհին ներկայացնելու մասին, մինչդեռ խնդիր ունենք մեր մշակույթը անգամ Հայաստանում ներկայացնելու: Ցավոք, ՀՀ-ում էլ շատերի մոտ Ղարաբաղի մասին պատկերացումները սահմանափակվում են կա՛մ պատարազմական տարիների իրենց տպավորություններով, կա՛մ քաղաքական ենթատեքստերով: Թե ո՞վ է մեր ժողովուրդը, ի՞նչ է իրականում Արցախը, Ղարաբաղի ազգային մշակույթը, շատերը չգիտեն: Ամեն նման առիթ օգտագործում եմ կոչ անելու, որ յուրաքանչյուր հայ մարդ փորձի իր համար բացահայտել Արցախը: Թեկուզ մեկ անգամ այստեղ լինելը կարող է փոխել մինչ այդ եղած պատկերացումները: Զրուցեց ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

No comments: