Saturday, May 15, 2010

«ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆ ԱՅՆՔԱՆ ԲԱՐԴ ՉԷ, ՈՐՔԱՆ ՄԵԴՎԵԴԵՎՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ»

«Պարզապես Մոսկվան չի ուզում դրա կարգավորման քաղաքական կամքը դրսեւորել» «ԱԶԳ», 14-05-2010- «Ազգի» նախորդ համարում անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկօրյա պաշտոնական այցելությանը Թուրքիա, մեր աշխատակցուհի Աղավնի Հարությունյանը նշել էր, որ նախագահ Աբդուլլահ Գյուլի, ինչպես նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նրա հանդիպումներում թերեւս ամենակարեւորը էներգետիկ հարցերն էին: Մեդվեդեւի Թուրքիա այցելության ընթացքում, որն իրականացվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90-ամյակին, մասնավորապես ստորագրվել են համատեղ ատոմակայան կառուցելու պայմանագիր եւ անցագրային ռեժիմի վերացման համաձայնագիր: Սրանք առեւտրատնտեսական ոլորտին առնչվող փաստաթղթեր են: Թեեւ Մեդվեդեւի այցով մեկնարկեց Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի գործունեությունը, որը միջկառավարական մեխանիզմի դեր է կատարելու երկու երկրների միջեւ, սակայն համատեղ նախագծերի եւ գործակցության համար նախադրյալներ ստեղծելու կոչված այս խորհրդի գործառույթները եւս մեծապես առնչվում են առեւտրատնտեսական ոլորտին: Չնայած ռուս-թուրքական հարաբերությունները ռազմավարական գործակցության մակարդակի բարձրացնելու Մեդվեդեւի այցից առաջ Անկարայի արած հայտարարություններին կամ, ինչպես այցը, այնպես էլ այցի ընթացքում ստորագրված 20 փաստաթղթերը (որոնցից 12-ը պայմանագրեր եւ համաձայնագրեր են), որպես «պատմական» բնութագրելու թուրքական հանրային հեռուստատեսության գործելակերպին, ՌԴ նախագահի այցն ընդամենը ստեղծել է ռուս-թուրքական մերձեցումն առեւտրատնտեսական ոլորտում սերտացնելու նախադրյալներ: Երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործակցության մակարդակի բարձրացնելու նախապայմանը քաղաքական մերձեցումն է: Դա ենթադրում է գոնե տարածաշրջանային խնդիրների նկատմամբ համահունչ մոտեցման դրսեւորում: Թերեւս այդ խնդիրներից պետք է առանձնացնել արաբա-իսրայելական հակամարտությունը, դրանով պայմանավորված միջինարեւելյան խաղաղ գործընթացի խցանումը, Իրաքի քաղաքական զարգացումներն ու Իրանի միջուկային ծրագիրը: Հանդիպման ավարտին Աբդուլլահ Գյուլի հետ մամուլի համատեղ ասուլիսում նախագահ Մեդվեդեւն արաբա-իսրայելական հակամարտությանն անդրադառնալիս հիշեցրել է, որ ինքն Անկարա է ժամանել Դամասկոսից, ընդգծել է միջինարեւելյան կարգավորման գործընթացն ակտիվացնելու անհրաժեշտությունը, ապա նկատի առնելով «Համասին», ասել է. «Այս գործընթացում պետք է ներգրավել հակամարտող բոլոր կողմերինՙ առանց որեւէ մեկին օտարելու»: Նա միաժամանակ նշել է, որ Իրանի հարցին Ռուսաստանի մոտեցումը մերձենում է Թուրքիայի մոտեցմանը, ապա արտահայտել է Կովկասի կայունության հարցում երկու երկրների շահագրգռությունները, ավելացնելով, որ իրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքեր են գործադրում, Ռուսաստանը հետամուտ է շարունակելու գործընթացն ու դրա առնչությամբ խորհրդակցությունները Թուրքիայի հետ: Ղարաբաղի հիմնահարցի եւ Հայաստան-Թուքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի առնչությամբ, ինչպես երեկվա համարում վկայել էր «Միլլիեթը», Ռուսաստանի նախագահն ասել է, որ Ղարաբաղի հակամարտությունը բարդ խնդիր է, սակայն ոչ եզակի Կովկասում: Նա, խոսելով վերջին ժամանակներում հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարված վերին աստիճանի հուսադրող քայլերի մասին, այնուամենայնիվ, նշել է. «Սակայն դա ամենեւին էլ չի ենթադրում, որ կողմերը համաձայնության են եկել բոլոր հարցերում»: Ակտիվություն դրսեւորելու առումով Մեդվեդեւը վստահություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին, մատնանշելով. «Հարցերը, սակայն, պետք է քննարկեն հակամարտող կողմերը»: Նա բարդ խնդիր է համարել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը, ընդգծել է, որ ուշադիր հետեւում են գործընթացին, ապա եւ կողմերի միջեւ անհրաժեշտ փոխհամաձայնության շուտափույթ հաստատման հույս է հայտնել: Թուրքական տարբեր թերթեր տարաբնույթ մեկնաբանություն են տվել նախագահ Մեդվեդեւի այս խոսքերին: «Սաբահը» դրանք վերագրում է Անկարային «խոստում տալու» նրա պատրաստակամությանը, հակառակ դրանՙ «Սթարը», ի դեմս Գյուրքան Զենգինի, այս խոսքերը պայմանավորում է Կովկասում Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի անվստահությամբ: Զենգինը գրում է. «Կովկասն այն տարածքն է, որտեղ մեր հարաբերությունները չեն ընթանում այն հունով, ինչ կցանկանար Անկարան: Ռուսները հեռու են Կովկասում խաղաղություն հաստատելու որոնումներում Անկարային բավարարելուց: Կովկասն այն միակ տարածքն է, որը Թուրքիայի եւ Ռուսաստանի անվստահության պատճառ է դառնում: Վերադարձին ինչպես կվարվի, չգիտենք, սակայն կցանկանայինք, որ Անկարայում Մեդվեդեւը «նոր բաներ» ասեր Կովկասի խաղաղության առնչությամբ: Անկարա այցի ընթացքում այդ ուղղությամբ որեւէ «ազդանշան» չենք ստացել Մեդվեդեւից: Նա ասում է, որ հիմնահարցը բարդ է, խորհրդակցությունները շարունակվում են: Մինչդեռ Ղարաբաղի հիմնահարցը այնքան բարդ չէ, որքան Մեդվեդեւն է ներկայացնում: Հստակեցված են կարգավորման բոլոր պարամետրերը, մնում է միայն «քաղաքական կամք» դրսեւորել: Սակայն Մոսկվան չի ուզում այդ կամքը դրսեւորել»: «Սթարի» հեղինակի խոսքերը մեկնաբանության կարիք չեն զգում: Պարզապես նշենք, որ «քաղաքական կամք» ասելով հեղինակը ենթադրում է ղարաբաղյան հիմնահարցը Թուրքիայի պահանջներին համապատասխան կարգավորելու համար Հայաստանի վրա Մոսկվայի ճնշումների գործադրումը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: