Saturday, May 15, 2010

Ջավախքի հարցում միակողմանի զիջումներն անթույլատրելի են. ԱԺ պատգամավոր

Tert.am, 15-5-2010- Ջավախքում կան սոցիալ-տնտեսական և կրթամշակութային բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար շատ կարևոր են հայ-վրացական երկխոսության զարգացումն ու դիվանագիտական հարաբերությունների ջերմացումը: Այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը: «Մեր պատկան մարմինները խնդիրների լուծման գործում պետք է հակամագործակցեն, պետք է երկու երկրների միջխորհրդարանական կապերն ամրապնդվեն: Մենք արձանագրել ենք` որքան հաճախակի են հանդիպումներ լինում, այնքան խնդիրների լուծման արդյունավետությունն ակնհայտ է»,- նշեց բանախոսը: Ըստ նրա` անհրաժեշտ է խթանել ներդրումները Ջավախքում՝ սոցիալական վիճակը բարելավելու նպատակով, քանի որ դա միայն ջավախքահայերի խնդիրը չէ: Վարդապետյանը համոզված է, որ Ջավախքի հարցում կոշտ դիրքորոշում որդեգրելով` Հայաստանը ցանկալի արդյունքի չի հասնի: «Ցանկացած դեպքում ես կողմ եմ երկխոսությանն ու հարաբերությունների ջերմացմանը: Կոշտ դիրքորոշումը միշտ չէ, որ ցանկալի արդյունք է տալիս, երբեմն կարող է նաև գործընթացին վնասել»,- նշեց նա: Սակայն, ըստ բանախոսի, միակողմանի զիջումներն էլ անթույլատրելի են. «Եթե մենք հաճախ մեր հարաբերությունները որակում են որպես եղբայրական, ուրեմն այդ եղբայրությունը փոխադարձ հարգանք է ենթադրում»: Միաժամանակ նա նշեց, որ հարկ եղած դեպքում Հայաստանը պետք է կոշտ դիրոքորոշում որդեգրի:

No comments: