Wednesday, May 26, 2010

«Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել, գտնել իրեն».. Ո՞րն էր պատճառը

Panorama.am. 26-5-2010- Եթե չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը ձևավորվեց մայիսյան հերոսամարտերից (Բաշ Ապարան, Ղարաքիլիսիա ու Սարդարապատ) հետո 1918 թ. մայիսի 28-ին, չէր լինի ոչ Հայաստանի Երկրորդ, ոչ էլ Երրորդ Հանրապետությունները: Ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Կասկածում եմ, որ Խորհրդային իշխանության հաստատումից հետո Հայաստանը կիսվելու էր Ադրբեջանի ու Վրաստանի միջև»,- ասաց նա: Ընդհանրապես, խոսելով Առաջին Հանրապետության մասին ու թե հայ ժողովուրդն ինչ ճանապարհ է անցել մինչև մայիսի 28-ին հասնելը, Ա. Վիրաբյանն ասաց. «Այդ ժամանակ Հայաստանում գործող և ոչ մի կուսակցություն Հայաստանի անկախության մասին չի մտածել: Նրանք մտածում էին ինքնավարության մասին, բայց ոչ անկախության: Նրանք կողմնակից էին անդրկովկասյան ժողովուրդների հետ միասին լինել, քանի որ հասկանում էին, որ Հայաստանը չէր կարող միայնակ դիմագրավել Թուրքիային: Այսինքն` հայ քաղաքական, հասարակական միտքը պատրաստ չէր անկախությանը: Հայերը դեմ էին անկախությանը»: Սակայն երբ 1918 թ. մայիսի 26-ին Վրաստանը, իսկ 27-ին Ադրբեջանը հայտարարեցին իրենց անկախության մասին, Հայաստանի ազգային խորհուրդը մայիսի 30-ին նիստ հրավիրեց ու որոշեց Հայաստանը հռչակել անկախ պետություն: Բայց որպեսզի Վրաստանից ու Ադրեջանից շատ հետ չընկնեին` «ամոթ է», հայերը հռչակագիրը հրապարակել են մայիսի 28-ով: Հունիսի 4-ին կնքվում է Բաթումի պայմանագիրը, որից հետո Հայաստանը պետք է կազմեր իր կառավարությունը: Սակայն Հովհաննես Քաջազնունին (Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ, ՀՅԴ բյուրոյի անդամ) մեկ ամսից ավել չի կարողանում կազմել կառավարություն, քանի որ քաղաքական ուժերի մեջ չկար միասնություն, նրանցից յուրքանաչյուրն ինքն էր ուզում լինել իշխանության գլուխ, իսկ մյուս քաղաքական ուժը պետք է հեռանար: «Պատմության մեզ եզակի դեպքերից մեկը հայ միասնական ուժի դա Սարդարապատի հերասամարտն էր: Դա միասնության հաղթանակ էր»,- ասաց բանախոսը: Միայն Արամ Մանուկյանի սաստումից հետո է Քաջազնունին կարողացել կազմել կառավարություն: Այդ ժամանակ քաղաքական ուժերը գտնվել են Թիֆլիսում: Կառավարության կազմումից հետո էլ նրանք չեն ցանկացել վերադառնալ Հայաստան, քանի որ, ըստ Ա. Վիրաբյանի, այնտեղ նրանք իրենց շատ լավ են զգացել: «Վրացիները մեզ վռնդեցին Թիֆլիսից, ասելով, թե ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունը լինի Վրաստանում»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը: Հուլիսի 19-ին Հայաստանի կառավարությունն արդեն Երևանում է լինում: «Հայաստանն 900 տարի այս տարածքում չէր ունեցել պետականություն: 900 տարուց հետո պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ մեր պատմության մեջ: Ամենակարևորը` եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, չէր լինի այսօրվա Հայաստանը»,- ասաց նա: Իսկ թե հայաստանյան այսօրվա իշխանությունները ի՞նչ դասեր պետք է քաղեն Առաջին Հանրապետության իշխանությունից, Ա. Վիրաբյանն ասաց, որ ինչպես ժամանակները, այնպես էլ պայմանները շատ տարբեր են: «Առաջին Հանրապետությունը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել, գտնել իրեն: Դա գալիս էր ոչ միասնական լինելուց: Իսկ պարտված Թուրքիան, որին շատ պետություններ մեռած էին համարում, կարողացավ վերակենդանանալ, Ռուսաստանի հետ դաշնակցել ու հզորանալ: Պետք է վարենք խելոք քաղաքականություն»,- ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

No comments: