«Լրագիր» 15-5-2010- Աստված իր ծրագրով շարունակում է բնականոն գործունեությունը երկրագնդի վրա: Աստծո գործը շատ դժվար է կռահել, երբ մարդու հոգին սատանային է ծառայում: Եվ իրեն թվում է, որ ինչ կատարվում է` դա իր արածն է, որովհետև սատանան գայթակղում է: Այսօր մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ ցավոք սրտի մեր երկիրը ղեկավարվում է նման կանխամտածում ունեցող մարդկանցով:
Աստծո գործը նաև շատ հեշտ է կռահել, եթե հոգիդ ծառայում է իրեն, որովհետև այն շատ պարզ է: Քոչարյանը ակամա կատարեց Աստծո կողմից իր առջև դրված խնդիրները, այսինքն փոշիացեց որևէ անցողիկ արժեք, ակամա մարդկանց նյութապաշտության փորձության մեջ դրեց: Եվ մեր աչքի առաջ փլուզվեց այդ գաղափարի շուրջ որևիցե միաբանություն: Հոգևորից նա տեղյակ չէ, եթե տեղյակ լիներ` Երուսաղեմի հայկական եկեղեցում թղթակցի հարցին չէր պատասխանի, “Եթե մի քիչ էլ այստեղ մնամ, հավատացյալ կդառնամ”: Իսկ այսօր այդ մարդկանց է տանում փոշիացման:
Նյութի տերերը հողագնդի վրա ուրիշներն են, և տեսականորեն մենք չենք էլ կարող լինել: Մերը հոգևորն է: Անցած տարիների ընթացքում հոգևոր միաբանության միակ դրսևորումը Արցախյան ազատամարտն էր, և մեր աչքի առաջ տեսանք, որ անհնարինը դարձավ հնարավոր:
Հոգեպես կայացած ցանկացած մարդ հասկանում է, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում և գիտակցում, որ այդ ամենը հոգևորի հետ որևիցե կապ չունի: Ինչպես ավետարանն է ասում, “Վիճակը դուք եք հանում, բայց ես եմ որոշում”: Աշխարհը դժոխքավայր է այսօր և շատ ծանր է, երբ ուզում ես ընդհանուրի մասին մտածել: Դժոխքում մենակ քո համար կարող ես լավ պայմաններ ստեղծել, իսկ երկրի և ազգի համար` անհնար է: Ընդհանուրինը` դրախտն է, որ ոչ ոք նողկալի վիճակում չլինի, ինչպես հիմա է:
Հոգին ուրախ մարդը ամեն լավին ընդունակ է: Մեր երկրի պարագայում մարդկանց հոգին ուրախացնելու համար շատ քիչ բան է պետք. մարդ իրեն մարդ զգա սեփական երկրում և նորմալ մարդավայել ապրի: Ես համոզված եմ, որ այսօրվա մեր իրավիճակը սատանան է տնօրինում, որի վերջնագիծը վաղուց հատել է, և այն շուտով կպայթի, ուղղակի պետք է զգոն լինել, որ այն ուրիշ կերպարով չստեղծվի:
Չարը թույլ մարդկանց է փնտրում: Թույլ հոգիներին է կարողանում իրեն ծառայեցնել, ուժեղ մարդիկ սատանային պետք չեն, նա չի կարողանում նրանց հոգիները կառավարել: Այդ է պատճառը, որ այսօր մեր երկրում բարի ու խելացի մարդիկ տեղ չունեն, որովհետև նրանք հոգեպես ուղղակի ուժեղ են: Էական չէ նրանք դա ընդունում են դրականորեն, թե կյանքի դժվարություններից ելնելով դա չեն ընդունում: Իմ կարծիքով շուտով նրանք կզգան այդ ամենը: Չարը վերջնականորեն կխափանվի և կսկսենք բարեկեցիկ կյանքով ապրել: Սակայն այս ամենի համար պետք է պայքարել, ձեռքներս ծալած չպիտի նստենք և Աստված մեզ կօրհնի հաղթելու համար:
Աստված դրախտից վտարված մարդուն նորից դրախտ է տանում, ըստ Նոյի խոստման: Համոզված եմ, որ առաջին ազգը կարող ենք մենք` հայերս լինենք, եթե չզլանանք, մեր ներսը նայենք: Եվ եկեք թողնենք նյութականը սատանայի ծառաներին, մեկ է` արդեն վերջն է, և շատ շուտով կորցնելու են ամեն ինչ և շատերը անձամբ են կործանվելու, որովհետև սնանկանալով կորցնում են նյութականը, այդպես էլ չհասկանալով հոգևորի արժեքը:
19-ամյա մեր անկախ պետականության միակ շոշափելի հաղթանակը Արցախն է, մնացյալ ոլորտներում միայն հետընթաց է: Պատմությունն իր կրկնելիության սովորույթը դարձյալ ուզում է պարպել մեզ վրա, ինչպես որ դա եղավ 1920-ականներին, երբ Սևրի դաշնագրի 161 հազար քառ.կմ տարածքից մեզ մնաց ընդամենը 29 հազարը: Այսօր էլ իրենց անձնական իշխանության հարցերը լուծելու համար պատրաստ են մեր միակ տեսանելի ու նաև հոգևոր հաղթանակը` Արցախը զոհաբերել: Մի՞թե դա է լինելու մեր պապերի արյամբ հայկական մնացած, մեր նորօրյա 7 հազար սուրբ հոգիների կյանքի գնով պահված, մեր ողջ ժողովրդի զոհողությունների ու զրկանքների հաշվին անառիկ մնացած ու անվտանգության գոտով օղակված, մեր սերնդի ձեռքբերած անկախ պետականությամբ նվիրագործված Արցախ հայաշխարհի վճարը: Իսկ ներկա ճանապարհով ընթանալիս մենք ամեն օր ենք կրկնում պատմության այդպես էլ չսերտած դասը, ամեն օր ենք ստորագրում նվաստացուցիչ Ալեքսանդրապոլների տակ:
ԱՐԱՐԱՏ ԱՍՐՅԱՆ
Ազատամարտի եղբայրության համակարգող
Ժողովրդահայրենասիրական
ուժերի նախաձեռնող խմբի անդամ
Saturday, May 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment