Saturday, May 15, 2010

Ահմեթ Դավութօղլու. Ղարաբաղյան գործընթացը թափ է հավաքել

Tert.am. 14-5-2010- Կարելի է ասել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն թափ է հավաքել։ Այս մասին, թուրքական Cumhuriyet օրաթերթի փոխանցմամբ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչեկի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նշելով, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ջանքերով մի քանի հանդիպումներ են կազմակերպվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիան ակնկալում է ակտիվ ջանքեր ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահների կողմից: Դավութօղլուն, հիշեցնելով, որ Դմիտրի Մեդվեդևն իր Անկարա կատարած այցելության ընթացքում ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ անձամբ ինքը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, հայտարարել է. «Այդ թեման թափ է հավաքել և այդ կերպ էլ շարունակվում է: Կովկասը մեր ընդհանուր տարածաշրջանն է, որտեղ հարատև կայունության և խաղաղության հաստատումը բխում է Ռուսաստանի, Թուրքիայի, ինչպես նաև միջազգային հանրության շահերից: Մենք ցանկանում ենք, որպեսզի սառեցված հակամարտությունները կարգավորվեն, որպեսզի մեր սահմանները կայուն և ապահով լինեն, որպեսզի վերանան փոխադարձ կասկածներն ու ձևավորվի վստահության մթնոլորտ»:

No comments: