Thursday, September 30, 2010

ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ԲԱՐՁՐ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿ Է ԵՎ... ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՏՈԿՈՍԸ

Հանդիպում շվեդահայ համայնքի ներկայացուցիչներից Արամայիս Միրզախանյանի հետ

«ԱԶԳ», 30-09-2010- Հայաստանի բուհերը տարբեր տարիներ ավարտած եւ սփյուռքում գործունեություն ծավալող շուրջ 60 հոգի մասնակցել են սեպտեմբերի 19-ին սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում բացված համաժողովին: Այդ համաժողովում ստեղծվեց համակարգող խորհուրդ, առաջարկվեց տարեկան 100 դոլար նվիրատվության հատկացում ձեւավորվող կառույցի անդամների կողմից, որպեսզի կուտակված հիմնագումարով աջակցություն ցուցաբերվի Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներին բարձրագույն կրթություն ստանալիս, առաջին հերթին հումանիտար եւ բանասիրական կրթության գծով: Առիթից օգտվելով` զրուցեցինք շվեդահայ գիտնական, Երեւանի ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ Արամայիս Միրզախանյանի հետ: Սփյուռքահայ շրջանավարտների համահայկական վերջին հավաքը Միրզախանյանը հաջողված է համարում, համեմատած այս բնույթի այլ հանդիպումների հետ: Գաղափարը լավն է, ըստ Միրզախանյանի, 40-30 տարի ուշացած, որովհետեւ առաջին սփյուռքահայ ուսանողները 1957 թվականից են Հայաստանում սովորել: Նա հուսով էր, որ ստեղծված կառույցը կգործի եւ կոնկրետ օգուտ կտա:
Արամայիս Միրզախանյանի հետ զրույցը շոշափեց շատ թեմաներ, առավել հետաքրքրական նյութը, որ քաղել ենք այդ զրույցից, ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողին: 

________________________________________
Նա ծնվել է Իրանում, բարձրագույն կրթությունը ստացել Հայաստանի ճարտարագիտական համալսարանում, ամուսնացել է Հայաստանում` բանասեր Ջեկոնդա Մանասերյանի հետ, հետո մեկնել է Գերմանիա, Գերմանիայից նորից Իրան (դասախոսել է երկու երկրներում էլ, գիտության դոկտորի կոչում ունի), ապա մեկնել է Շվեդիա, որտեղ դասավանդում է թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում: Նրա մասնագիտությունը համակարգչային կարգավորման համակարգերն են` խիստ ժամանակակից մի ոլորտ, որը պահանջարկված է ողջ աշխարհում: Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում նա ստեղծել է իր լաբորատորիան` հետագայում այդպիսի լաբորատորիա ստեղծելով նաեւ Երեւանի հարազատ ճարտարագիտական համալարանում, որտեղ զբաղվում են ժամանակակից կարգավորման համակարգերի մոդելացմամբ եւ ուսումնասիրությամբ: Ճարտարագիտականի լաբորատորիայի սարքերը Միրզախանյանը բերել է Շվեդիայից` համագործակցություն ստեղծելով Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի եւ Երեւանի ճարտարագիտական համալսարանի միջեւ, այդ գործունեության մեջ ներքաշելով Եվրոմիության «Տեմպուս-Տասիս» ծրագիրը, նաեւ համատեղ աշխատելով «Գալուստ Գյուլբենկյան» հայկական ֆոնդի հետ, որի հայկական բաժնի տնօրենն է դոկտոր Զավեն Եկավյանը (նա եւս սովորել է Երեւանում), Եկավյանի հետ ծրագրել էր ճարտարագիտականում լաբորատորիայի ստեղծումը: Մի օրինակով առարկայացնենք Միրզախանյանի լաբորատորիայի աշխատանքի բնույթը. Երեւանում շենքերի վերելակները աշխատում են ռելեային ղեկավարմամբ, որը կոպիտ է եւ ճշգրիտ չէ: Դրա փոխարեն լաբորատորիան առաջարկում է ծրագրավորող լոգիկ համակարգեր, որոնք այսօր ողջ Եվրոպայում ներդրված են: Այժմ եւս Ա. Միրզախանյանը տարին 1-2 անգամ գալիս է դասավանդելու ճարտարագիտական համալսարանում:
Շվեդական դեմոկրատիան
Սեպտեմբերի 19-ին Շվեդիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Շվեդիայի լայն հասարակությունը հույս ուներ, որ Սոցիալ- դեմոկրատական բանվորական կուսակցությունը եւ ձախ կուսակցությունը կհաղթեն եւ իշխանության կգան. այդ թվում` հայերն այդպիսի հույսեր ունեին, թե ձախերի կազմած կառավարությունն, այդպիսով, կհաստատի շվեդական խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության օրինագիծը, որն անցած տարի քվեարկությամբ ընդունվեց չնչին մեծամասնությամբ, այն դեպքում, երբ աջերն էին իշխանության: Բայց ձախերը կարողացան մի քանի հոգու իրենց կողմ քաշել, շվեդահայ կազմակերպությունները շատ աշխատանք կատարեցին, եւ այդ գործում առաջինը պետք է նշել Շվեդիայի հայ պատգամավոր Մուրադ Արթինի անունը: Եթե ընտրություններում ձախերը հաղթեին, կառավարությունն անպայման կհաստատեր այդ օրինագիծը: Բայց աջերը պահպանեցին իրենց իշխանությունը, իսկ Շվեդիայի ժողովրդավարությունը մեծ հարված ստացավ, համենայն դեպս` ըստ Արամայիս Միրզախանյանի, քանի որ ֆաշիստամետ կազմակերպություն անցավ պառլամենտ: Չի ընտրվել նաեւ ադրբեջանական լոբբիինգի ներկայացուցիչ Գորան Լինդբլադը, որի փոքր կուսակցությունից համամասնական ցուցակով շատ քիչ մարդ անցավ, նա` ոչ: Լինդբլադին Միրզախանյանը շատ անամոթ մարդ է համարում, որը խանգարում է հայկական խնդիրներին ամեն կերպ:
Միրզախանյանի ներկա հետաքրքրությունները
Ա. Միրզախանյանի միտքը հիմա ավելի շատ Հայաստանի եւ Արցախի վրա է կենտրոնացած: Նա խոսում է 6 լեզվով, այժմ նկարում է: Վերջերս լույս է տեսել նրա գիրքը, որտեղ խոսվում է Բոլոնիայի հռչակագրով կրթական համակարգի մասին: Ա. Միրզախանյանն ասում է, թե այդ համակարգը հաջողություն կարող է բերել միայն Եվրոպային, որովհետեւ եվրոպական չափանիշներն այլ են, իսկ Հայաստանի կամ Խորհրդային Միության նախկին մյուս հանրապետություններինն` այլ: Որովհետեւ եթե չունես որակ, հնարավորություններ, ուսման համար վարձ ես վճարում, դասախոսներդ բավարար աշխատավարձ չեն ստանում` չես կարող հավասար գնալ այդ համակարգով ընթացող Եվրոպայի հետ: Բոլոնիայի համակարգը մի ձեւ է, որը փորձում է մոտեցնել իրար Եվրոմիության երկրների կրթական համակարգերը: Եթե միայն Հայաստանի պարտավորությունների հետ է կապվում այդ համակարգի ներդրումը Հայաստանում` ուրեմն արդյունք տալ չի կարող, նպատակ պետք է լինի: Մեր դիտարկմանը, թե Հայաստանը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից, Միրզախանյանն ի պատասխան այլ առաջարկ է անում` պետք է աշխատել համատարած ինտերնետացման ճանապարհով, ուսումը մեզ մոտ պետք է հիմնված լինի մեր ունեցած հնարավորությունների վրա, չի կարելի մի համակարգ մի այլ երկրի համակարգի մեջ մեխանիկորեն կիրառել, եւ Բոլոնիան մի դեղամիջոց չէ, որ սրսկես` մարդիկ խելոք դառնան. եվրոպացիք պարտադրում են, որովհետեւ ուզում են միասնական դիպլոմներ տեսնել: Բայց եթե Շվեդիայում, օրինակ, ասեն, թե ուսանողը 24 ժամ ինտերնետի ձեռնհասություն չունի` կարմիր լինի թե կանաչ, դիպլոմը` ընդունելի չէ:
Շվեդիա-Հայաստան բաղդատումներ
Ա. Միրզախանյանն այն համոզմունքին է, որ մեր աշխատանքը արդյունավետ չէ սփյուռքում, ավելի պետք է կենտրոնանանք, սփյուռքը չպետք է զոհաբերենք, այլ պահենք, բայց հիմա ավելի է դժվարացել այդ խնդիրը, քանզի Հայաստանից 1 մլն արտագաղթող է եղել. ոչ թե հրով եւ թրով, ինչպես Իրանի 400 տարվա մեր համայնքում, եւ ոչ թե ցեղասպանության հետեւանքով, 95 տարի առաջ, այլ վերջին 19 տարվա ընթացքում, ցավում է նա:
Հիշեցրինք, որ իր ապրած բարեկեցիկ Շվեդիայում ինքնասպանությունների տոկոսը ամենաբարձրերից է աշխարհում, դա լավ պայմանների՞ց է փաստորեն, նրանից, որ ամեն ինչ հասանելի է, ոչ ոք առանց կտուրի չէ: Եվ անգամ ենթադրեցինք, որ մարդկանց ամեն ինչ հասանելի է, ամեն ինչ տրվում է` նրանք մի տեսակ զուրկ են նպատակից ու իդեալից, գուցե այդ է պատճառը ինքնասպանությունների: Ա. Միրզախանյանը համաձայն չէր, նա այլ պրոբլեմներ, անձնական հարթություն մատնացույց արեց` անհաջող ընտանիքների մեծ տոկոսը, միասեռականների պրոբլեմը, եւ այլն: Այնտեղ, օրինակ, 50 տարեկանում հանգիստ բաժանվում եւ նոր ընտանիք են կազմում, շատերը երեք-չորս անգամ ամուսնանալուց հետո են գտնում իրենց երկրորդ կեսին: Շատ երեխաներ են մնում առանց ծնողի, եւ թեեւ պետությունը հոգում է նրանց մասին, սակայն մարդկային ջերմությանն ու հոգատարությանը պետությունը չի կարող փոխարինել:
Նա ասում է, որ Հայաստանի գիտությունը վատ վիճակում է, քանզի գիտությունը բոլոր երկրներում պետական հովանավորություն է պահանջում: Եվ ոլորտը նա համեմատեց Շվեդիայի հետ, թեեւ բոլորովին համեմատելի չէ. Շվեդիայում բյուջեի 13 տոկոսը հատկացվում է գիտության եւ ուսման խնդիրներին, այսինքնՙ երկրորդ մեծ բյուջեն է` սոցիալական խնդիրներից հետո: Շվեդիայում ուսումը ձրի է ոչ միայն շվեդների, այլեւ այլազգիների համար: Իսկ Հայաստանում այսօր վճարվող ուսման վարձը տանում է նրան, որ համալսարաններ են գնում միայն վճարունակները, ուսումը դարձել է դասակարգային, դա խփում է գիտությանը. «Եթե Վիկտոր Համբարձումյանն այսօր Հայաստանում ծնված լիներ, այս ուսման համակարգով հաշվապահ էլ չէր դառնա»: Նրա կարծիքով` Հայաստանի կառավարությունը պետք է հովանավորի ուսումը: Երբ նկատեցինք, որ դրա համար միջոցներ չկան` չի կարողանում, նա հակադարձեց. «Չի կարողանում, որովհետեւ օլիգարխները գողանում են: Ոչ հարուստ երկրում, եթե, ինչպես Ֆրիկն է ասում, մեկին հազար ձի ու ջորի լինի, մյուսն իսկի մաքի չունենա, եթե երկիրն այդ հոգեբանությամբ է շարժվում, այդ քիչ միջոցները բոլորին չեն հասնի»: Նրա կարծիքովՙ մի շարք ճյուղերի զարգացման կարիքը կա Հայաստանում. օրինակ` հանքարդյունաբերությունը Հայաստանում բավական հարուստ է, մոլիբդեն, պղինձ, ոսկի ունենք, տվել ենք օտարներին եւ նրանցից գրոշներ ենք ստանում միայն, նրա՛նք են ստանում հիմնական շահը, մեր էլեկտրաէներգիան տալիս ենք ուրիշներին... Շվեդիայի նման երկիրը որոշ ոլորտներ թույլ չի տալիս մասնավորեցնել, պետությունը մենաշնորհ է հաստատել խմիչքի, ծխախոտի, նավթի ներմուծման ոլորտներում, կամ, օրինակ, պողպատի արդյունահանման ոլորտում: Ընդհանրապես պետական սեկտորը մեծ տեղ ունի Շվեդիայի արդյունաբերության մեջ, այդ է պատճառը, որ այս երկիրը հաջողությամբ կարգավորում է գործազրկությունը, արժույթը, արտադրության ոլորտը:
Շվեդիայում 9 մլն մարդ է ապրում, որից 1 մլն-ը օտարազգիներն են: Հայերը, որ 5-6 հազար են, հիմնականում ապրում են 1 միլիոնանոց մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս երկրում ոչ լեգալ ապրողների թիվը շատ մեծ չէ, եւ նույնիսկ նրանք կարող են բուժվել, դրամ ստանալ պետությունից` մինչեւ իրենց խնդիրները լուծվեն: Շվեդիայի հայերը հիմնականում Արեւմտյան Հայաստանից են, Միջին Արեւելքից եւ Հայաստանից: Կան ոչ հայախոս հայեր: Ավելի վաղ համայնքի կյանքը բավական լավ էր ինքնակազմակերպվում, հենց Ա. Միրզախանյանն ու իր բանասեր տիկինը հրատարակում էին թերթ, «Բալենի» ամսագիրը, անգամ մունիցիպալ միջոցներով հայկական ռադիոժամ էին պահում` մրցելով 50-60 հազարանոց հրեական, թուրքական եւ պարսկական համայնքների հետ, բայց այժմ այդ գործունեությունն իրականացնող մշակութային կենտրոնը դադարել է գործելուց (Ուպսալա հայաշատ քաղաքի երկու մշակութային կենտրոնները նույնպես չեն գործում): Մի հետաքրքրական մանրամասն` Շվեդիայում յուրաքանչյուր այլազգի երեխա, որ սովորական շվեդական դպրոց է հաճախում, պետականորեն 2-3 ժամ իր դպրոցում դասեր է ստանում մայրենի լեզվով: Սա օրենսդրությամբ է սահմանված, պետությունը դրա համար հատուկ ուսուցիչ է վարձում եւ վարձատրում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: