Monday, October 11, 2010

Երևանը նշեց իր 2792–ամյակը

Tert.am. 11-10-2010- «Երևանը մենք ենք» խորագրով «Էրեբունի-Երևան» միջոցառումների շարքը երեկ առավոտից Երևանը վերածել էին համատարած տոնախմբության մայրաքաղաքի: Մայրաքաղաքի հիմնադրման 2792-ամյակը նշվեց համատարած միջոցառումներով:
Միջոցառումների կենտրոնը Երևանի փոքր կենտրոնն էր՝ Ազատության հրապարակը, Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը։
Կարապի լճի խոտածածկ տարածքում մարդիկ հետևում էին վինդ սերֆինգի ցուցադրական մրցումներին, քիչ այն կողմ` օպերայի բակում մանուկների համար տեղադրվել էին նկարչության հարմարանքներով սեղաններ, կազմակերպվել էր տոնական հյուրասիրություն, խաղեր:
Օպերայի հետնամասում` ծառայողական մուտքի մոտ, հնչում էր «Երևանի սիրուն աղջիկը», որն իր շուրջն էր հավաքել մարդկանց մեծ բազմություն: Երբ մոտեցանք, պարզվեց՝ նկարահանումներ են տեղի ունենում: Նկարում էին «Երևանի սիրուն աղջիկ» երգի տեսահոլովակը 20 տարի անց կամ, ինչպես հեղինակներն են ասում՝ տեսահոլովակ Երևանի մասին։
«Վարպետաց քաղաք» խորագրով ցուցահանդեսային շարք էր ներկայացված Հյուսիսային պողոտայում: Պողոտայի սկզբնամասում՝ փոքր բեմի վրա, պատանիները կրկեսային համարներ էին ցուցադրում:
Հյուսիսային պողոտայի ամբողջ երկայնքով՝ մինչև Հանրապետության հրապարակ, ցուցահանդեսներ էին: «Վարպետաց քաղաք» խորագրով ցուցահանդեսի շրջանակում տաղավարներում ցուցադրվել էին խեցեգործների, գորգագործների աշխատանքները։
Մի տաղավարում էլ երիտասարդները ցանկացողների մարմնի վրա նկարում էին հայոց եռագույնը։
Գլխավոր տոնական միջոցառումը Հանրապետության հրապարակում էր՝ համերգային ծրագիր՝ հայ և արտասահմանցի երգիչ–երգչուհիների մասնակցությամբ, որն ավարտվեց տոնական հրավառությամբ։

No comments: