Friday, October 8, 2010

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ ԿԱՄ ԴԱՇՏԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 8-10-2010- Ազատագրված տարածքներում իրականացվող ԵԱՀԿ դաշտային առաքելության հետ կապված, Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը եւ գործիչները շեշտում են, որ այդ առաքելությունը բազմակողմանի եւ արդար կլինի, եթե այցելի նաեւ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ` Մարտակերտի հյուսիս, Մարտունու արեւելք, Գետաշեն, Շահումյան եւ այլն: Ղարաբաղի իշխանությունը նույնիսկ պաշտոնապես այդպիսի պայման է դրել Մինսկի խմբի համանախագահների առաջ, թեեւ նրանք կարծես թե այդ պայմանը, գոնե պաշտոնական հայտարարության առումով, մատնել են անուշադրության:
Այստեղ շատ կարեւոր է այդ նաեւի հանգամանքը: Ինչ է նշանակում նաեւ Ադրբեջանի բռնազավթած տարածքներ: Երբ ասվում է նաեւ Ադրբեջանի բռնազավթած տարածք, դա ինքնաբերաբար նշանակում է, որ հայկական կողմը ընդունում է, որ ինքն էլ տարածք է բռնազավթել եւ ԵԱՀԿ առաքելությունը եկել է այդ տարածքը զննելու, ու մենք էլ փաստացի ասում ենք` “նաեւ Ադրբեջանի բռնազավթածը գնացեք նայեք”, այսինքն` դե մենակ մեր բռնազավթածը մի նայեք, նաեւ նայեք Ադրբեջանի բռնազավթածը:

Ընդ որում, այդ Ադրբեջանի բռնազավթած հողեր այցելելու մասին հայտարարությունների լրջությունը մեղմ ասած կասկածի տակ է: Այսինքն, հայկական կողմն ասում է, իսկ ո՞վ է լսողը: Որեւէ մեկը կարծո՞ւմ է արդյոք, որ ԵԱՀԿ-ն առաջիկայում որեւէ լուրջ առաքելություն է իրականացնելու Ադրբեջանի բռնազավթած տարածքներում: Տարանցումը հաշիվ չէ: Այսինքն, առաքելություն կլինի այն, որը կունենա պաշտոնական ձեւակերպում, ինչպես օրինակ հենց ունի ազատագրված տարածքների առաքելությունը:

Հետեւաբար ավելի ճիշտ չի՞ լինի արդյոք, մեղմ ասած ոչ այնքան խորը դիտարկված հայտարարությունների փոխարեն, թե նաեւ Ադրբեջանին բռնազավթածը գնացեք ստուգեք, հայկական կողմը, մասնավորապես նաեւ Լեռնային Ղարաբաղը, դաշտային առաքելության հանդեպ իրեց վերաբերմունքը մշակեին` ելնելով նրանից, որ այդ տարածքները Ղարաբաղի սահմանադրական տարածքներն են: Իսկ եթե բարձրացնում ենք Ադրբեջանի հարցը, ապա պետք է բարձրացնել ոչ թե նաեւ-ի, այլ եթե-ի կտրվածքով: Այսինքն, եթե բռնազավթած, օկուպացված տարածք եք ուզում դիտարկել, ապա սխալ եք եկել եւ դրա համար պետք է գնաք Ադրբեջան:

Համենայն դեպս, դա ավելի անլուրջ չէ, իր էությամբ, քան այն պնդումները, թե պետք է գնաք նաեւ Ադրբեջան: Դե, եթե այդքան սկզբունքային էր հայկական կողմի այդ կեցվածքը, ապա թող առաքելությանը չթողնեին գալ ազատագրված տարածքներ, մինչեւ որ ԵԱՀԿ-ն պաշտոնապես չխոստանար, որ դրանից հետո, թեկուզ մեկ շաբաթ, թեկուզ մեկ ամիս կամ թեկուզ հենց վեց ամիս հետո գնալու են Ադրբեջանի օկուպացրած տարածքները դիտարկելու: Թող պաշտոնապես խոստանային, որ գոնե այդ հարցը կքննարկեն ինչ որ տեղ: Այլապես առաքելության մասին որոշումը կայացվել է, գալու օրը ճշտվել, հայկական կողմը համաձայնություն տվել է, առաքելությունն արդեն տարածաշրջանում է, իսկ մերոնք հայտարարում են, թե պայման է, որ Ադրբեջանի բռնազավթած տարածքներ էլ գնան: Իսկ պայմանի մյուս կողմը չգիտես ինչու լռում է այդ մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: