Friday, October 8, 2010

Կուստուրիցան ալեկոծել է Թուրքիան. քաղաքական գործիչները պահանջում են հանել նրան կինոփառատոնի ժյուրիի կազմից

Tert.am. 8-10-2010- Աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի` հոկտեմբերի 9-14-ը Անթալիայի քաղաքապետարանի և մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնի ժյուրի կազմում ընդգրկվելն իսկական իրարանցում է առաջացրել Թուրքիայում:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` Անթալիայի քաղաքապետարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող (ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր (ԱՇԿ) կուսակցությունների ներկայացուցիչները պահանջել են Կուստուրիցային հանել «Ոսկե նարինջ»-ի ժյուրիի կազմից:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ ներկայացուցիչ Մուրթազա Թամյուրեքը` ընդգծելով, թե Կուստուրիցան ազգի դավաճան է և հիշեցնելով, որ աշխարհահռչակ ռեժիսորն ընդունել է քրիստոնեություն, հայտարարել է, որ նրան պետք է անհապաղ հեռացնել «Ոսկե նարինջի» ժյուրիի կազմից:
«Կուստուրիցան աջակցում է սերբերին: Իսկ Անթալիան նման քայլով խայտառակվում է Թուրքիայի և Թուրքիայի բարեկամ երկրների առջև», - ասել է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը` հանդիմանելով կինոփառատոնի կազմակերպիչներին. «Հետաքքրքիր է իմանալ, թե դուք ինչո՞ւ եք այդպես հիանում սերբերով: Իսկ գիտե՞ք, թե ձեր մասին ի՞նչ են մտածում Թուրքիայում բնակվող բոսնիացիները»:
Մուրթազա Թամյուրեքի այդ հայտարարություններին աջակցել է ԱԶԿ ներկայացուցիչ Մուստաֆա Ռեշաթ Օքթայը` հայտարարելով, որ Կուստուրիցան, շահարկում է իր արվեստագետի հեղինակությունը որոշ հարցերի քաղաքականացման համար:
Ազգայնական Օքթայը հայտարարել է, որ ճիշտ չէ Կուստուրիցային ընգրկել «Ոսկե նարինջի» ժյուրիի կազմում:
Իսկ Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Աքայդընը, որոշ զոգահեռներ անցկացնելով Կուստուրիցայի և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների միջև, հայտարարել է. «Կուստուրիցան մեզ համար հետաքրքիր է միայն որպես արվեստագետ։ Այդ ինչպես է ստացվում, որ Հաբուրի անցակետից մուտք գործող ահաբեկիչներին, որոնք հայտարարում են, թե «Չենք ապաշխարում», ընդունում են հանդուրժողականությամբ: Իսկ ինչո՞ւ նույն հանդուրժողականությունը չցուցաբերել Կուստուրիցայի նկատմամբ»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բոսնիացի մի շարք կինոգործիչներ, ռեժիսորներ և կանանց միությունների ներկայացուցիչներ նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացրել աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցային «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնի կազմում նրան ընդգրկելու որոշման առնչությամբ։
«Դա անարդար և խայտառակ իրավիճակ է: Ոչ թե ողջ Թուրքիային, այլ Կուստուրիացային հրավիրողներին եմ մեղադրում: Ինձ համար նրանք և Կուստուրիցան նույնն են: Շատ ցավալի իրավիճակ է, քանի որ նման քայլով նվաստացվում են Սրեբրենիցայի մեր մայրերի ու զոհերի հիշատակը: Շատ ամոթալի է, երբ մուսուլմաններին նվաստացնող մեկը գնալու է մուսուլմանների սիրտը հանդիսացող երկիր: Իսկ թե այնտեղ ինչ է ասելու, չեմ կարողանում հասկանալ: Հավանաբար ասելու է, որ ատում է մուսուլմաններին»,- հայտարարել էր Սրեբրենիցայի և Զեպայի մայրերի միության նախագահ Մունիրա Սուբաշիչը:

No comments: