Monday, October 11, 2010

Սլովենիայի նախագահն այսօր կայցելի Ծիծեռնակաբերդ

Panorama.am. 11-10-2010- Նախօրեի երեկոյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկը տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ:
Պաշտոնական այցի շրջանակներում այսօր Սլովենիայի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Այնուհետև Սլովենիայի Նախագահը կհյուրընկալվի ՀՀ Նախագահի նստավայրում, որտեղ նախատեսվում է Հայաստանի և Սլովենիայի Նախագահների առանձնազրույց, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո Նախագահներ Սերժ Սարգսյանը և Դանիլո Թյիրկը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը Սլովենիայի Նախագահը կայցելի Մատենադարան և Հայաստանի նկարիչների միություն: Այնուհետև Նախագահներ Դանիլո Թյիրկը և Սերժ Սարգսյանը կմասնակցեն հայ-սլովենական բիզնես ֆորումին:
Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկի և տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի, կտրվի պաշտոնական ընթրիք:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի նստավայրում Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկն առանձնազրույց կունենա Սերժ Սարգսյանի հետ, որին կհաջորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Սլովենիայի Նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն կեզրափակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ:

No comments: