Friday, October 8, 2010

ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԽԱՆԳԱՐԻ, ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳԵՆ ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ

«ԱԶԳ» , 08-10-2010 - Վերջերս հայկական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով թուրքական կայքերին, գրում էին, որ Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են միասին վերանորոգել Անիի Մայր տաճարը: Այդ խոսակցություններն ավելի շատ շրջանառվեցին հատկապես Անիի Մայր տաճարում նամազի արարողությունից հետո: Պարզվեց, որ դա թուրքական լրատվամիջոցների հերթական խեղաթյուրումն էր եւ աշխարհին քաղաքակիրթ եւ հանդուրժող երեւալու հերթական անհաջող փորձը: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն «Ազգի» զրույցում տեղեկացրեց, որ շրջանառվող լուրերը չափազանցված են:
Ոչ թե Թուրքիայի իշխանություններն են գնացել հայ ճարտարապետների հետ Անիի Մայր տաճարը վերականգնելու քայլին, այլՙ Թուրքիայի ճարտարապետների միությունը: «Դա իշխանություն չէ, այլՙ հասարակական, մասնագիտական կազմակերպություն: Չգիտեմ ինչպես, սակայն երկու երկրների ճարտարապետների միությունները կարողանում են միմյանց հասկանալ», ասաց Մինասյանը:
Երկու երկրների ճարտարապետների միության նախագահները հանդիպել են 2005-ին Ստամբուլում կայացած Ճարտարապետների միջազգային կոնգրեսում: Հենց այդ ժամանակ էլ կողմերի միջեւ համաձայնագիր է կնքվել` միմյանց օժանդակելու եւ օգտակար լինելու ակնկալիքով: Մինչեւ հիմա ուժ ունեցող համաձայնագրում պահպանվում է տեղեկություններ փոխանակելու պայմանավորվածությունը:
Երկու տարի անցՙ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողության ժամանակ հարցը քննարկվել է Թուրքիայի ճարտարապետների միության նոր նախագահի հետ: Այս անգամ կողմերը համաձայնել են անկախ քաղաքական խնդիրներից պահպանել ձեռք բերված համաձայնությունը եւ առանց հայկական կողմին տեղյակ պահելու որեւէ աշխատանք տաճարում չիրականացնել:
«Քաղաքական խնդիրների պատճառով շատ բան կկորցնենք: Եթե քաղաքականությունը չխանգարի, ապա խոսքից կարող ենք անցնել որոշակի գործողությունների: Առայժմ կան պայմանավորվածություններ, սակայն որեւէ որոշակի գործողություն, աշխատանք չի սկսվել, եւ այդ պայմանավորվածություններն անկատար կմնան, մինչեւ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեն: Թուրքիայի քաղաքական խնդիրների պատճառով աշխատելու հնարավորություն չկա»:
Մինասյանը նաեւ հավելեց, որ Հայաստանի հուշարձանների պահպանության գործակալությունն ու մշակույթի նախարարությունը նույնպես քայլեր ձեռնարկում են Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ գործնական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, սակայն դրանք էլ պայմանավորվածությունների հարթության վրա են գտնվում, եւ որեւէ արդյունք դեռեւս չի գրանցվել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: