Friday, October 8, 2010

Ինչո՞ւ հեռուստաընկերությունները չեն լուսաբանում ընդդիմադիր գործիչների ասուլիսները

Tert.am. 8-10-2010- Ի տարբերություն առաջին և երկրորդ եռամսյակների, այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել։ Սա աննախադեպ ցուցանիշ է, քանի որ վերջին տարիներին չի եղել մի եռամսյակ, երբ լրագրողների նկատմամբ բռնություն չի գործադրվել։ Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հիշեցնելով, որ այս տարվա առաջին եռամսյակում ֆիզիկական բռնության էր ենթարկվել 5, երկրորդում՝ 3 լրագրող։
Ըստ նրա, լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերն աճում են այն ժամանակ, երբ երկրում քաղաքական իրավիճակը սրվում է։ Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում քաղաքական վիճակը համեմատաբար կայուն է եղել, ինչով էլ պայմանավորված՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար չի իրականացվել։
Նույն ժամանակահատվածում գրանցվել է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 3 դեպք՝ առաջին եռամսյակի 6, երկրորդի՝ 5 դեպքի փոխարեն։ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու 5 դեպք է գրանցվել այս տարվա երրորդ եռամսյակում։ Առաջին եռամսյակում այդ թիվը կազմել էր 4, երկրորդում՝ դարձյալ 5։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ հեռուստաընկերությունները խտրական վերաբերմունք են դրսևորում քաղաքական գործիչների նկատմամբ։ «Երբ ասուլիս են տալիս ՀԱԿ ներկայացուցիչները, 1 կամ 2 կամերա է ներկա լինում կամ ընդհանրապես կամերաներ չկան։ ՀՀԿ գործիչների ասուլիսների ժամանակ մոնիտորինգի ենթարկված բոլոր 10 հեռուստաընկերություններն էլ ներկա են լինում։ Սա քաղաքական կախվածության արտահայտում է»,- նշեց Մելիքյանը։
Երրորդ եռամսյակում գրանցվել է 7 դեպք, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչների ասուլիսներին հեռուստաընկերություններ ներկա չեն եղել։ Իսկ ՀՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ասուլիսներին միջին հաշվով 7 հեռուստաընկերություն է ներկա եղել։

No comments: