Friday, October 8, 2010

Հայաստանի քաղաքական գործիչներն ընտրել են երկրի ամենաազդեցիկ կնոջը

News.am. 8-10-2010- Պատմականորեն այնպես է ձեւավորվել, որ տղամարդը միշտ էլ գերիշխող դիրք է ունեցել կնոջ նկատմամբ, փաստացի, իր վրա վերցնելով պատասխանատվությունը, գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ ինչպիսի՞ն է կնոջ դերը Հայաստանի ներկա քաղաքական ու սոցիալական իրողություններում: Այս հարցը NEWS.am-ի թղթակիցը տվել է հայաստանյան հայտնի քաղաքական գործիչներին:
Պարզվում է, որ մեր տղամարդ քաղաքական գործիչներից շատերն այս ուղղությամբ նույնիսկ չեն էլ մտածել: Այսպես. ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց, որ «այդպիսի կին չի տեսնում», իսկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ նշեց, թե գաղափար անգամ չունի:
Հայաստանի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը Հայաստանում ամենաազդեցիկ կնոջ մասին հարցին պատասխանեց շատ կարճ. «Չգիտեմ»:
Պատասխանների շարքում հնչեցին նաեւ այսպիսիք. «Ինձ նման հարցեր մի տվեք», «Ֆու», «Ես քաղաքական գործիչ եմ, որ թե կնագետ»:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն այս առնչությամբ ասաց, որ ինքը շատ սուբյեկտիվ կարծիք ունի կանանց մասին, որը կարող է արմատապես տարբերվել ընդհանուր պատկերից: «Ձեռնպահ կմնամ պատասխանելուց»,- նշեց նա:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ կարծում է, որ Հայաստանի ամենաազդեցիկ կինը դա Transparency International կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանն էր, ով օրերս հեռացավ կյանքից: «Նա խելացի էր, կրթված, ուներ ուժեղ կամային հատկանիշներ: Ամալյան երկրի անցումային այս շրջանում առանձնանում էր իր ծայրահեղ ակտիվությամբ: Հիմա հազվադեպ կգտնես այդպիսի կին»,- ասաց Սաֆարյանն ու չմոռացավ գովել նաեւ «Ժառանգության» կանանց. «Ես շատ բարձր եմ գնահատում «Ժառանգության» կին ներկայացուցիչների աշխատանքը»:
Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն էլ ուրախությամբ ընդգծեց, որ Հայաստանի ամենաազդեցիկ կինը երկրի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է: «Դա ակնհայտ է, քանի որ նախագահի կինը փաստացի ամենաառանցքային դիրքն է զբաղեցնում բոլոր կանանց շրջանում»,- ասաց նա:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն իր հերթին, ամենաազդեցիկ կին համարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: «Նա նախարար է, կարգավորում է Սփյուռքի հետ կապը, լավ է կատարում իր աշխատանքը, ունի լավ անձնական որակներ»,- ասաց Մանոյանը:
Ամփոփելով անցկացված հարցման արդյունքները, ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հնարավոր չեղավ պարզել, թե ի վերջո, ո՞վ է Հայաստանի ամենաազդեցիկ կինը: Այնպես որ, հաջորդ անգամ, NEWS.am-ի թղթակիցը կփորձի կին քաղաքական գործիչներից պարզել, թե ով է Հայաստանի ամենաազդեցիկ տղամարդ գործիչը: Հույս ունենանք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի զրուցասեր կգտնվեն:

No comments: