Friday, October 8, 2010

Պարոն Պոլուխովի ցինիզմը անպատժելիության հետևանք է. Տիգրան Բալայան

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն ինչ անում է այդ երկիրը, բնորոշ է ահաբեկիչներին»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով Henaran.am լրատվական կայքի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ արտգործնախարարությունը Մանվել Սարիբեկյանի սպանությունը մեկնաբանելիս Ադրբեջանի արտգործնախարարության դրսևորած ցինիզմի նոր պոռթկմանը։
Ըստ Բալայանի՝ «պարոն Պոլուխովի՝ Մանվել Սարիբեկյանի դաժան սպանությունը արդարացնելուն ուղղված հուսահատ ճիգերը և անհեթեթ խոսքերը սնվում են այն հանգամանքից, որ դեռևս Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Ադրբեջանի և Արցախի այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում անմեղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Այն հանցագործներն էլ, որոնք բանտարկված էին, Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին և հերոսացվեցին ու մեծարվեցին»:
«Այդ անպատժելիությունից ոգևորված Ադրբեջանի իշխանությունները գնացին ավելի հեռու՝ էթնիկական զտումների, միջազգային ահաբեկչական ցանցերի գրոհայիններին օգտագործելով լայնածավալ ագրեսիա ծավալեցին Հայաստանի ու Արցախի դեմ»,- ասել է Բալայանը՝ արձանագրելով, որ այսօր էլ Ադրբեջանն իրեն անպատժելի է զգում և հենց այդ պատճառով շարունակում է իրականացնել և ծրագրել նոր ոճրագործություններ:

No comments: