Monday, October 11, 2010

Էրդողանի ճակատագիրը կորոշեն քրդերը

Քուրդ գրոհայինները Թուրքիայում մեծացրել են գործունեության աշխարհագրոթյունը։ Այս մասին NEWS.am-թղթակցի հետ հարցազրույցում նշեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ ընդգծելով, որ քրդական գրոհայինների գործողության վայրերի ընդլայնման միտում է նկատվում վերջին տարիներին։ «Նախկինում քրդերի պայքարը իրականացվում էր Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում, իսկ վերջին 2-3 տարում այն ընդլայնվել է դեպի կենտրոնական եւ արեւմտյան շրջաններ»,- ասաց թուրքագետը՝ նկատելով, որ քրդերի ակտիվացումը կարող է ճակատագրական հետեւանքներ թողնել Էրդողանի եւ նրա ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վրա։ Բանն այն է, որ հաջորդ տարվա ամռանը Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու։ Փորձագետի կարծիքով՝ ներկայումս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դիրքերն են ամենաամուրը, եւ եթե Թուրքիայում որեւէ էական արտակարգ զարգացումներ չլինեն, ապա Էրդողանի կուսակցությունը հնարավոր է նույնիսկ մեծամասնություն ձեւավորի ընտրություններից հետո։ «Քուրդ գրոհայինների ակտիվության դեպքում Թուրքիայի Բարձրագույն հրամանատարությունն ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը, իսկ նրանց այդ կեցվածքն ավելի կակտիվացնի թուրքական ազգայնական քաղաքական ուժերին»,- կարծիք հայտնեց Հովսեփյանը։
Ըստ նրա՝ վերջերս սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացրած Թուրքիայում պարզվեց նաեւ քաղաքական ուժերի ազդեցության պատկերը։ «Սահմանադրական փոփոխությունների կողմնակից էր Էրդողանի կուսակցությունը, որը նաեւ չափավոր իսլամիստական է համարվում, դեմ էին ազգայնականները, որոնք քեմալական գաղափարախոսության կրողն են։ Բարեփոխումներն ընդունվեցին 58/42 տոկոս հարաբերակցությամբ, այսինքն՝ Էրդողանն ստացավ նաեւ ժողովրդի վստահության քվեն»,- ասաց թուրքագետը՝ նշելով, որ թուրքական կառավարության համար համար դա շատ կարեւոր հաղթանակ էր, քանի որ այն ապացուցեց, որ թուրք հասարակության մեծ մասն ընդունում է նրանց բարեփոխումների քաղաքական գիծը։
Թուրքագետի խոսքով՝ Էրդողանն իր կառավարման տարիներին հաջողացրել է նաեւ արժեհամակարգային փոփոխություններ իրականացնել։ Նրա օրոք ստեղծվել է իսլամական գաղափարներ դավանող միջին խավ, որի վրա էլ հենց հենվում է վերջինիս քաղաքական ուժը։ Իսլամական գործոնը նաեւ ներթափանցել է թուրքական բանակ, ինչի արդյուքնում բանակի գաղափարական միատարրությունը մասնատվել է։ «1920-ականներից մինչեւ 10-15 տարի առաջ շարքային թուրք քաղաքացուն նախակրթարանից սովորեցնում էին, որ թուրք հասարակության լավագույն սերուցքը զինվորականներն են, որ թուրք «փաշաները» ամենակարող են, որ նրանք են թուրքական պետության անվտանգության եւ ածխարհիկ կարգի պահպանողը, հետեւաբար նրանք անպարտելի են ու ամենազոր, բայց Էրդողանը կոտրեց այս կարծրատիպը։ Երբ սկսեցին «Էրգենեկոնի» եւ «Բայլոզ» գործով զինվորականների ձերբակալել, հեռուսատեսությունը ամբողջ Թուրքիայով օրեր շարունակ ցուցադրում էր, թե ինչպես են «ամենազոր թուրք փաշաներին» ստորացնում։ Ոստիկանները նրանց ձեռքերը ոլորելով՝ նստեցնում էին մեքենաները»,- ասաց Հովսեփյանը՝ նկատելով, որ դա նույն բանն է, ինչ «ժողովուրդների հայր» համարվող Ստալինին կենդանության օրոք ձերբակալեին, ու ձերբակալության ստորացուցիչ հանգամանքները ցուցադրեին հեռուստատեսությամբ։
Ըստ փորձագետի՝ այս գործողությունների արդյունքում սկսել է անկում ապրել բանակի հանդեպ թուրք հասարակության վստահությունը։
Հովսեփյանի կարծիքով, եթե թուրքական բանակի բարձրագույն սպայակազմն իրեն ուժեղ զգար, ապա կպատժեր Էրդողանին իշխանափոխությամբ, ինչպես դա արվել է մի քանի անգամ այլ կառավարությունների օրոք, սակայն բանակ ներթափանցած իսլամական տարրը պառակտել է այն, աշխարհիկությանը եւ քեմալիզմին հակադրելով՝ Թուրքիայում աճող իսլամականությունը։
Նրա խոսքով՝ քրդական խնդրի կապակցությամբ Էրդողանի կառավարությունը փորձելու է կարճաժամկետ քայլեր ձեռնարկել քրդական բնակչությանը սիրաշահելու ուղղությամբ, ինչը Էրդողանին հնարավություն կտա ավելի հանգիստ ընտրություններին պատրաստվել, իսկ քրդական հարցի հիմնական քայլերը կձեռնարկվեն խորհրդարանական ընտրություններում նրա հնարավոր հաղթանակի դեպքում։

No comments: