Monday, October 11, 2010

ԵՎՐՈՊԱՆ ԸՆԴԴԵՄ ԻՍԼԱՄԻ

«Լրագիր» 11-10-2010- ԳԴՀ ինտեգրման հարցերով նախարար Մարիա Բեմերը հայտարարել է, որ իշխանությունը միջոցներ կձեռնարկի ներգաղթյալ աշակերտների կողմից գերմանացի աշակերտների հանդեպ աճող խտրականության դեմ: Նրա խոսքով, ընդմիջումների ժամանակ երեխաները վախենում են դուրս գալ դպրոցի բակ:
Իսպանիայում ստեղծվել է նոր կուսակցություն, որը հանդես է գալիս երկրից մուսուլմանների վտարման օգտին: “Մենք ռասիստ չենք, մենք ռեալիստ ենք: Մենք չենք ուզում, որ Թուրքիան մտնի Եվրամիություն, մենք չենք ուզում, որ Իսպանիայում մուսուլմաններ լինեն: Մենք պահանջում ենք փակել մզկիթները, որոնցում քննարկվում են ահաբեկության ծրագրեր: Իսպանացիները պետք է մուսուլմաններին վտարեն իրենց երկրից”, հայտարարել է այդ կուսակցության ղեկավարներից մեկը` Խոսե Անգլադան:
Իսկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է փարաջայի կրումը հասարակական վայրերում:
ԵԽԽՎ լուրջ մտահոգություն է հայտնել եվրոպական տարածքում էքստրեմիզմի աճով, ասվում է “Պայքար էքստրեմիզմի դեմ. Ձեռքբերումներ, թերություններ եւ անհաջողություններ” անվանված զեկույցում: “Եվրոպական երկրների հասարակայնությունը եւ կառավարությունները ավելի ու ավելի սուր են զգում իսլամ արմատականության, գաղափարախոսության, որ դառնում է եվրոպական երկրներում ապրող մուսուլման երիտասարդության համար ավելի ու ավելի գրավիչ, սպառնալիքի մասշտաբները”, ասվում է ԵԽԽՎ բանաձեւում:

Իսկ Հոլանդիայում ձեւավորվել է պահպանողական փոքրամասնության կոալիցիոն կառավարություն, որին աջակցում է Վիլդերսի Ազատության կուսակցությունը: Հոլանդիայի ձախերն ու մուսուլմանները վրդովված են Վիլդերսի հաղթանակից: Հոլանդիայում Մարոկկոյի քաղաքական խմբավորման ղեկավար Ֆարիդ Զաքանը կանխատեսել է, թե Հոլանդիայում մուսուլմանների եւ ոչ մուսուլմանների միջեւ անդունդը կխորանա:

Վիլդերսը համախոհների հրավերով ժամանել է Բեռլին եւ ելույթ ունեցել, որը կարելի է համարել եվրոպական նոր Ինտերնացիոնալի մանիֆեստ, որում խնդիր է դրվում ազատել Եվրոպան տոտալ իսլամի տարածումից: Մինչ այդ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, թե Գերմանիայի իսլամացումն անխուսափելի է: Նա կոչ էր արել քաղաքացիներին հարմարվել փոփոխություններին, որոնք առաջացել են ներգաղթի հետեւանքով:

“Բարեկամներ, մենք չպետք է համաձայնենք անթույլատրելիի հետ: Որպես քաղաքական գործիչներ, մենք պարտավոր ենք պահպանել մեր երկիրը մեր երեխաների համար: Ես հուսով եմ, որ շարժումը գերմանիայում կհասնի նույնպիսի հաջողության, ինչպես մեր Ազատության կուսակցությունը, ինչպես շվեյցարական ժողովրդական կուսակցությունը, ինչպես դանիական Ֆոլկեպարտին եւ նման այլ շարժումներ: Ես Գերմանիա եմ ժամանել, քանի որ առանց գերմանացի գործընկերների մենք երբեք չենք կարող ստեղծել Ազատության միջազգային միությունը”, հայտարարել է Վիլդերսը:

“Իսլամի պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս Մուհամեդի իրական նպատակը. “Ես կռվելու եմ բոլորի դեմ, մինչեւ նրանք չասեն` չկա Աստված Ալլահից բացի, Կռվեք, մինչեւ անհավատները չանհետանան, մինչեւ չհավատան Ալլահին”: Ես խոսում են իսլամի, ոչ թե մուսուլմանների մասին: Քաղաքական վտանգը տեսնելու համար պետք է ցանկություն ունենալ տեսնելու իրականությունը, եթե նույնիսկ այն տհաճ է: Ավաղ, ժամանակակից քաղաքական գործիչները կորցրել են այդ ընդունակությունը”, ասել է Վիլդերսը:

No comments: