Wednesday, November 10, 2010

Գագիկ Մինասյանը Թուրքիայում բարձրացրել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցը

Tert.am. 10-11-2010- Թուրքիայի Տրապիզոն քաղաքում նախորդ շաբաթ անցկացված Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 36-րդ նիստին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, վեհաժողովի ընթացքում քննարկվել են միջմշակութային և միջքաղաքակրթական երկխոսությանն ու այդ հարցերում խորհրդարանների դերին վերաբերող հարցեր։ Թուրքիայում Գագիկ Մինասյանն անդրադարձել է այդ բանագավառներում ՀՀ կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությանը։
Իր ելույթում Գագիկ Մինասյանը բարձրացրել է նաև Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցը։ Նշվել է, որ 1000-ից ավելի խաչքարեր ոչնչացվել են, ինչը չի տեղավորվում միջքաղաքակրթական և միջմշակութային երկխոսության դաշտում։ Գագիկ Մինասյանն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը՝ նշելով, որ դա ևս քաղաքակրթական դրսևորում չէ և հարիր չէ 21-րդ դարին։ «Իմ դիտարկումներին թուրքական պատվիրակության անդամները չհակադարձեցին»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ իր ելույթը լսել են Թուրքիայի խորհրդարանի նախագահը, երկրի փոխվարչապետը, և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Հայ և թուրք պատվիրակների անցկացրած քննարկման ժամանակ թուրքերն ասել են, որ իրենց իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ «Սակայն նրանք նշում էին, որ այս հարցում երկրի ղեկավարությունը խնդիրներ է ունենում ընդդիմության և Ադրբեջանի հետ։ Իրենց տեսակետը հետևյալն է՝ լուռ բանակցություն չկա և չի լինելու։ Իրենք ասացին, որ կամ պետք է վավերացվեն արձանագրությունները, կամ պետք է գործընթացը դադարեցվի»,- պատմեց Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ թուրքերն ասել են նաև, որ սահմանի բացման դեպքում կշահեն ինչպես հայերը, այնպես էլ թուրքերը։

No comments: