Tert.am. 17-12-2010- Մարդու իրավունքների հայտնի պաշտպան, իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, ով հեղինակել է «Եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» աշխատությունը, հաճախ է հայտնվում մարդու իրավունքներին վերաբերող աղմկահարույց պատմություններում: Այս անգամ Ռոբերթսոնը բրիտանական և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է որպես WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան: Այս մասին հայտնքում է «Ազատություն» ռադիոկայանը։Կիսատ թողնելով արձակուրդը Ավստրալիայում` ՄԱԿ-ի նախկին դատավոր, բրիտանական խոշոր իրավաբանական կազմակերպության ղեկավար Ջեֆրի Ռոբերթսոնը վերադարձել է Լոնդոն` ներկայացնելու Ասանժի շահերը երկրի բարձրագույն դատարանում: Հինգշաբթի օրը նա մյուս երկու փաստաբանների հետ միասին կարողացավ հասնել 250 հազար ֆունտ ստերլինգ գրավի դիմաց Ջուլիան Ասանժի ազատ արձակմանը, ով ձերբակալվել էր նախորդ շաբաթ` Շվեդիայում բռնաբարություն և սեռական բնույթի այլ հանցագործություններ կատարելու կասկածանքով:
2011թ. հունվարին դատարանը կքննի Ասանժին Շվեդիային հանձնելու հարցը: Դատարանից դուրս գալով` նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին ու հատկապես իր իրավաբաններին` արդյունավետ ու հաջող աշխատանքի համար:
Ասանժն ու Ռոբերթսոնը երկուսն էլ Ավստալիայից են, ինչը դիտվում է որպես փաստաբանի ընտրության պատճառներից մեկը: Բրիտանական Guardian-ը զարմանալի է համարել Ասանժի իրավաբանական թիմի ընտրությունը, քանի որ երեք փաստաբաններից ոչ ոք կասկածյալների փոխանակման հարցի մասնագետ չէ: Independent-ը գրում է. «Ռոբերթսոնը բոլորի ճաշակով չէ: Պահպանողականները չեն համակրում նրա լիբերալ մոտեցումները: Կաթոլիկները բազմիցս բախվել են նրա հակապապական հայտարարություններին: 2006 թվականի «Հանցանքներ մարդկության դեմ» գրքում Ռոբերթսոնը խստորեն քննադատում է Ջորջ Բուշի քաղաքականությունն Իրաքում»:
Այնուամենայնիվ, Independent-ի մեկնաբանմամբ` եթե որևէ մեկը կարող է պաշտպանել Ասանժին անօրինական հետապնդումից, դա Ջեֆրի Ռոբերթսոնն է:
Ռոբերթսոնը Հայոց ցեղասպանության հարցով զբաղվել է երկար տարիներ, և 2009 թվականին Բրիտանիայի հայ համայնքի խնդրանքով իրավաբանական կարծիք ու հետազոտություն է հրատարակել ցեղասպանության փաստի մասին:
«Ես ՄԱԿ-ի նախկին դատավոր եմ, ու ես հստակ գնահատական եմ տվել 1915 թվականի դեպքերին. երբ նայում ես եղած փաստերին ու ցեղասպանության բանաձևին, ապա ակնհայտ է դառնում, որ դա ցեղասպանություն էր: Այդ փաստը իրավաբանորեն չի կարող հարցականի տակ դրվել: Որքան ավելի շատ միջազգային իրավաբաններ ապացուցեն, որ իրավաբանորեն դա ցեղասպանություն էր, այնքան քաղաքական ղեկավարներն ավելի քիչ կընդդիմանան ցեղասպանությանը ընդունմանը»,- ասել էր Ջեֆրի Ռոբերթսոնը այս գարնանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment