Wednesday, January 19, 2011

Քաղաքագետ. Ղարաբաղյան հարցում մենք պետք է հույսներս դնենք մեր վրա

News.am. 18-1-2011- Վերլուծելով Հարավային Սուդանի անկախության հանրաքվեն, մենք չպետք է սխալվենք եւ մոլորվենք, քանի որ Աֆրիկան ապագաղութացվում է, եւ այնտեղ ուժերի հավասարակշռություն չի նկատվում, միեւնույն ժամանակ Հայաստանը գտնվում է քաղաքական հավասարակշռության մեջ: Այս մասին հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ հավելելով, որ որքան էլ նման լինի Սուդանի հանրաքվեն ղարաբաղյանին, իրականում իրավիճակը բոլորովին էլ նույնական չէ, եւ չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի համար:
«Պետք է ընդունել իրականությունը, որ այդ օրինակը մեզ համար չէ: Մենք ապրում ենք էթնիկ առումով կոնֆլիկտային գոտում, որ Բալկաններից տարածվում է մինչեւ Չինական մեծ պատ: Դրա հետեւանքը Հայոց ցեղասպանությունն էր Օսմանյան Թուրքիայում: Մենք պետք է հասկանանք, որ մեր հակառակորդը ոչ թե արաբն է, այլ թուրքը՝ իրեն բնորոշ բնավորությամբ եւ real politics սկզբունքից բխող գործողություններով: Հետեւաբար, այդ հարցում մենք մեր հույսը պետք է դնենք միայն մեր վրա՝ չմոռանալով գործընկերային հարաբերությունների մասին»,- ասել է Շիրինյանը:
Նշենք, որ հունվարի 9-ից 15-ը Սուդանում կայացել է երկրի հարավի ինքնորոշման հանրաքվեն: Հարավում ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 80 տոկոս, հյուսիսում՝ 50 տոկոս:

No comments: